Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Շահբազյանը հեռակա սպառնալիքներ էր ստացել «Առավոտում» բացահայտումներից հետո

Փետրվար 14,2013 13:16

«Եթե ոմանց թվում է, թե մնալով ստվերում՝ կարող են իրադարձությունների վրա ազդեցություն ունենալ, եւ անգամ օվկիանոսից այն կողմ՝ խորապես սխալվում են»,- ասում է Հայաստանի կառավարության նախկին անդամը, որն այժմ բնակվում է ԱՄՆ-ում: 

Ճիշտ երկու տարի առաջ «Առավոտում» հրապարակվեցին Հայաստանում նախկինում տարբեր նախարարություններ գլխավորած, իսկ այժմ ԱՄՆ-ում բնակվող Գագիկ Շահբազյանի հարցազրույցները, որը երկարամյա լռությունից հետո ցանկություն էր հայտնել պատմել իրականությունը մի շարք առանցքային իրադարձությունների մասին, որոնք առնչվում են Հայաստանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակին:

Հիշեցնենք, որ Գագիկ Շահբազյանը 1992-ին ղեկավարել է Հայաստանի պատվիրակությունը՝ Թուրքիայի հետ հաղորդակցական ուղիները վերաբացելու եւ ցորենի ներմուծման շուրջ բանակցելու համար: Բացի այդ՝ պրն Շահբազյանը եղել է հայ-ռուսական ռազմաքաղաքական հանձնախմբի համանախագահը եւ նախապատրաստել Հայ-ռուսական մեծ պայմանագիրը, որը ստորագրվեց 1997 թվականին: Հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահն էր մինչեւ 2000 թվականը: Նաեւ ղեկավարել է Եվրամիության հետ համագործակցության հանձնաժողովը: Վազգեն Սարգսյանի վարչապետ նշանակվելուց հետո Գագիկ Շահբազյանը նախապատրաստել է նրա այցը ԱՄՆ եւ մասնակցել բոլոր հանդիպումներին՝ ներառյալ ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորի հետ: Վարչապետ Արմեն Սարգսյանի բացակայության շրջանում՝ շուրջ 4 ամիս, փաստացի կատարել է կառավարության ղեկավարի պարտականությունները: Վրաց-աբխազական հակամարտության շրջանում ղեկավարել է հայ-վրացական հանձնաժողովը եւ զբաղվել այն խնդրով, որ Հայաստան բեռների առաքման հարցերում չլինեն խափանումներ:

Նրա հարցազրույցներն էին «Քոչարյանի շնորհիվ ձեւակերպվեց Հայաստանի պարտքի մի մասը ՌԴ-ին», «Հոկտեմբերի 27-ից հետո ՀՀ նախագահը երաշխիքներ էր խնդրում», «Թե ինչպես վերաբացվեց Թուրքիայի հետ երկաթուղին», «Հայաստանը ստիպված էր կառույցների պահպանություն իրականացնել Վրաստանում»: Այդ հարցազրույցներից յուրաքանչյուրը բավական աղմկահարույց էր՝ մասնավորապես արձագանքել էին եւ Ռոբերտ Քոչարյանի խոսնակը, եւ նախկին վարչապետները:

Սակայն պրն Շահբազյանը անակնկալ դադարեցրեց բացահայտումները: Պատճառների մասին նա պատմեց միայն այժմ. «Հրապարակումներից հետո եղան շատ հեռախոսազանգեր ու էլեկտրոնային նամակներ, որոնցում ծանոթներս տարբեր տեսակետներ էին հայտնում՝ անտարբերությունից մինչեւ լիակատար ու անկեղծ հավանություն: Եվ քանի որ սոցիալական ցանցերից՝ «Ֆեյսբուք», «Թվիթեր» եւ այլն, գերադասում եմ կենդանի շփումը, այդ տեսակետներն ինձ համար շատ կարեւոր էին: Այդ բոլոր կարծիքները համարում եմ բնական եւ ընդունելի: Դրա հետ մեկտեղ՝ շփումներ եղան տարբեր շահագրգիռ խմբերի ներկայացուցիչների հետ: Չեմ կարող դրանց կուսակցություններ անվանել՝ իրոք շահագրգիռ խմբեր էին: Նրանք հետաքրքրված էին այն փաստերով, որոնք արծարծվում էին հարցազրույցներում: Քանի որ մինչ այդ մանրամասն ներկայացրել էի իմ հարցազրույցների նպատակը՝ չէի ցանկանում, որ դրանք օգտագործվեին որոշ մարդկանց կողմից՝ քաղաքական խաղերի կամ ինչ-ինչ միավորների ձեռք բերման համար: Ուստի որոշեցի դադարեցնել ու այդ թեմաների արծարծմամբ առաջադրված նպատակին հասնել ավելի հարմար ժամանակահատվածում»:

