«Առավոտը» «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիրներ կան թարգմանչական ոլորտում: «Ընդհանուր առմամբ՝ հայերենից այլ լեզուներ եւ այլ լեզուներից՝ հայերեն ունենք շուրջ 80 որակյալ թարգմանիչ: Չկան նորվեգերենի, շվեդերենի, ֆիններենի, խորվաթերենի, ճապոներենի, չինարենի եւ շատ այլ լեզուների թարգմանիչներ, էլ չասեմ՝ հայերենից այլ լեզուներով թարգմանիչների բացակայության մասին, մինչդեռ նրանք պետք է ապահովեին համաշխարհային գրականության լավագույն նմուշների թարգմանությունը, որպեսզի Հայաստանում գրական մթնոլորտ ստեղծվի»:
Մեր զրուցակցի համոզմամբ, ընթերցողն արձագանքում է որակյալ գրականությանը. «Ասում ենք, թե չեն կարդում: Ուղղակի պատճառն այն է, որ հայերենով չկա որակյալ գրականություն: Եթե այն լինի, ընթերցողն անմիջապես կհայտնվի: Մյուս կողմից՝ հայ գրականության լավագույն ստեղծագործությունները պետք է հասու լինեն տարբեր լեզուների տիրապետող համաշխարհային ընթերցողին»: Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ արդեն երկու տարի գործում է Հայ գրականության զարգացման եւ տարածման հիմնադրամ, որն արդեն թարգմանել է ութ գիրք. «Հիմնադրամն աջակցում է հայ գրականության լավագույն գործերի թարգմանությանը եւ այլ լեզուներով հրատարակմանը: Հիմնադրամը, որի աշխատանքներին աջակցում է մշակույթի նախարարությունը, չի իրականացնում տպագրական ծախսեր, բայց վճարում է օտարերկրյա հրատարակչին, որպեսզի վերջինս կամ հեղինակային իրավունք ձեռք բերի, կամ վճարի թարգմանչին: Նման հիմնադրամներ կան գրեթե բոլոր զարգացած պետություններում, իսկ Հայաստանում գործողին պետք է պարզապես ուժ եւ թափ տալ»:
Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ առկա է թարգմանիչների սերնդափոխության խնդիր. «Թարգմանության ոլորտում Հայաստանում երբեք չի եղել «շկոլա» հասկացությունը: Չունենք թարգմանչաց դպրոց, թարգմանիչներն էլ իրար հետ չեն շփվում՝ չապահովելով սերնդափոխություն»:
Լ. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