Բանակն ազգի ինքնաճանաչման
հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը եւ հայացքը ապագային:
ՀՀ Ազգային հերոս
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Մարդկության քաղաքակրթության անիվը պտտում են խորագետ, կամային եւ հարուստ երեւակայություն ունեցող անհատները: Նրանք լուսավորում են իրենց ժամանակաշրջանը, փոխում պատմության գետերի, ծովերի հուները՝ դրանք վերածելով անսպառ ու չցամաքող օվկիանոսի՝ գիտական ուսումնասիրությունների համար: Եվ երբ նրանք դուրս են գալիս երկրային ժամանակի մեջից ու անմահանում անսահմանի մեջ, շարունակում են՝ արդեն հավերժության արահետներից, ուղղորդել, իրենց ետեւից տանել մարդկային միլիոնավոր քանակներ՝ դարեր շարունակ: Ուսումնասիրելով մեծերի հանճարեղ կյանքը՝ հանդիպում ես պարզ (ոչ թե հասարակ) հիմքերի: Այո, հանճարը եւ գեղեցկությունը պարզի մեջ են: Քաղաքական պատմությունն առանձնացնելով՝ անհրաժեշտ է խոսել մեկ ակնհայտ փաստի մասին: Հաղթել եւ հաղթում են, փայլել ու փայլում են այն պետությունները եւ հասարակությունները, որոնց լիդերները, առաջին հերթին, իրենց կառավարման հիմքում դրել են հզոր բանակի առանցքային գաղափարը, ապա այն վերածվել է քաղաքական մշակույթի, պետական մտածելակերպի, ռազմավարական հայեցակարգի ու ժամանակի մեջ չընդհատվելով՝ քաղաքական գենետիկայի ճանապարհով փոխանցվում է սերնդեսերունդ:
Ռազմական պատմությունը դա ժողովրդի, նրա հայրերի եւ պապերի փառքի կենսագրությունն է, իսկ բացակայությունը՝ դժբախտության պատճառ: Համաշխարհային պատմության մեջ չկտրվող կարմիր թելի պես է անցնում այն փաստը, որ ուժեղ ու ազդեցիկ են այն երկրները, որոնց պետական ինստիտուտում բանակաշինությունը գլխավոր եւ առաջնային նշանակություն ունի: Քանզի տնտեսությունը, ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակությունը կարող են զարգանալ միմիայն պաշտպանված եւ անվտանգ սահմանների ներքո, որի երաշխավորն է մարտունակ բանակը: Այսօր էլ աշխարհաքաղաքական հարթությունում վճռական ձայնի եւ քայլի իրավունք ունեն այն պետությունները, ովքեր տիրապետում են գերհզոր Զինված ուժերի՝ առաջին հերթին: Այդպես եղել է, կա ու կմնա: Իհարկե հարուստ դիվանագիտական զինանոցը, պլյուսով աշխատող տնտեսությունը, դեմոկրատական արժեքների շոշափելի ներկայությունը եւ այլ բաներ բարձր գիտակցության, կատարած աշխատանքի մասին են խոսում, որը հարգանքի է արժանանում բոլորի կողմից: Եվ, ընդհանրապես, երկրի կառավարման համակարգը մեծ օրգանիզմ է, որտեղ ամեն ինչ իրար հետ կապված լինելով՝ ունեն յուր դերն ու նշանակությունը, գերագնահատելու կամ թերագնահատելու խնդիր չկա: Խոսքը առաջնայինի (Զինված ուժեր) եւ մնացյալի մասին է: Պատմականորեն հաղթում են այն երկրները, որոնք ուժեղ բանակի հետ միասին ունեն կռվելու պատրաստ, կազմակերպված բնակչություն, որը հարկ եղած ժամին ոչ թե պառակտվում ու նահանջում է, այլ մոբիլիզացվում՝ վերածվելով ուժային միավորի, դիմադրության գծի, ճակատի: Այս գործողությունը Ազգային-ազատագրական պայքարի եւ Հայրենական պատերազմի հաջողության բանալին է: Ի վերջո, տեղին է հիշենք հայտնի ասույթը. «Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի»: Սա ոչ միանշանակ հարձակողական մարտավարության կոչ է, այլ իր մեջ կրում է այն միտքը, որ քեզ պարտադրված պատերազմը անխուսափելի է, իսկ այն դիմավորել ու հաղթահարել կարելի է, երբ միշտ զգոն ես եւ ուշադիր, երբ խաղաղությունը պահպանելու համար բանակը կատարելագործելով ես զբաղված: Սա է միակ ճանապարհը՝ ուրիշը տրված չէ: Հունվարի 15-ին պաշտպանության նախարարության շենքում ՀՀ Զինված ուժերի Գերագույն Գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը իր ելույթում հնչեցրեց հետեւյալ միտքը. «Այսօր մեր առաջ նոր խնդիր է կանգնած՝ պետական կառավարման ողջ համակարգը համախմբել