Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առանց արտաքին քաղաքական օրակարգի

Փետրվար 14,2013 10:37

Հայաստանում նախագահական ընտրությունների քարոզչության շրջանում զարմանալիորեն բացակայում է թեկնածուների արտաքին քաղաքական օրակարգը՝ չնայած այն հանգամանքին, որ արտաքին քաղաքականությունը նախագահի պրերոգատիվն է: Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ղարաբաղը ճանաչելու, էպոսագետի՝ Ջավախքն ու Նախիջևանը վերամիավորելու պոպուլիստական կոչերից և գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Օբամայի խոստումնազանցությունն արդարացնելու հայտարարություններից բացի՝ որևէ այլ նշանակալից հարց թեկնածուների օրակարգում չի երևում:

Հայաստանի համար այնպիսի հարց, ինչպիսին Պուտինի առաջարկած Եվրասիական միության նախագիծն է, որը ժամանակի ընթացքում քննարկումից կարող է վերածվել կոնկրետ քայլ անելու պահանջի, որևէ կերպ չի քննարկվում: Ընդ որում և դժբախտաբար չի քննարկվում ոչ թե այն պատճառով, որ Հայաստանի միակ այլընտրանքը եվրոպական ինտեգրումն ու եվրոպական արժեքներն են, այլ որ թեկնածուները պարզապես չափից ավելի տարված են պոպուլիզմով և նման հարցերի ու քննարկումների ժամանակ չունեն:

Ընդունված աքսիոմ է, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Բարդ հարևաններով շրջապատված Հայաստանի նման փոքր երկրի պարագայում արտաքին քաղաքականությունը սովորականից ավելի կարևոր է և չի կարող նախագահական ընտրությունների օրակարգից դուրս մնալ:

Սա հենց այն շրջանն է, երբ թեկնածուները, առնվազն իրենց լուրջ համարողները, պետք է կոնկրետ ձևակերպեն արտաքին քաղաքականության իրենց պատկերացումներն ու ծրագրերը: Հենց այս շրջանում է, որ նրանք որոշակի մեսիջներ պետք է հաղորդեն Հայաստանի գործընկերներին, հակառակորդներին ու միջազգային հանրությանը:

Նման օրակարգի բացակայությունը զարմանալիորեն համընկնում է Ադրբեջանի ոտնձգություններին, որը կարծես հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանի «Ապահով Հայաստանն» այնքան էլ ապահով չէ: Հայաստանի հյուսիսարևելյան սահմաններում ադրբեջանցիների հաճախակիացած ոտնձգությունները, Լեռնային Ղարաբաղում շփման գծին մոտ Բաքվի լայնամասշտաբ զորավարժությունները լուրջ ահազանգ պետք է լինեն, որ դիվանագիտության ոլորտում ներկայում ևս ինչ-որ բան այնպես չէ:

Վերջին հաշվով՝ երկրի ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական անվտանգությունն է կախված ճիշտ արտաքին քաղաքականությունից: Իսկ պատերազմը անհաջող դիվանագիտության շարունակությունն է:

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728