Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են դիտորդներն անտարբեր դարձել

Փետրվար 14,2013 12:44

2013թ. նախագահական ընտրություններին, ի տարրերություն 2008թ. նախագահական ընտրությունների, աննախադեպ քիչ թվով տեղական դիտորդներ են հավատարմագրվել։

Եթե 2008թ. -ին հավատարմագրվել էր 39 տեղական դիտորդական կազմակերպություն, ապա այս անգամ կազմակերպությունների թիվն ընդամենը 24 է։ Ընդհանուր հաշվով, նախորդ նախագահական ընտրություններին հետևել էր 15.093 դիտորդ, իսկ այս անգամ եռակի կրճատվել է այդ թիվը, հավատարմագրվել է 5166 դիտորդ։

Թեև դիտորդական կազմակերպությունների ղեկավարները պնդում են, թե պատճառը բոլորովին սպասվող ոչ մրցակցային ընտրությունները չեն, սակայն ակնհայտ է, որ դիտորդների շեշտակի կրճատումը չի կարող պատահականություն լինել։ Գաղտնիք չէ, որ տեղական դիտորդների գերակշիռ մասն իրականում իշխանությունների շահերն է ներկայացնում։ Այնպես որ, կարելի է ասել, որ կամ դիտորդական կազմակերպություններն իրենք են ձանձրալի համարում աշխատել առաջիկա ընտրությունների օրը, կամ իշխանություններն են չափից դուրս հանգիստ և հրաժարվում են դիտորդների հավելյալ օգնությունից։

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ սահմանած ժամանակացույցի՝ 2013թ. հունվարի 8-ին սկսած դիտորդների հավատարմագրումն ավարտվել է փետրվարի 8-ին։ Համեմատելով 2008թ. և 2013թ. դիտորդական կազմակերպությունների ցանկերը՝ ակնհայտ է դառնում նաև մեկ այլ բան. դիտորդական կազմակերպությունների ցանկը համարյա ամբողջովին փոխված է։ Առավել զարմանալի է այն հանգամանքը, որ 2008թ. հավատարմագրված մեծաթիվ դիտորդներ և դիտորդական կազմակերպություններ այս անգամ ընդհանրապես չեն մասնակցում, օրինակ՝ «Ազատություն և ժողովրդավարություն» կազմակերպությունը, որը 2008թ. խոշոր գիտական կազմակերպություններից մեկն էր՝ 1240 դիտորդով, «Արդարություն և իրավունք» հ/կ-ն՝ 850 դիտորդով, «Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոնը՝ 848 դիտորդով, «Քաղաքացիական ակադեմիա կենտրոնը»՝ 1422 դիտորդով, «Մարզաբնակ ուսանողների իրավապաշտպան ասոցիացիան»՝ 343 դիտորդով, «Երիտասարդության կամք» երիտասարդական հ/կ-ն՝ 155 դիտորդով, «Միտք» երիտասարդական հ/կ-ն՝ 565 դիտորդով եւ այլն:

«Ազատ հասարակության ինստիտուտ» դիտորդական կազմակերպությունն էլ միայն վերջին օրերին գրանցվեց, սակայն նախորդ ընտրությունների համեմատ՝ այս անգամ 1656-ից դիտորդների թիվը հասցնելով 1468-ի։

Դիտորդների թիվը կտրուկ կրճատել է նաև «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունը։ Եթե 2008թ. կազմակերպությունը հավատարմագրել էր 3940 դիտորդի, ապա 2013 թ.՝ 1504 դիտորդ է հետևելու ընտրություններին։

«168 ժամի» այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված դիտորդների թվի նման կրճատումը, հ/կ-ի նախագահ Հարություն Համբարձումյանը պատասխանեց, թե նոր ռազմավարություն են որդեգրել: «Պատճառն այն է, որ նոր ռազմավարություն ենք մշակել՝ կապված եղանակային պայմանների հետ. հեռավոր գյուղերում, որտեղ բնակչությունը 100 հոգուց չի անցնում, դիտարկում չանել։ Այս անգամ որոշեցինք դիտարկում անել խոշոր քաղաքներում, այն համայնքներում, որտեղ կա 2-ից ավելի տեղամաս, և որտեղ լինելու է զինվորականների քվեարկություն»,- նշեց մեր զրուցակիցը։

Մեր այն դիտարկմանը, թե նախորդ ընտրությունների ժամանակ եղանակային պայմանները նույնն էին, Հարություն Համբարձումյանը պատասխանեց. «Դե, այն ժամանակ չֆայմեցինք: Ինձ թվում է՝ եթե 1400-ից մենք տեղամասում ունենանք տվյալներ, լրիվ կարող ենք հայտարարություն անել»:

Ըստ Հ. Համբարձումյանի՝ դիտորդների թվի կրճատումը կապ չունի ընտրությունների որակի հետ, սակայն վերջինս չհերքեց, որ այս նախագահական ընտրություններն ավելի անհետաքրքիր են։ «Առաջվա ընտրություններն ավելի հետաքրքիր էին այն առումով, որ երկու քաղաքական ուժերը, որոնք չեն մասնակցում այս անգամ (նկատի ունի ՀՅԴ-ին եւ ՀԱԿ-ին- Ա. Փ.), այն ժամանակ մասնակցում էին: Ընտրությունների անհետաքրքրությունը նրանում է, որ մարդը կուսակցություն չունի, բայց թեկնածություն է դնում։ Մարդ կա՝ քարոզարշավի սկզբից հացադուլ է հայտարարում կամ սկզբից հայտարարում է, որ ամսի 8-ին հանելու է թեկնածություն»,- նկատեց դիտորդական կազմակերպության նախագահը։

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը եւս ասաց, թե դիտորդների թվի կրճատումը կապված չէ ընտրությունների նկատմամբ հետաքրքրության պակասի հետ։ Դիտորդների թիվն այս անգամ «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն» 2008թ. համեմատ 159-ից հասցրել է 103-ի։ «2008թ.-ին դիտորդություն արել ենք «Ուրբան» հիմնադրամի հետ համատեղ, այդ պատճառով էին հավատարմագրվել այդքան դիտորդներ, այս անգամ առանձին ենք անում: Այդքան դիտորդ ունենալն արդեն իսկ մեծ պատասխանատվություն է։ Ինձ համար շատ կարևոր է, որ ցանկացած դիտորդ պատասխանատվության լուրջ զգացում ունենա, որպեսզի նրա և ընտրությունների մասնակցող որեւէ քաղաքական ուժի շահերի բախում տեղի չունենա»,- «168 ժամի» հետ զրույցում նշեց Ավետիք Իշխանյանը։

Անահիտ ՓԻԼՈՍՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728