Նախկին նախարարը նաեւ բացատրեց, թե ինչու այժմ ընդհատեց լռությունը. «Ուզում եմ վերոհիշյալ շփումներից առանձնացնել մեկը: Հայաստանի ազդեցիկ գործիչներից մեկը հանդիպել էր իմ ընկերներից մեկի հետ եւ ասել, թե ինչո՞ւ եմ ես խոսում Քոչարյանի մասին: Թե, իբր, պետք չէ դա անել՝ ի վերջո, ընտանիք ունեմ: Այ, սա ինձ համար անընդունելի է: Այո, ընտանիք ունեմ, եւ քանի որ ծնվել ու մեծացել եմ Երեւանում եւ ունեմ բազմաթիվ ընկերներ ու բարին կամեցողներ, որոնց առջեւ կրում եմ բարոյական պատասխանատվություն, ապա թույլ չեմ տա, որ ինչ-որ անմակարդակ անձնավորություն փորձի սպառնալ ինձ եւ փոխել իմ ծրագրերը: Եթե ոմանց թվում է, թե մնալով ստվերում՝ կարող են իրադարձությունների վրա ազդեցություն ունենալ, եւ անգամ օվկիանոսից այն կողմ՝ խորապես սխալվում են: Ուստի հայտարարում եմ, որ պետք չէ փորձել սպառնալիքների լեզվով խոսել ինձ հետ ու տարածել զանազան պարզունակ ասեկոսեներ: Ավելի լավ կլիներ պատրաստվել պատասխան տալ արեւմտյան դատարանների առջեւ»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ապագայի մասին հրապարակվող վերլուծություններին՝ Գագիկ Շահբազյանն ասաց, որ դրանք իրեն զարմացնում են. «Քաղաքագետները եւ վերլուծաբանները քննարկում են ակտիվ քաղաքականություն վերադառնալու նրա պայմանները: Իսկ ինձ թվում է, որ միակ թեման, որ արժե քննարկել այդ անձնավորության առնչությամբ՝ այն է, թե ինչ պատժի է նա արժանի իր կատարածի համար: Եվ այդ բոլոր խոսակցությունները, թե նա ունի Ռուսաստանի ու մասնավորապես Պուտինի աջակցությունը, ինձ փուչ են թվում: Դրանք, իմ կարծիքով, «բադիկներ» են, որոնց բաց են թողնում մամուլ՝ իրավիճակը «զոնդաժի» ենթարկելու համար: Իրականությունն այլ է: Ի տարբերություն նրա՝ Վլադիմիր Պուտինն օգտագործում է իր հնարավորություններն ու քաղաքական ազդեցությունը հօգուտ իր երկրի բարօրության, քանի որ իր ապագան տեսնում է միայն Ռուսաստանում, իսկ Ռոբերտ Քոչարյանը չի տեսնում Հայաստանում: Նման մարդիկ չեն կարող լինել համախոհներ»:

Մեր հարցին, թե ասվածը նշանակո՞ւմ է, որ ինքը կշարունակի բացահայտումները, Գագիկ Շահբազյանը պատասխանեց. «Այո, անպայման: Ես մտադիր եմ շարունակել, բայց ինչպես արդեն ասացի՝ ուզում եմ դրանք շարունակել այն ժամանակ, երբ այդ հրապարակումները կծառայեն իրենց նպատակին: Ու չեմ ուզում, որ դրանք քաղաքական միավորներ վաստակելու հնարավորություն տան որոշակի խմբավորումների կամ անձանց: Եվ քանի որ այն, ինչ պատմելու եմ, չունի վաղեմության ժամկետ, կարծում եմ, որ այդ ամենը կասվի այն ժամանակ, երբ իրոք այդ տեղեկատվությունը կծառայի իր նպատակին»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728