Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները պահանջում են 26 դոլարով հանձնել ոչ թե Սյունիքի 1 հա արոտավայրերը, այլ կառավարության շենքը

Փետրվար 14,2013 13:05

Cuyc_3 Cuyc_2 Cuyc_4

Այսօր կառավարության շենքի առջեւ մեծ աղմուկ ու խառնաշփոթ էր, սուլոցներ: Իրար էին խառնվել մի քանի խումբ ցուցարարներ՝ Սարի թաղի սողանքից տուժածները, Հյուսիսային պողոտայի իրացված տարածքների բնակիչների, Սյունիքի մարզի արոտավայրերի պայմանագրի դեմ բողոքողները, սպանված զինծառայողների ծնողները: Ցուցարարները նայում էին կառավարության շենքին ու բղավում՝ «գողե՜ր, ավազակնե՜ր: Սե՛րժ, քեզ չե՛նք ընտրելու: Վարչապե՛տ, իջի պատասխա՛ն տուր»:

Նրանց նյարդայնացնելու էր եկել ՀՀԿ-ի տատիկը՝ տիկին Սուսաննան, որը Հանրապետականի շարֆը վզին նորից գովաբանում էր Սերժ Սարգսյանի իշխանությունն ու ասում, որ ամսի 18-ին Սերժ Ազատիչն ընտրվելո՛ւ է: Ցուցարարներն իրենց դարդ ու ցավը թողած՝ քիչ էր մնում տատիկին կտոր-կտոր անեին՝ էլ «քաֆթառ շուն», «5000 դրամանոց աղբ», «ստրուկ» գոռալով:

Սյունիքի մարզի արոտավայրերի օգտագործման հետ կապված պայմանագրի դեմ բողոքի ակցիան կազմակերպել էր «Հայազն» կուսակցությունը:

Կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց իրենց պահանջը. «Պահանջում ենք վիժեցնել այդ գործարքը, որով 50.000 հա արոտավայրերը պետք է հանձնեն Արեւելյան Ատրպատական նահանգի ոչխարաբույծներին: Մենք ծանոթ ենք պայմանագրին, այն իսկապես գոյություն ունի: Նամակ ենք գրել Իրանի դեսպանին եւ պատասխան նամակում հաստատում է դրա գոյությունը: Պարզապես ասվում է, որ դեռ վերջնականապես ստորագրված չէ: Փաստ է, որ այն կա հրապարակային շրջանառության մեջ: Փաստ են նաեւ պայմանները, որ ոչխարաբույծները գալու են այնտեղից: Բնականաբար, նրանք իրավունք ունեն ընտանիքներով գալ, որովհետեւ մշտապես մնալու են այդ տարածքում: Ցանկացած զանգվածային ոչխարաբուծություն Հայաստանի համար շատ վտանգավոր է: Թեկուզ եթե դա չլիներ Ատրպատականի հետ կապված, դա մերժելի է: Մեր ուղին խոշոր եղջերավոր անասունները պահելն է, որովհետեւ ոչխարաբուծությունն այնպես է սպառում բնական կերի այդ տարածքը, որ ընդամենը 10-20 տարի հետո դա պետք է տարածել հարեւան շրջանի վրա, ինչը հիմա կատարվում է Արեւելյան Ատրպատականում: Նրանց հիմա նոր արոտավայրեր են պետք, որովհետեւ իրենց արոտավայրերը սպառված են: Բնապահանական տեսակետից բոլոր տարբերակներով դա ընդունելի չէ»:

Ըստ ցուցարարների, բացի բնապահպանական կողմից կա նաեւ անվտանգության խնդիր. «Ցանկացած օտարների օջախ Սյունիքի նման ռազավարական վայրում անընդունելի է: Մեր նորագույն պատմությունը դա ցույց է տալիս: Մենք գտնում ենք, որ անպատասխանատվության առավելագույն աստիճանի պետք է հասնել ժողովրդի, հայրենի բնության նկատմամբ, որպեսզի այդպիսի քայլերի գնան: Մեղավորները, որոնք մասնակցել են բանակցությունների, պետք է պատժվեն»:

Նշենք, որ հայկական կողմից բանակցությունները վարել է Սյունիքի մարզպետարանը՝ Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ: Հիմա կառավարությունը պիտի հաստատի այդ պայմանագիրը:

«Հայազն» կուսակցության անդամները կառավարությանը հանձնեցին իրենց դիմում-բողոքը: Կառավարությունը, արձագանքելով միության անդամներին, այս ընթացքում հանգստացրել է, թե վերջնականապես չենք ստորագրել. «Այսինքն, իրենք իրենց իրավունք են վերապահում մեզ փաստի առաջ կանգնեցնել: Կան մի շարք դեպքեր, երբ եղել են մի քանի սցենարներ եւ մեր անտաղանդ կառավարությունն ընտրել է միշտ ամենավատը: Բնականաբար, եթե այդ փաստաթուղթը շրջանառության մեջ է, ապա կընտրվի հնարավորներից ամենավատ տարբերակը: Մեզ համար անընդունելի է, երբ շահույթը ազգային շահից եւ բնությունից կարեւոր է»:

Մեր հարցին, թե որքա՞ն եկամուտ է բերելու այդ գործարքը՝ Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց. «26 դոլար՝ 1 հեկտարի համար: Ես իրենց առաջարկում եմ այդ գնի դիմաց տալ այս կառավարության շենքի տարածքը, որը մեկ հեկտարից փոքր է: Կարծում եմ, այս տարածքը շատ ավելի դրական բաների վրա կարելի է օգտագործել, քան այս պարոնների գործունեությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728