Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Նրանք թաքցնում են ե՛ւ իրենց, ե՛ւ մեր կենսագրությունը, որովհետեւ դատավճիռն իրենց հանցանքի մասին վկայող փաստաթուղթ է»

Փետրվար 14,2013 12:04

Խորհրդային տարիների հայ այլախոհ քաղբանտարկյալները չեն կարող ստանալ ժամանակին իրենց նկատմամբ կայացված դատավճիռների պատճենները։ Այդ այլախոհներից «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հկ նախագահ Վարդան Հարությունյանը նախատեսում է խորհրդային տարիներին Հայաստանում ծավալված այլախոհական շարժման մասին ուսումնասիրություն հրապարակել, որտեղ, ի թիվս այլ նյութերի, պետք է տեղ գտնեն նաեւ այդ տարիներին դատապարտվածների դատավճիռները։ Դեռեւս 2011թ. նոյեմբերին Վ, Հարությունյանն այդ նպատակով դիմում է ներկայացրել ԱԱԾ, սակայն խնդրանքը մերժվել է։

«Յուրաքանչյուր դատապարտված մարդ իրավունք ունի իր ձեռքում ունենալ իր նկատմամբ կայացված դատավճիռը։ Սա ե՛ւ տրամաբանական է, ե՛ւ օրենքի պահանջ։ Խորհրդային տարիներին քաղաքական բանտարկյալների դատավճիռները աշխատում էին չտալ։ Պատճառներն անբացատրելի ու անհասկանալի էին։ Ամենայն հավանականությամբ նման վերաբերմունքի իմաստը պետք է փնտրել խորհրդային НКВД-КГБ-ի հիմքում գտնվող մարդատյացության մեջ։ Թվում էր, թե խորհրդային տարիների սովորույթները խորհրդային երկրի հետ պետք է պատմության գիրկն անցած լինեն, բայց արի ու տես, որ Հայաստանի անկախ Հանրապետությունում, որտեղ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը առաջնահերթություններ են հայտարարված, այդ սովորույթները ոչ միայն չեն մոռացվել, այլեւ լավ էլ գործում են,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վարդան Հարությունյանը՝ հավելելով,- այդ դատավճիռներն այսօր մեզ պետք են, դրանք մերն են, կայացվել են մեր նկատմամբ, ու մենք իրավունք ունենք դրանք պահանջել ու ստանալ։ Մերժումը կամայականություն է եւ զուրկ է որեւէ իրավական հիմքից»։

Նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը, որը խորհրդային տարիներին 2 անգամ դատապարտվել է «հակախորհրդային պրոպագանդայի եւ ագիտացիայի համար» եւ ընդհանուր առմամբ 10 տարի անցկացրել անազատության մեջ, պնդում է, որ այսպես իրենից փորձում են գողանալ կենսագրությունը։ Արշակյանը պատմեց, որ ինքն իր դատավճիռը ստանալու համար դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը, սակայն մերժվել, ասել են՝ իրենք չունեն այդ փաստաթղթերի պատճենները։ «Մոդայիկ մի քանի քրեական գործեր կան՝ կենսաթոշակային ֆոնդի կողոպտիչների գործը, վերջերս էլ դատապարտվեցին իրավապահ մարմինների ներկայացուցիչներ՝ գնդապետ ու գեներալ, այն մարդիկ, որոնք պետք է պահպանեին պետական ունեցվածքը, պարզվեց՝ իրենք են գողերը, իրենք են մտել պետական գանձարանն ու տանում այն։ Հիմա հերթը հասել է պատմությանը։ Նրանք կողոպտում են մեր կենսագրությունը,- նշեց Ազատ Արշակյանը՝ հավելելով,-խորհրդային դահիճները կամ նրանց զավակները չեն ուզում, որ երեւա իրենց զոհը։ Նրանք թաքցնում են ե՛ւ իրենց, ե՛ւ մեր կենսագրությունը, որովհետեւ դատավճիռն իրենց հանցանքի մասին վկայող փաստաթուղթ է»։ Արշակյանի խոսքով՝ ՀՀ-ում վերադարձել է «խորհրդային ռեցիդիվը». «Անկախ Հայաստանում, պարզվում է, իշխանական լծակներ ունեն հոգով, ծագումով եւ նկարագրով բոլշեւիկները»։

Թե ինչու նախկին քաղբանտարկյալներին չեն տրամադրում իրենց դատավճիռները, որեւէ հստակ պատասխան ստանալ չհաջողվեց։ ԱԱԾ մամուլի կենտրոնից այս կապակցությամբ տեղեկացրին, որ դատավճիռները ոչ թե իրենցից պետք է ուզել, այլ արդարադատության նախարարությունից, քանի որ իրենք դատարանի կայացրած իրավական ակտի հետ այլեւս գործ չունեն։ Իսկ ՀՀ արդարադատության նախարարությունից էլ հնարավոր չեղավ որեւէ պատասխան ստանալ. ե՛ւ մեր հեռախոսազանգերը, ե՛ւ էլեկտրոնային հարցումը երեկ մնացին անպատասխան։ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այդ դատավճիռները թեեւ պետք է գտնվեին արդարադատության նախարարության արխիվում, սակայն շարունակում են մնալ ԱԱԾ արխիվներում։

Ի դեպ, ԱԱԾ-ն ժամանակին, Վարդան Հարությունյանի նամակին ի պատասխան, մերժելով դատավճիռները տրամադրել, որպես հիմնավորում բերել է «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 21 եւ 22 հոդվածները, որոնց համաձայն՝ արխիվային տեղեկությունների տրամադրումը կարող է սահմանափակվել, եթե դրանք պարունակում են օրենքով նախատեսված պետական, ծառայողական, անձնական կամ այլ տիպի գաղտնիքներ։ Վ Հարությունյանը, սակայն, ասում է, որ այդ դատավճիռները կայացվել են դեռ 1960-1980-ականներին, ընդ որում՝ դռնբաց դատական նիստերի ժամանակ. «Այսինքն՝ դրանք վաղուց ի վեր հանրության սեփականությունն են, որեւէ մեկի համար այլեւս գաղտնիք չեն, քանի որ դռնբաց նիստերում արդեն հրապարակվել են, ուստի ԱԱԾ արդարացումն անհիմն է»:

Արման ԳԱԼՈՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728