Լրահոս
Օրվա լրահոսը

Գիրք չկարդալը հավասարազոր է գիրքն այրելուն

Փետրվար 14,2013 13:39

Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը Բրոդսկու խոսքերն է հիշեցնում նախագահի թեկնածուներին

Հետեւելով նախագահական քարոզարշավին, տեսնում ենք, որ թեկնածուները իրենց խոսքում հաճախ են անդրադառնում կամ հղում անում գրողներին: Վերջին շրջանում մշտապես հոլովվում է, թե մեզանում խիստ նվազել է հետաքրքրությունը գրքի, ընթերցանության նկատմամբ, սական դրա հետ համամիտ չէ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:

«Առավոտի» հետ զրույցում տիկին Կարապետյանը նշելով, թե յուրաքանչյուր գրագետ մարդ, իսկ իր համոզմամբ՝ ՀՀ նախագահի թեկնածուները գրագետ են ու կարդացած, հրաշալի գիտակցում է, որ իրենց կայացման գործում իբրեւ անհատականություն, կարեւոր դեր է կատարել ու կատարում գիրքն ու ընթերցանության մշակույթը, ասաց. «ԱԺ պատգամավորներ, տարբեր նախարարությունների աշխատակիցներ այցելում են մեր գրադարան, տեղեկատվություն ստանում, հաճախ էլ իրենց խնդրանքով այն տրամադրում ենք էլեկտրոնային տարբերակով»: Մեր զրուցակիցը դեմ է, իր խոսքերով՝ շահարկվող այն մտքին, թե գրքի հանդեպ հայերիս ուշադրությունը համարյա զրոյացած է: «Օրինակ, մեր գրադարանն այսօր ունի 36227 ընթերցող, ինչը 1122-ով արդեն գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը: Օրական 900-1000 այցելու ենք ունենում: Սա մեկ գրադարանի օրինակով: Մի՞թե այս թվերը խոսում են գրքի նկատմամբ ուշադրության պակասի մասին: Ուրիշ խնդիր է, որ Հայաստանում քիչ են բարեկարգ եւ ժամանակակից գրադարանների տիպային շենքերը, որոնք եւս կնպաստեին ընթեցողների թվի ավելացմանը: Կարծում եմ, որ նոր նախագահը ուշադրություն պետք է դարձնի այս հարցին: Ասեմ նաեւ, որ վերջին շրջանում, իհարկե՝ որոշ մարզերում, գրադարանների շենքեր են վերանորոգվում եւ ծրագիր մշակվում՝ գրադարանը ժամանակակից տեխնոլոգիաներով ու գրականությամբ համալրելու ուղղությամբ»,- հայտնեց տիկին Կարապետյանը: Հետաքրքրությանը, թե կոնկրետ իր տնօրինությամբ գործող գրադարանն ու նրա 7 մասնաճյուղերն անցյալ տարի ի՞նչ քանակով են նոր գրքերով համալրվել, Հասմիկ Կարապետյանն ասաց, որ Իսահակյանի անվան գրադարանի ֆոնդը 2012թ. ստացել է 7171 նոր գրականություն: Այս տարվա սկզբից գրադարանն անցել է ընթերցողների էլեկտրոնային սպասարկման եւ 24 ժամ թվայնացված ֆոնդերը գտնվում են ընթերցողի տրամադրության տակ: Վերջիններս էլ օրվա ցանկացած ժամին կարող են կարդալ թվայնացված գրականություն՝ հիմնականում հայ դասական ու ժամանակակից հեղինակների: Իսկ մինչեւ 2013թ. ավարտը գրադարանի 7 մասնաճյուղերը եւս կմիանան ցանցին:

Հետաքրքրությանը, թե ի՞նչ նոր ծառայություններ է պատրաստում գրադարանն իր ընթերցողներին, տնօրենը հիշեցնելով իրենց մոտ պարբերաբար անցկացվող օտար լեզուների անվճար ուսուցման դասընթացների, թատերական, գրական խմբակների, ֆեյսբուքյան էջի եւ այլնի մասին, պատասխանեց. «Գարնանից կգործի «Գիրք-կինոակումբը»: Օգտագործելով ժամանակակից եւ ավանդական միջոցները, գրականության սպասարկման ոլորտում գրադարանն իր ծառայություններով նպաստում է կրթական գործընթացներին, հասարակայնության գեղագիտական եւ ազգային դաստիարակությանը: Գրադարանի համակարգում կա 2 գրախանութ, մինչեւ տարեվերջ կբացվի եւս երկուսը: Երեւանը կունենա «Իսահակյան» գրախանութների ցանց»,- հավելեց տիկին Կարապետյանը:

Զրույցի ավարտին, հավանաբար հիշելով, որ ՀՀ նախագահի թեկնածուները մեջբերումներ են անում գրողներից, մի մեջբերում էլ Հասմիկ Կարապետյանը Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկու «Նոբելյան ընթերցումներ» աշխատությունից արեց. «Գիրք չկարդալն ու ընթերցանությունն արհամարհելը հավասարազոր է գիրքն այրելուն: Նման կերպ ապրող մարդը պատասխան է տալիս իր ճակատագրով: Իսկ եթե այդ մեղքը գործում է ազգը, ապա պատասխան է տալիս իր պատմությամբ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728