Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանները զինվորներին անմեղ են ճանաչել

Փետրվար 14,2013 13:33

Նրանք ընդամենը հրաժարվել էին իրենց պետերի  կոնկրետ հրամանը կատարելուց

ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է Լոռու կայազորի զինվորական դատախազության բողոքը` անփոփող թողնելով հօգուտ զինվորական ծառայության առանձին պարտականություններից հրաժարվելու մեջ մեղադրվող շարքայիններ Արման Գեւորգյանի եւ Աբգար Չախոյանի նկատմամբ Լոռու մարզի առաջին ատյանի, ինչպես նաեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կայացրած դատական ակտերը: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, արդարացման դատավճիռ էր կայացրել զինվորական ծառայության առանձին պարտականություններից հրաժարվելու մեջ մեղադրվող շարքայիններ Արման Գեւորգյանի եւ Աբգար Չախոյանի նկատմամբ: Մեղադրողը կայացված վճռի դեմ բողոք էր բերել վերաքննիչ դատարան, այնուհետեւ մերժում ստանալով՝ դիմել էր հաջորդ ատյան: Համաձայն մեղադրական եզրակացության` իրենց նկատմամբ պետ հանդիսացող վաշտի ավագ, շարքային Մ. Ա.-ից օրինական եւ սահմանված կարգով հրաման ստանալով մաքրել վաշտի զորանոցի տարածքը՝ տղաները միասին հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները, որն էլ զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ: Այնուհետեւ նրանք նաեւ հրաժարվել են իրենց պետի, գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Ա. Վ.-ի՝ մաքրություն կատարելու պահանջներից: Վերոնշյալ արարքի համար Գեւորգյանի եւ Չախոյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել եւ որպես խափանման միջոց ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

Նրանց պաշտպաններ Հովսեփ Հովսեփյանն (լուսանկարում) ու Լեւոն Գոգինյանը նշում են, որ հենց սկզբից էլ առաջադրված մեղադրանքն անհիմն էր ու ենթակա էր մերժման: Պաշտպանները պնդում են, որ զորամասի հրամանատարությունը, համաձայն իրենց կանոնադրության, ընդամենը կարգապահական պատասխանատվության պիտի ենթարկեր տղաներին: «Հրամանը եղել է օրինական, սակայն կոնկրետ հրամանը չկատարելը տվյալ զինծառայողների կողմից ոչ թե քրեորեն պատժելի արարք պետք էր դիտարկել, այլ պետք է դիտարկվեր որպես կարգապահական զանցանք»,- ասում է Արման Գեւորգյանի պաշտպան Հովսեփ Հովսեփյանը: Նա նշում է, որ նախաքննական մարմինը չէր անդրադարձել այն հարցին, թե արդյո՞ք ամբաստանյալների արարքը կարգապահական զանցանք չէ՝ բացատրելով, որ տղաների արարքը որակելով որպես զինվորական հանցագործություն՝ նախաքննական մարմինը նրանց արարքին տվել էր սխալ քրեաիրավական գնահատական: «Տղաները որեւէ կոնկրետ պարտականությունների կատարում ստանձնած չեն եղել, չեն եղել նաեւ վերակարգում, հերթական հավաքարարների ցուցակում, հետեւաբար՝ չէին կարող հրաժարվել զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից: Նրանք եղել են ազատ զինծառայողներ եւ իրենց պետերի կողմից կոնկրետ հրաման ստանալով՝ մաքրել զորանոցի տարածքը, ընդամենը հրաժարվել էին այդ կոնկրետ հրամանը կատարելուց»,- ասում է Հովսեփ Հովսեփյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728