Մամուլի տեղեկությունների համաձայն, Գեղարքունիքի մարզում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների օրակարգում նախատեսվում է նաեւ մասնակցության Տյառնընդառաջի (Տրնդեզի) տոնախմբությանը։
«ՉԻ» – Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, նախագահի արարողակարգի ծառայությունն արդեն իսկ ամենայն մանրամասնությամբ մշակել է միջոցառման սցենարը։ Ըստ դրա՝ Սերժ Սարգսյանն անպայման պիտի ցատկի խարույկի վրայով։ Նրանից առաջ պիտի ցատկեն պետավտոտեսչության երեք մեքենաները, հետո՝ ուղեկցող երեք ջիպերը, հետո՝ անձամբ Սերժ Սարգսյանը (վեց թիկնապահների ուղեկցությամբ): Ընդ որում՝ այդ վեց թիկնապահներից երկուսը պիտի մնան օդում, վերահսկեն իրավիճակը եւ վայրէջք կատարեն միայն այն բանից հետո, երբ շեֆն արդեն խարույկի մյուս կողմում լինի։
Ի դեպ, նախապես մշակված սցենարի համաձայն, օդում գտնվելու ընթացքում Սերժ Սարգսյանը պիտի նաեւ հասցնի հարցազրույց տալ «Հ1»-ի՝ օդում գտնվող լրագրողին, եւ անդրադառնա Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։
«Չորրորդ ինքնիշխանություն»