Հատվածներ ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի հարցազրույցից:
– Պարոն Մելիքյան, ընտրություններին մնացել է մի քանի օր: Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը:
– Իրավիճակը չի փոխվել, ընտրությունները կեղծվելու են, եւ այդ առումով ակտիվ քարոզարշավ անողները ստում են` ասելով, որ Հայաստանի համար կբերեն պայծառ ապագա: Հաշվի առնելով ձեւավորված տխուր ավանդույթըՙ ընտրությունները պետք է կեղծվեն, եւ դա կանեն երկրից դուրս գտնվող քաղաքացիների ձայներով, իսկ այդպիսիք մոտավորապես մեկ միլիոն են: Դրա հետ կապված առաջարկությունն արել ենք. եթե ԿԸՀ պատասխանը մերժողական լինի, նշանակում էՙ իշխանությունները հակված են կեղծելու ընտրությունները, այդ պարագայում մենք մեր քայլերը կանխավ կանենք:
– Որո՞նք կլինեն այդ քայլերը:
Կարդացեք նաև
– Դրա մասին լրացուցիչ կհայտարարենք մի քանի օրից:
– Պարոն Մելիքյան, մինչ առաջադրումը մտավախություն չունեի՞ք, որ իշխանությունները կկեղծեն ընտրությունները:
– Մինչ առաջադրումն էլ ակնհայտ էր, բայց նաեւ ակնհայտ է, որ մի օր այս ամենի վերջը գալու է: Քարոզարշավի առաջին օրվանից ամեն ինչ արեցինք, որ հետո մեզ որեւէ մեկը չասի, թեՙ գիտեիք ընտրությունները կեղծվելու են, բայց դրա դեմ ոչինչ չարեցիք: Այդ տեսանկյունից ես ու իմ թիմը քաղաքացիական պարտքը կատարեցինք Հայաստանի հանդեպ` պահանջելով վերացնել այս տխմար ավանդույթը:
– Արդեն երկրորդ անգամ եք առաջադրվում նախագահական ընտրություններին: Նախորդ անգամ շատ քիչ ձայն էիք ստացել, այս անգամ ի՞նչ ակնկալիքով եք առաջադրվում:
– Տոկոսների մասին խոսել կեղծված ընտրությունների համատեքստում անհեթեթություն է: Եթե իշխանությունները ինչ տոկոս ցանկանան, այնքան կգրենՙ նշանակում է, որ չկա ընտրությունների արդյունքների իրական պատկերը: Նախորդ ընտրություններին միայն մեկ տեղամասում ստուգում կատարելու ժամանակ իմ օգտին 200 ձայն ավելացավ:
– Առաջին քայլը ո՞րը կլինի նախագահ ընտրվելուց հետո:
– Մատենադարան այցելությունը, որովհետեւ այն մեր մշակույթի, պատմության, գիտության եւ լեզվի ամենակարեւոր օջախն է, եւ պետք է կարողանանք գնահատել անցյալն ու մեծագույն հաջողությունները: Սա խորհրդանշական այց է: Իսկ քաղաքական գործունեության մեջ կոռուպցիոն համակարգի վերացումը, բարելավել մեր կյանքի բոլոր ոլորտները: Համակարգային կոռուպցիան վերացնելուց հետո ազատ տնտեսական դաշտ կստեղծենք, լիարժեք կրթություն կապահովենք:
– Պարոն Մելիքյան, քարոզարշավ չեք իրականացնում, չեք հանդիպում Ձեր ընտրողների հետ, ինչո՞ւ:
– Կասեցրել ենք քարոզարշավն առաջին իսկ օրը: Քարոզչություն չենք վարի, քանի դեռ ընտրությունների արդարությունն ապահովված չէ: (Այլապես) ապակողմնորոշելու ենք ընտրողներին, քանի որ խոստումներ ենք տալու, որոնք իրականացնել չենք կարող: Նախ ապահովենք ընտրվելու հնարավորությունը, հետո կարճ ժամանակահատվածում ընտրողներին կծանոթացնենք հիմնական թեզերին: Եվ քանի որ հիմնական դրույթները կրկնվում են եւ շրջանառության մեջ են դրվել 2008-ից ի վեր, հատուկ ծանոթացման անհրաժեշտություն չունեն:
– Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում:
– Օրինական ընտրությունների պարագայումՙ մրցունակ: Իսկ այս ընտրությունները ես կանվանեի վերանշանակում: Մեր խնդիրն էՙ ապահովել ընտրություններ, ոչ թե վերանշանակում:
– Ենթադրենք, որ մինչեւ փետրվարի 18-ը Ձեր պահանջներից որեւէ մեկը չի բավարարվում եւ տեղի են ունենում ընտրություններ:
– Այդ ժամանակ տեղի է ունենում գործընթաց, որը կոչվում է ընտրություն: Մենք մեր քայլերն ունենք նաեւ այդ դեպքերի համար: Հիմա չեմ ներկայացնի, քանի որ վաղաժամ է: Երկու-երեք օր հետո, տեսնենքՙ ինչպե՞ս են ընթանում զարգացումները, ձեզ տեղյակ կպահենք:
– Նախագահական այս ընտրություններն աչքի ընկան հետաքրքրական իրադարձություններով: Նախագահի թեկնածուներից մեկը հացադուլ է հայտարարել, մյուսի վրա կրակել են: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս գործընթացներն ու ընդհանրապես դա ազդո՞ւմ է ընտրությունների վարկանիշի վրա:
– Հացադուլը քաղաքական հուսալքության դրսեւորում է: Իսկ Հայրիկյանի շուրջը ծավալվող գործընթացները մարդու կարեկցանք շարժող մահափորձից վերածվեցին քաղաքական առեւտրի, որն առնվազն տարակուսելի է: Հատկապես ներկայիս քաղաքական գործընթացների պարագայումՙ մերժելի:
– Շատերը մեղադրում են Հայրիկյանին շոու կազմակերպելու մեջ:
– Շոուն կազմակերպում են պատվեր ունեցող լրատվամիջոցները: Իսկ Հայրիկյանը համարժեք օգտվում է ստեղծված իրավիճակից: Թեեւ չեմ կարծում, որ իր նպատակներն արժեին այս աղմուկը:
Հասմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ազգ»