մեր Զինված ուժերի շուրջ: Խստորեն պահպանելով զինվորականության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ժողովրդական սկզբունքը, մենք պետք է օրինականության շրջանակներում ամրագրենք բանակի ուրույն տեղն ու դերը մեր պետության կյանքում:… Մեր հասարակությունը գրեթե մոռացել է, որ սպան առաջին հերթին մտավորական է: Պետք է հստակ քայլեր ձեռնարկենք այդ համբավը վերականգնելու համար»: ՀՀ նախագահի ելույթը ամբողջությամբ եւ հստակապես վերոգրյալ մասը հատուկ ուշադրության են արժանի, քանզի այդտեղ ուրվագծվում է պետական քաղաքականության ռազմավարության առանցքը: Ինչո՞ւ պետք է բանակը լինի հասարակության լոկոմոտիվը, եւ բոլոր բնագավառների աշխատանքը ուղղվի դեպի նա: Քանի որ ապրում ենք այնպիսի ռեգիոնում, երբ մեզ պատերազմ կարող է պարտադրվել հաշված ժամերի ընթացքում: Քանի որ մեր պաշտպանության ու անվտանգության երաշխավորը բանակն է, որի ընկալումն ու նշանակությունը հավասարազոր է հայրենասիրությանը: Որպեսզի չկրկնվեն պատմության ողբերգական էջերը՝ անպաշտպան բնակչության կոտորածները, տարածքային կորուստները, մազապուրծ (ինչ զզվելի բառ է) տեսարանները, ուրեմն հավաքական առումով բոլորիս աշխատանքի եւ ուշադրության կենտրոնը պետք է լինեն ՀՀ Զինված ուժերը: 1988-ից սկսած Ղարաբաղյան շարժման շուրջ միավորված հայ ժողովրդի պատմականորեն արդար եւ բոլոր օրենքներին համահունչ պահանջին հարկադրվեց պատերազմ: Իրավիճակը սպառնում է դարասկզբի ողբերգության կրկնությամբ: Խորհրդային Միությունը հոգեվարքի մեջ էր, կոմունիստական ռեժիմը կորցնում էր վերահսկողությունը, աշխարհաքաղաքական աղետը անխուսափելի էր: Եվ մենք մնացինք մեր խնդիրների առջեւ միայնակ ու դեմ հանդիման: Թվում էր, թե օրհասական հետեւանքներն անխուսափելի են: Սակայն ի պատիվ Հայաստանի եւ Արցախի լիդերների ողջախոհության, սթափության եւ կամքի ու ժողովրդի հավատքի, միասնության շնորհիվ անհնարինը դարձրեցինք հնարավոր: Ծանրագույն մարտահրավերները հաղթահարեցինք ու հասանք հաղթանակի: Մենք չենք սիրում պատերազմ, բայց մեր հաղթանակները պարտավոր ենք սիրել եւ պահպանել: Քսաներկու տարվա Անկախ Պետականության կենսագրության մեջ ամենագլխավոր ձեռքբերումներն են ազատագրված Արցախը եւ ուժեղ, կայացած Զինված ուժերը: Թշնամին չի հանդգնում պատերազմ սանձազերծել ոչ թե նրա համար, որ ուրիշ տերություններ չեն թողնում, այլ՝ քանի որ գիտի մեր բանակի ուժը: 1994թ. գոյամարտում հասցված հարվածը թարմ է նրա հիշողության մեջ:
Սակայն պատերազմը չի ավարտվել՝ կա ընդամենը զինադադար: Մեր տարածաշրջանը ոչ թե հարյուրամյակներ, այլ հազարամյակներ է եղել, թերեւս, կմնա կիզակետում: Կոնֆլիկտային ռեգիոնում ենք ապրում: Եթե հաշվի առնենք, թե ինչպես է այրվում Մերձավոր Արեւելքը եւ ուր կարող են հասնել նրա բոցերը, ապա վստահորեն կարելի է ասել, որ զգոնությունը կորցնելու իրավունք չունենք: Ինչպես նաեւ մարտունակ եւ չընդհատվող ընթացքով հզորացող ժամանակակից բանակին այլընտրանք չունենք: Բնականաբար, բանակը պետք է լինի քաղաքացիական վերահսկողության ներքո ու գործի օրենքի շրջանակում: Բայց նույն օրենքների շրջանակում պետք է ունենա ծանրակշիռ արտոնությունները եւ հնարավորությունները: Իրավունքի միջոցով ամրագրենք այս դրույթները՝ համապատասխան Զինված ուժերի առաքելության:
Ընտանեկան դաստիարակության, կրթության, մշակույթի (հատկապես կինոարվեստի եւ գրականության) միջոցով հասնենք այն ընկալման հաստատմանը, որ հայրենիքը պահող եւ պաշտպանող բանակի սպան հասարակության ամենահարգված եւ արտոնյալ տեսակն է: Թող սա անխախտ լինի: Քանի որ սրանից է կախված այսօրվա մեր անամպ ներկան եւ ապագայի պաշտպանվածությունը ու անվտանգությունը՝ այսինքն հարատեւումը:
ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀՀԿ ե/կ Քաղաքական հարցերի
հանձնաժողովի նախագահ