Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը խոստովանել է

Փետրվար 14,2013 10:28

Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում քարոզարշավի ժամանակ արել է հայտարարություններ, որոնք այլ կերպ, քան սենսացիա, անվանել հնարավոր չէ: «Եթե դուք անտարբեր դառնաք ու հանձնվեք այն գաղափարին, որն այսօր հնչում է ավելի կատաղի, քան երբևէ, թե՝ ձեր ձայնը բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, որ դուք ոչինչ չեք որոշում, որ ձեր ձայնն արժեք չունի, ապա ձեր լռությունը անպայման կլրացնեն այլ ձայներ՝ նրանց ձայները, ովքեր տարիներ շարունակ ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանը դառնա պղտոր ճահիճ, որ ամեն բան մնա անփոփոխ այս երկնքի տակ՝ հանուն սեփական նեղ խմբակային ու անձնական շահի: Նրանց ձայնը, ովքեր տարիներ շարունակ հաշվի չեն առել ձեր ձայնը, խլել են ձեր ապագան և արել ամեն բան, որ ընտրությունը չլինի ձերը, այլ ուրիշինը, որ ընտրվածը չլինի ձեր ընտրյալը: Նրանք, ովքեր սովոր են ամեն ինչ գնել, ինչ ցանկանում են ունենալ, նրանք, ովքեր պատրաստ են խլել այն, ինչ չեն կարողանում գնել, և նաև նրանք, ովքեր իրենց օրվա հացը վաստակում են այս իմ նշածների՝ առաջինների շահերը պաշտպանելով»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ միայն քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ կարող են ընդհատել այդ արատավոր շղթան:

Սա ոչ այլ ինչ, քան ուղղակի մեղադրանք Ռոբերտ Քոչարյանի հասցեին, երևի թե դժվար է որակել: Այն, որ սրանում ակնհայտ մեղադրանք կա նաև Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին՝ ակնհայտ է, սակայն Տեր-Պետրոսյանի հասցեին ուղղված մեղադրանքներ Սերժ Սարգսյանը առաջին անգամը չէ, որ նման բաց տեքստով հրապարակում է, իսկ ահա այն, որ նա այդ մեղադրանքներից, ըստ էության, չի զանազանում Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանը, սա արդեն նորություն է:

Նորություն է այն, որ նման բաց տեքստով բնորոշվում է այն, ինչ եղել է մինչ այսօր: Մի կողմ թողնենք, որ ինչ կա այսօր և ինչ լինելու է վաղը, առանձնապես ավելի հուսադրող կամ հավատ ներշնչող չէ՝ մեղմ ասած, սակայն տվյալ պարագայում հետաքրքրականը Սերժ Սարգսյանի պահվածքն է: Ի վերջո բոլորն էլ գիտեն որ այդ նախկին արատավոր շղթայի մեջ իր առանցքային դերն է ունեցել նաև Սերժ Սարգսյանը, որը 1993 թվականից Հայաստանում բավական բարձր պաշտոններ է զբաղեցնում, իսկ վերջին տասը տարում ըստ էության երկրորդ մարդն էր իշխանական հիերարխիայում: Եվ եթե որևէ մեկը Հայաստանում յուրացրել է քաղաքացիների ձայները, եթե որևէ մեկը թույլ չի տվել, որ նրանց ընտրյալը դառնա հաղթող, ապա այդ գործում իր անմիջական մասնակցությունն ունեցել է նաև Սերժ Սարգսյանը՝ սկսած 1996 թվականից մինչ այսօր:

Սերժ Սարգսյանի հայտարարություններն այս իմաստով կարելի է նաև որոշակիորեն ինքնախոստովանական ցուցմունք համարել: Սակայն, մյուս կողմից, սա ըստ էության նաև անցած ժամանակաշրջանի քաղաքական գնահատական է, որ նա տալիս է հրապարակային կերպով և հնարավորինս ուղղակիորեն, իհարկե՝ խուսափելով անուններից: Սակայն չի բացառում, որ հաջորդ քայլն արդեն կարող են լինել նաև անունները, ինչը, սակայն, կախված կլինի իրավիճակից:

Իսկ առայժմ կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանը քարոզարշավի վերջում հանկարծ որոշում է բավական բացել խաղաքարտերը: Սա երևի թե պայմանավորված է նրանով, որ Սարգսյանը վերջին շրջանում հայտնվել է որոշակիորեն տհաճ իրավիճակում՝ կա՛մ ամեն ինչ չէ, որ գնում է նրա նախընտրած սցենարով, կա՛մ էլ, իհարկե, հակառակը՝ ամեն ինչ նրա համար այնքան հարթ է, որ նա իրեն թույլ է տալիս արդեն առանց մտավախության բաց խաղալ և որոշակիորեն նաև նման կերպ փորձել ավելացնել իր դիվիդենդները:

Սակայն այս ամենն ունի նաև ուրիշ հետաքրքրական կողմեր, որոնք արդեն վերաբերում են հետընտրական իրողություններին, և շատ ուշագրավ է, թե ինչ շարունակություն կունենա Սերժ Սարգսյանի նախընտրական այս բաց խաղը ընտրություններից հետո, երբ նրան արդեն հարկ կլինի կազմավորել իր երկրորդ ժամկետի իշխանությունը և իշխանության ներսում արդեն վարել շատ ավելի որոշակի քաղաքականություն:

Մուսա Միքայելյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վազգեն Աբրահամյան says:

    Մի պահ բոլորն էլ իրենց ջայլամի տեղն են դնում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728