Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 31 անդամից բաղկացած պատվիրակությունը` նորվեգացի պատգամավոր Կարին Ուոլդսեթի գլխավորությամբ, փետրվարի 16-ից 19-ը կայցելի Հայաստան` փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով: Դիտորդական առաքելությունն իրականացվելու է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդների հետ համատեղ:
Ինչպես նշված է ԵԽ-ի Վենետիկի հանձնաժողովի կայքէջի հաղորդագրության մեջ, ԵԽԽՎ-ի խնդրանքով հանձնաժողովը, փետրվարի 18-ի ընտրությունների դիտարկման շրջանակներում, ապահովում է իրավական օգնություն:
ԵԽԽՎ պատվիրակությունը մինչև քվեարկության օրը նախատեսում է հանդիպել ՀՀ նախագահի թեկնածուների կամ նրանց ներկայացուցիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: