Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյան. «Նոր օլիմպիական քառամյա ցիկլն սկսվել է այս տարվանից»

Փետրվար 14,2013 13:49

Հարցազրույց Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ:

– Պարոն Ջուլֆալակյան: Հավաքականի՝ Ֆուտբոլի ակադեմիայում անցկացվող ուսումնամարզական հավաքն ավարտվում է: Ի՞նչ մրցման են նախապատրաստվում ըմբիշները:

– Այս տարի մի շարք կարեւոր միջազգային մրցաշարեր ունենք: Փետրվարի 18-21-ը Թեհրանում կայանալու է աշխարհի գավաթի խաղարկությունը: Հիմա հավաքականը պատրաստվում է դրան, որից մեկ ամիս հետո կլինեն Եվրոպայի առաջնությունը, Համաշխարհային ուսանողական խաղերը՝ հուլիսին, աշխարհի առաջնությունը՝ սեպտեմբերին, Եվրոպայի գավաթի խաղարկությունը՝ նոյեմբերին: Հավաքականը փուլերով անցնելու է ուսումնամարզական հավաքները եւ պլանավորված միջազգային մրցաշարերը:

– Ովքե՞ր են մեկնելու Թեհրան:

– Կազմն արդեն հայտնի է: Աշխարհի գավաթի խաղարկությունը մեկ քաշային կարգում երկու մասնակից հայտավորելու հնարավորություն է տալիս: Իրան կմեկնեն ինը ըմբիշներ. 85 քաշային կարգում՝ Հարություն Հովհաննիսյանը, 60 կգ՝ Ալեքսան Միքայելյանը եւ Նարեկ Խաչատրյանը, 66կգ՝ Տիգրան Թորոսյանը, 74 կգ՝ Ռաֆիկ Մանուկյանը եւ Արշակ Բորանյանը, 84 կգ՝ Հրաչ Հովհաննիսյանը, 96 կգ՝ Սարգիս Տոնոյանը եւ 120 կգ՝ Վաչիկ Մուրադյանը: Այս բոլոր ըմբիշները պատրաստվել են աշխարհի գավաթի խաղարկությանը:

– Եվ պատրա՞ստ են պայքարին:

– Իհարկե: Բայց մեր առաջիկա հիմնական նշանակետը Եվրոպայի առաջնությունն է: Հիմա հավաքականում, եթե կարելի է ասել, միջին մարզավիճակ է: Լիարժեք մարզավիճակ մեզ հարկավոր լինելու է Եվրոպայի առաջնության ժամանակ:

– Հավաքականի կազմում բացակայում են Ռոման Ամոյանի եւ Յուրի Պատրիկեեւի անունները:

– Ամոյանը վատառողջ էր: Բայց հիմա արդեն գալիս է մարզումների: Իսկ Պատրիկեեւը դեռ իր հետագա մարզական կարիերայի հարցում վերջնական որոշում չի կայացրել: Բայց տեղյակ ենք, որ մարզվում է:

– Հավաքականն ինչ-որ խնդիրներ ունի՞:

– Ոչ: Ու արդեն 10 տարի: 2000 թվականին չնչին պրոբլեմներ ունեցել ենք, բայց վերջին 5-10 տարիներին՝ բացարձակ: Հատկապես, երբ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց պարոն Սամվել Կարապետյանը: Ավելին ասեմ. տնտեսապես հարուստ բավականին երկրներ կան, որտեղ ըմբիշները կնախանձեին մեզ:

– Թեհրանում մեր ըմբիշներից ո՞ւմ հետ եք առավել հույսեր կապում:

– Աշխարհի գավաթը թիմային առաջնություն է: Մի մարզիկ կարող է բոլոր գոտեմարտերը հաղթել, բայց ընդհանուր արդյունքը միայն մի հոգու մասնակցությունից չի կախված, այլ ամբողջ թիմի: Այսօր, Յուրի Պատրիկեեւի բացակայությամբ, մենք խնդիր ունենք ծանր քաշային կարգում: Եվ դա մեծ խնդիր է, քանի որ վերջնական փուլը փակում է ծանր քաշայինը, իսկ մենք այդ քաշայինում «կաղում ենք» առանց Յուրայի: Դրա համար պետք է թեթեւ քաշայինները մեկը մյուսին լրացնեն: Բոլոր թիմերում էլ ուժեղ մարզիկներ կան ու նախապես չեմ կարող ասել, թե ինչ կլինի:

– Թեհրանում ո՞ր երկրներն են մեր մասնակիցները:

– Աշխարհի գավաթին մասնակցելու իրավունք ունենում են աշխարհի տասը ուժեղագույն ազգային հավաքականները, որոնց մեջ նաեւ Հայաստանն է: Իսկ մրցակիցներն են՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Կորեան, Իրանը, Բելառուսը, Ղազախստանը, Հունգարիան եւ Բուլղարիան:

ՄԱՐԻԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728