Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատարանն առանց պատասխանողի չլսեց փախստականի հարցը

Փետրվար 14,2013 13:30

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն, անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, սակայն փախստական Վազգեն Ղազարյանի դեպքում օրենքն այդ կերպ չի մեկնաբանվել, եւ դադարեցվել է նրա փախստականի կարգավիճակը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հիմնավորելով, թե 2004 թվականին «Փախստականների մասին» ՀՀ օրենքը խմբագրվել է եւ փոփոխություններ են տեղի ունեցել, ըստ որի՝ այն փախստական երեխաները, որոնց ծնողները ձեռք են բերում քաղաքացիություն, դադարում են ճանաչվել որպես փախստականներ: Օրենքը տարածվել է Հայաստանում գտնվող մինչեւ 27 տարեկան երիտասարդ փախստականների վրա, որոնցից մեկն էլ Վազգենն է:

Նրա հայրը 11.12.1995թ. ստացել է ՀՀ քաղաքացու AA0275495 սերիայի անձնագիր, որն էլ հիմք է հանդիսացել երկար տարիներ հետո տղայի փախստականի կարգավիճակը դադարեցնելուն: Նշենք նաեւ, որ Վազգենը միակողմանի ծնողազուրկ է, մայրը մահացել է: Այն պահին, երբ Վազգենը ձեռք էր բերել փախստականի վկայական, թերեւս փոփոխություններ ու լրացումներ չկային «Փախստականների մասին» ՀՀ օրենքում: Դա 2003 թվականն էր, երբ Վազգենը ձեռք բերեց փախստականի վկայական, իսկ դրանից հետո «Փախստականների մասին» ՀՀ օրենքը խմբագրվեց, որն էլ իր հերթին հետադարձ ուժ ունեցավ Վազգենի կարգավիճակի վրա: Ի դեպ, «Փախստականների մասին» ՀՀ օրենքում նշվում է, որ «Այն փախստական երեխաները, որոնց ծնողները ձեռք են բերում ՀՀ քաղաքացիություն, ապա փախստական երեխաները դադարում են ճանաչվել որպես փախստականներ»:

«Իմ հայրը քաղաքացիություն էր ձեռք բերել 1995 թվականին, որից հետո ես 2003 թվականին ստացել եմ փախստականի վկայական: Ավելի ուշ՝ ՄՊԾ-ի մեջբերած օրենքի խմբագրումից հետո անգամ ստացել եմ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, եւ եթե օրենքը 2004 թվականին փոխվել էր, ապա ինչպե՞ս էին մինչեւ 2012 թվականն ինձ տրամադրում անձնագիր, ո՞ր օրենքով»,- անհանգստանում է Վազգենը:

Այդ հարցի հետ կապված՝ օրերս վարչական դատարանում Ռուսլան Բաբայանի փախստականի կարգավիճակի գործով վճռում դատավոր Արման Թովմասյանը նշել է. «Մասնավորապես, «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի ուժով փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար հիմք են՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված լինելը եւ փախստականների հարցերով զբաղվող պետական մարմնում որպես փախստական հաշվառված լինելը»: Վազգենի մոտ առկա են եղել այդ հիմքերը, սակայն, երբ նրա հայրը ձեռք էր բերել ՀՀ քաղաքացիություն, նրա 18 տարին լրացած չի եղել, ինչն էլ պատճառ է եղել կարգավիճակը դադարեցնելուն:

Չնայած նրան, որ ՄՊԾ-ն օգտվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասից, համաձայն որի` հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին միջնորդելու գործն իր բացակայությամբ եւ ներկայացված նյութերի հիման վրա քննելու, այդուամենայնիվ, Վազգենի հայցի գործով դատական նիստը չի կայացել, քանի որ հայցվոր Վազգենի՝ դատարանում որպես ներկայացուցիչ Աշխեն Եսայանը միջնորդել է, որ առանց պատասխանող կողմի ներկայության դատական նիստ չկայանա, մեկնաբանելով, թե կան հարցեր, որոնց պարզաբանումները պետք է արվի առերես:

Դատարանը կպարտավորեցնի ՄՊԾ-ին ապահովել որպես պատասխանող կողմ՝ ներկայացուցիչով:

Վազգենը խնդրում է, որ վերականգնվի իր՝ փախստականի կարգավիճակը, առանց որի իրավաբանորեն գոյություն ունենալ չի կարող:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728