Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կարող էր պատահել այնպես, որ անկախ Հայաստանի ԱԱԾ-ն շարունակեր հավատարիմ մնալ Ձերժինսկու մտածողությանը

Փետրվար 14,2013 10:50

2 տարի առաջ իրավապաշտպան, «Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ նախագահ, նախկին այլախոհ Վարդան Հարությունյանը Հայաստանում ծավալված այլախոհության վերաբերյալ ուսումնասիրություն որոշեց հրապարակել։ Ի թիվս այլ նյութերի՝ նախատեսվում էր, որ դրանում պիտի տեղ գտնեին նաեւ դատապարտվածների դատավճիռները։ Բայց որքան մեծ էր զարմանքը, երբ պարզվեց, որ ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ-ն, հղում անելով արխիվային գործի եւ տեղեկատվության մասին ՀՀ օրենքներին, հրաժարվել է կատարել Հարությունյանի խնդրանքը։ Առավել տարօրինակ էր այն, որ ԱԱԾ-ն մերժել է նաեւ կոնկրետ այլախոհների, ովքեր անձամբ են դիմել այդ կառույցին՝ խնդրելով իրենց տրամադրել իրենց իսկ գործերը։ Եվ ահա հիմա Վարդան Հարությունյանը հանդես է եկել մի հայտարարությամբ, որը ստորագրել են նաեւ մի քանի նախկին այլախոհներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետի խորհրդական, նախկին այլախոհ Ռազմիկ Մարկոսյանը։

Պարոն Մարկոսյան, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող էր պատահել այնպես, որ անկախ Հայաստանի ԱԱԾն շարունակեր հավատարիմ մնալ Ձերժինսկու մտածողությանն ու անկախ Հայաստանի օրենսդրական դաշտն իրեն ծառայեցնելով՝ հրաժարվեր այս մարդկանց իրենց դատավճիռները տրամադրել

– Ես իսկապես չեմ հասկանում՝ ինչու եւ ինչ է կատարվում։ Ամբողջ խնդիրն այն է, որ ժամանակին մեզանից ոչ մեկին չեն դատել փակ դատավարությամբ։ Ուրիշ բան, որ ամեն բան անում էին, որ դրանք իրականում փակ լինեն, միայն մեկ- երկու հարազատ ներկա լինի դատին, կամ նրանք էլ չլինեն, ուրիշ բան, որ անգամ մեր հացադուլի արդյունքում չէին մեզ մեր գործերը

տրամադրում, բայց որ բաց դատ էր հայտարարվում՝ փաստ է։ Սա՝ մեկ։

Երկրորդ՝ մենք բոլորս էլ հետագայում արդարացվել ենք Գերագույն դատարանի վճռով։ Հիմա ի՞նչ է պատահել՝ չեմ հասկանում, ինչո՞ւ չեն բաց դատավարության ընթացքում հրապարակված դատավճիռները մեր ձեռքը տալիս, ո՞վ է խանգարում։ Սա ինձ համար իսկապես անընդունելի մի բան է, եւ ես հենց այդ պատճառով եմ միացել հայտարարությանը։ Տեսեք՝ անգամ միջինասիակաև երկրներում են էս հարցը լուծել, բռնադատվածները մինչեւ անգամ շատ մեծ չափով կոմպենսացիաներ են ստանում, չխոսեմ արդեն Մերձբալթիկայի, Ուկրաինայի մասին, իսկ մեզ մոտ անգամ չեն ուզում պարզ մի ուսումնասիրության հրատարակման հարցը լուծվի։ Եվ դա

այն դեպքում, երբ մնացածները նույնիսկ այլախոհական շարժումների

հանրագիտարաններ ունեն։

Երբեւէ մեզանում այդպիսի մի ձեռնարկ չի՞ մտածվել՝ Հարությունյանի որոշումից զատ։

– Գիտե՞ք ինչպես էր. անկախության սկզբին լեհերը եկան, թե մենք այնքան շատ ենք կարդացել ձեր մասին, այնքան ենք լսել հայ այլախոհների մասին պատմվող պատմություններ, որ որոշել ենք մի ուսումնասիրություն անել։ Բայց դե ոչինչ էլ չստացվեց. հասկանալի է՝ պատերազմ էր, հեշտ չէր մեզ համար, գուցե դրա ժամանակը չէր, բայց դե հիմա՞ ինչ է եղել, ինչքա՞ն պիտի սպասեն էդ մարդիկ։

Այդ դեպքում «պրովոկացիոն» մի հարց, իսկ ինչո՞ւ նույն հարցը վարչապետին չեք ուղղում։ Դուք նրա խորհրդականն եք եւ հրաշալի առիթ ունեք ամեն բան բացատրելու։ Երբեւէ չե՞ք զրուցել այդ մասին։

– Իրոք հիմա ստացվում է, որ… բայց լավ, ասե՛մ։ Վարչապետի հետ, իհարկե, զրուցել ենք, իհարկե, մանրամասն ներկայացրել եմ խնդիրը, այսօր էլ կփորձեմ անպայման հանդիպել։ Պիտի նաեւ ասեմ, որ ինքը հարցին լուծում տալու պատրաստակամություն ուներ։ Եվ ոչ միայն այս առումով, նաեւ՝ կոմպենսացիաների եւ այլն։ Բայց, հաշվի առնելով սուղ բյուջետային միջոցները, կարծեմ միայն բռնադատվածների ընտանիքներին առաջնահերթ վարկեր տրամադրելու վրա կանգ առան։ Այո, իհարկե, մտածում է,

բայց ամբողջ խնդիրն այն է, թե ինչ արդյունավետությամբ եւ ինչ ինտենսիվությամբ։ Ամեն դեպքում, հիմա կոնկրետ այս հարցն է մեջտեղում՝ բռնադատվածների դատավճիռների տրամադրումը, եւ ես ամեն կերպ կաջակցեմ, որ դա լուծում ստանա…

Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728