Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ապօրինի մանկապարտեզն իսկապես գործել է

Փետրվար 14,2013 13:19

«Առավոտն» իր  «Առանց լիցենզիայի մանկապարտեզ է գործում» հրապարակմամբ անդրադարձել էր Արագածոտնի մարզի Սադոնց գյուղում ապօրինի գործող մանկապարտեզի գործունեությանը: Նյութում, մասնավորապես, նշել էինք, որ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը ստացել էր մի տեսանյութ, որտեղ ոմն Նարինե Խաչատրյան պատմում է, թե ինչպես են Արագածոտնի մարզի Սադոնց գյուղում հիմնադրել մանկապարտեզ՝ եզդի երեխաների համար: Նպատակը, ինչպես տեսանյութում հայտարարել էր Ն. Խաչատրյանը, եզդիներին կրոնափոխ անելն էր եւ բերել դեպի քրիստոնեություն:

«Առավոտ»-ի հրապարակումը հիմք ընդունելով՝ փետրվարի 12-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տեսուչներ Արմեն Գեւորգյանը եւ Թեհմինե Կարախանյանը նախարարի հանձնարարականով եղել են Սադոնց գյուղում: Տեղեկացանք, որ տեսուչների հետ գյուղ են այցելել նաեւ «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ ներկայացուցիչներ: Տեսուչներն այցելեցին այն տունը, որտեղ կրոնական միջոցառումներ են տեղի ունենում: «Ավետարանական հավատքի քրիստոնյաներ» կրոնական կառույցի ներկայացուցիչ Բորիս Շամոյանը նշել է, որ իրականում մանկապարտեզ չի գործել. «Ուղղակի կիրակի օրերին, երբ կրոնական միջոցառմանը մասնակցելու են եկել ծնողները, իրենց հետ այնտեղ են տարել նաեւ իրենց երեխաներին»: Գյուղապետ Էդիկ Սադունյանի վստահեցմամբ՝ այդ կառույցը կոչվել է մանկապարտեզ, սակայն մանկապարտեզ չի եղել: Սակայն ԿԳՆ տեսուչներն այլ բան են պարզել՝ այցելելով գյուղի բնակիչներից մեկի տուն: Նարինե Բրոյանը, որը երեք երեխաների մայր է, տեղեկացրել է, որ ինքն իր երեխային մեկ տարի առաջ տարել է այն մանկապարտեզը, որի գոյությունը հերքում էին գյուղապետն ու Բորիս Շամոյանը: Նա նաեւ մանրամասնել է, որ իր երեխան մանկապարտեզ հաճախել է ամեն աշխատանքային օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը:

«Տեսուչների եւ Նարինե Բրոյանի խոսակցությունը փորձում էր խանգարել կրոնական կազմակերպության ներկայացուցիչներից մեկը, ով տեսուչ Արմեն Գեւորգյանի խնդրանքով դուրս եկավ սենյակից: Նարինե Բրոյանի խոսքերը եւ «Ավետարանական համայնքի քրիստոնյաներ» կազմակերպության ներկայացուցչի պահվածքը թույլ են տալիս ասելու, որ մանկապարտեզը, եթե ոչ այցելության օրը՝ համենայնդեպս, գործել է: Մենք մի շատ հետաքրքիր հանգամանք արձանագրեցինք, որ գյուղացիները ինչ-որ բանից կաշկանդված էին եւ չէին ցանկանում հստակ բարձրաձայնել կատարվող դեպքերի մասին»,- մեզ հետ զրույցում ասաց «Սինջար» կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանը:

ՍԻՐՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728