Լրահոս
Օրվա լրահոսը

Մնացը ոտքի վրա էր մնացել

Փետրվար 14,2013 13:37

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը շարունակելու է նախընտրական քարոզարշավը Արագածոտնի մարզում՝ այցելելով Ապարան, ապա եւ հանդիպելով Աշտարակի ընտրողների հետ: Մինչ այս, փետրվարի 9-ին Շիրակի մարզ մեկնելիս, նա եղել էր նաեւ Թալինի տարածաշրջանում. Թաթուլ գյուղում հարգանքի տուրք էր մատուցել ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ ազատամարտիկներ Սամվել Կարապետյանի, Հարություն (Արթուր) Բաղդասարյանի հիշատակին, երկխոսություն ունեցել եզդիաբնակ մի շարք համայնքների ընտրողների հետ, Թալինում էլ դահլիճային պայմաններում հանդիպել էր քաղաքի ընտրողներին:

Դահլիճն իսկապես լեփ-լեցուն էր, բայց դրանով հանդերձ, առաջին շարքում տեղեր էին հատկացվել նախագահի թեկնածուի ուղեկիցներին: Վերջիններիս թվում էր եւ թալինյան թիվ 15 ընտրատարածքի ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանը, ով բոլորի ուշադրությանն արժանացավ… ոտքի վրա մնալով, այս ու այնտեղ տեղ փնտրելով: Այլայլված, շփոթահար վիճակում պարոն Մնացականյանն ակամա հայտնվել էր հանդիպումը խանգարողի դերում (Սերժ Սարգսյանն արդեն ողջունում էր ընտրողներին): Նրան կարծես ոչինչ չէր մնում անել, քան թողնել դահլիճը: Եվ հենց այդ պահին դարձյալ հայտնվեց նրա փրկիչը՝ ՀՀԿ Արագածոտնի մարզային խորհրդի նախագահ, մարզպետ  Սարգիս Սահակյանը, ում հորդորով ու բացահայտ մատնացույցից հետո միայն առաջին շարքի շարքային ընտրող մի թալինցի աթոռը զիջեց Մ. Մնացականյանին: Զիջեց, բայց հետն էլ քչերին լսելի  նեղսրտեց մարզպետից. «Քեզ լսեցինք, պատգամավոր էլ ընտրեցինք Մնացին, ի՜նչ հասկացանք…»:

Չես առարկի այս ընտրողին, քանզի ոչ միայն նա, այլեւ շատ թալինցիներ, մանավանդ թիվ 15 ընտրատարածքի մնացած 61 համայնքների ընտրողները հենց Սարգիս Սահակյանին լսելով ձայն տվեցին Մնացական Մնացականյանին, ու վերջինս դարձավ պատգամավոր: Բայց երբ հերթը հասավ Մնացականյանից այլեւս թափուր  մնացած քաղաքապետի աթոռի համար արտահերթ ընտրությանը (2012թ. օգոստոս), նորընտիր պատգամավորը ընդվզեց հարազատ ՀՀԿ-ի եւ նրա կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Սարգիս Արամյանի դեմ՝ փորձելով սեփական թեկնածուին՝ իր երբեմնի տեղակալ, անկուսակցական Վորոշ Խաչատրյանին քաղաքագլուխ դարձնել: Այդպես Մնացականյանը ձգտում ուներ հեռակա կարգով շարունակել քաղաքի կառավարումը՝ հեռուն տանող այլ նպատակներ ունենալով հանդերձ: Դա, իհարկե, նրան չհաջողվեց, բայց դրանից ծայր առավ, մեղմ ասած՝ տարաձայնություն  ՀՀԿ-ական պատգամավորի եւ… ՀՀԿ-ի միջեւ, մասնավորապես՝ կուսակցության մարզային խորհրդի նախագահ եւ մարզպետ Սարգիս Սահակյանի միջեւ…

Ամիսներ ձգված եւ հակամարտության հասած այդ տարաձայնությունը միգուցե մեղմանալու միտում ձեռք բերի մարզպետի՝  փետրվարի 9-ի քայլով, որը կարելի է ե՛ւ ներողամտություն համարել, ե՛ւ մեծահոգության արտահայտություն: Իսկ Մնացական Մնացականյանը վերստին համոզվեց, որ իրեն բաժին հասած պատգամավորական մանդատը ՀՀԿ-ի շնորհն է: Չէ՞ որ իրեն՝ ուղիղ 10 տարի քաղաքապետի աթոռը զբաղեցրածին, իր հայրենի քաղաքում մի աթոռն էլ են խնայում:

ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728