Aravot.am-ն այսօր ստացել է ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանի հայտարարությունը:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր 05.06.12 որոշմամբ հիմնավորել է, որ իմ վերաբերյալ գործը քննելիս Հայաստանի դատարանը թույլ է տվել մարդու իրավունքների խախտում: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով ստացել եմ իմ կալանքի իրավաչափության անհապաղ դատաքննության եւ ազատվելու իրավունք, սակայն մինչ օրս քամահրելով այն, որ բարձրագույն դատարանը ճանաչել է իմ կալանքի անօրինականության փաստը, ինձ Հայաստանում պահում են անազատության մեջ: Իմ կալանքի իրավաչափությունը չի դարձել դատաքննության առարկա եւ ոչ էլ քրեական մեղադրանք է հարուցված ինձ անօրինական կալանքի տակ պահելու մեղավոր պաշտոնատար աձանց նկատմամբ:
Վերանայման վարույթ հարուցելու պահանջով բերածս բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանն անցյալ տարվա հոկտեմբերին վերադարձրեց, պատճառաբանելով, որ ԵԴ-ն վերոնշյալ որոշումը հայերեն պաշտոնապես թարգմանված չէ: Անցել է 3 ամիս, սակայն արդարադատության նախարարության կայքում այդպես էլ չի երեւում ԵԴ նշյալ որոշման հայերեն թարգմանված տեքստը:
Հավանաբար,ՀՀ դատաիրավական համակարգը ինձ անժամկետ անազատության մեջ պահելը դիտարկում է իբրեւ իմ նկատմամբ կայացված անհիմն ու անօիրինական դատավճռի լրջությանը ծառայող գավազանային արգումենտ:Ես խոստանում եմ, որ ՀՀ դատախազությանը եւ նրա համար «վինտիկի» դերակատարում ունեցող ՀՀ եռաստիճան դատարաններին հիշեցնել,որ քրեական գործի վիճաբանությանը մեղադրողների կրած անվերապահ պարտությունը ընդունելը պակաս խայտառակություն կլիներ, քան կրած փայլուն հաղթանակը էժան ցինիկությամբ մեղադրողների օգտին գրանցելը»: