Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը չի զգում Ցեղասպանության և Եղեռնի տարբերությունը

Փետրվար 14,2013 10:25

Սերժ Սարգսյանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և Հայոց ցեղասպանության մասին իր նախագահության հինգ տարիներին բազմաթիվ հակասական, շատ հայերի համար անընդունելի հայտարարություններ է արել՝ արժանանալով ամենախիստ քննադատությունների: Փետրվարի 5-ին նա հերթական հակասական մեկնաբանությունն արեց՝ ըստ էության դեմ գնալով այն ջանքերին ու ընթացքին, որ տասնամյակներ մղում են բազմաթիվ հայկական կազմակերպություններ ու անհատներ աշխարհի տարբեր երկրներում:

«Մենք 40-50 տարի ցեղասպանություն բառը չենք օգտագործել, օգտագործել ենք եղեռն բառը: Ասում էինք՝ գնանք Եղեռնի հուշահամալիր, ոչ թե Ցեղասպանության: Մեզ համար այդ երկու բառերը նույնն են, և անգամ ցեղասպանություն բառը չարտասանելով՝ ԱՄՆ-ի նախագահն ասել է ամեն ինչ»,– իր նախընտրական հանդիպումներից մեկի ընթացքում Երևանում հայտարարել է Սարգսյանը:
Ապա շարունակել է. «Եթե անգամ նա [Օբաման] ասեր ցեղասպանություն, էլի դժգոհելու էինք, թե ինչու երկու անգամ չասեց»: Սա արդեն հնչում է հեգնական, առաջին հերթին այն անհատների ու կազմակերպությունների հասցեին, որոնք գիշերուզօր աշխատում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:

Սարգսյանի մեկնաբանությունները գնահատելու համար նախ պետք է հասկանալ ցեղասպանություն և եղեռն բառերի իմաստն ու տարբերությունը: Ճիշտ է, հայերը ցեղասպանություն բառի կողքին այսօր էլ երբեմն օգտագործում են եղեռն եզրույթը: Սարգսյանը և նրա խորհրդատուները պիտի հասկանան, սակայն, որ հայերը, ի տարբերություն նախագահ Օբամայի, եղեռն բառն ցեղասպանություն բառն օգտագործելուց խուսափելու նպատակով չեն օգտագործում: Բացի այդ՝ հայերը նախապես օգտագործել են եղեռն բառը, քանի որ ցեղասպանություն բառը ստեղծվել է 1915-ից երեք տասնամյակ անց միայն:

Ըստ Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքէջի https://www.genocide-museum.am/arm/genocide.php՝ ցեղասպանություն կամ գենոցիդ (հունարեն genos-ռասա, լատիներեն cide-սպանել) տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը Հոլոքոսթի զոհերից էր, և այս տերմինով Լեմկինը ցանկանում էր նկարագրել համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը, ինչպես նաև՝ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:
1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի՝ ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է, իսկ ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Այսպիսով, ի տարբերություն եղեռնի, որը հայերեն բառ է և իրավական եզրույթ չէ, ցեղասպանությունը իրավական եզրույթ է, ավելին՝ միջազգային հանցագործություն, և այդ պատճառով է, որ հայերը պայքարում են, որպեսզի Օբաման, այլ առաջնորդներ ու պետություններ օգտագործեն հենց ցեղասպանություն բառը:

Եղեռն բառը, ըստ Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի» (հատոր Բ, էջ 17), ունի ողբի, փորձանքի, իսկ արդի հայերենում՝ նաև ոճիրի իմաստ: Եթե ավելի բծախնդիր մոտեցում ունենանք, ապա իրավական և քաղաքական առումներով, կոտորած բառն ավելի ընդգրկուն է և խիստ, քան եղեռն բառը:

Թուրքիայի մտահոգությունը հենց ցեղասպանություն բառն է
Թուրքիայի մտահոգությունը հենց ցեղասպանություն բառն է, և ի տարբերություն շատ հայերի՝ թուրքերը հասկանում են եղեռն և ցեղասպանություն բառերի քաղաքական ու իրավական տարբերությունը, ինչպես նաև ցեղասպանության ճանաչման քաղաքական և իրավական հետևանքները:

Դեռ 1991-1992 թթ. Թուրքիայում քաղաքական և պաշտոնական շրջանակները Հայոց ցեղասպանության հարցին մոտենում էին հետևյալ կերպ. հայերը պահանջում են միջազգային ճանաչում, ապա պահանջելու են գույքային ու կալվածքային փոխհատուցում, ապա հողային պահանջն է օրակարգ բերվելու: Ահա հենց այդ պատճառով է, որ Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար առաջ է քաշում նախապայմաններ, որոնցից հիմնականը հենց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արշավի դադարեցումն է:

2015թ. Հայաստանը և համայն հայությունը ոգեկոչելու են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Բնականաբար, Թուրքիան ձեռքերը ծալած չի նստում և դիմելու է հակաքայլերի: Ամենավտանգավորն այն է, որ Հայաստանը չի հրաժարվում 2009թ. ստորագրած հայ-թուրքական երկու արձանագրություններից: Պատկերացնո՞ւմ եք՝ 2015թ. նախաշեմին Թուրքիայի խորհրդարանը վավերացնում է այդ արձանագրությունները: Հայաստանի խորհրդարանը այլ ելք կամ ընտրություն չի ունենա, քան նույնպես վավերացնել: Հայաստանի իշխանությունները և Սերժ Սարգսյանը, մասնավորապես, հայտարարում են, որ Հայաստանը չի հրաժարվի արձանագրություններից, հետևաբար նրանք համոզված են, որ լավ փաստաթղթեր են ստորագրել թուրքերի հետ:

Հիշեցնեմ՝ սա արդեն երկրորդ ակնհայտ դեպքն է, երբ պաշտոնական Երևանը, կամա թե ակամա, հավասարության նշան է դնում ցեղասպանություն և եղեռն բառերի միջև: Առաջինը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրն էր, որը 2011թ. սեպտեմբերին ֆրանսիական Vivement dimanche հաղորդման ընթացքում, ցեղասպանության մասին հարցին ի պատասխան, ասել է. «Դա խանգարող բառ է: Այն նաև ինձ է խանգարում: Այն, ինչ հիմա կասեմ, կարող է ինձ մեջքով դարձնել որոշ հայերի նկատմամբ, բայց ես կարծում եմ՝ դա կարևոր չէ: Եթե իսկապես թուրքերը ազնվություն ունեն ասելու, որ իրենց խանգարողը ցեղասպանություն բառն է, մենք այլ բառ կգտնենք, միայն թե սահմանները բացվեն, և թուրքական կառավարությունը մտածի մեզ հետ երկխոսություն սկսելու մասին»: Շատ հայեր չհավատացին, որ Ազնավուրը կարող էր նման բան ասած լինել: Մի քանի շաբաթ անց Փարիզի Nouvelles d’Arménie հանդեսի հետ հարցազրույցում Ազնավուրն ավելի առաջ գնաց՝ բառացիորեն ասելով. «Հայաստանը մեծ վտանգի մեջ է, և բոլորը հապաղում են ցեղասպանություն բառի վրա: Ես չեմ տեսնում, թե դա ինչպես է նպաստում երկրի առաջընթացին:
Ո՞ւր է տանում մեզ այդ տրամաբանությունը: Մարդիկ, ովքեր քննադատում են ինձ նման կարծիք հայտնելու համար, ո՞ւր են նրանք: Ի՞նչ են նրանք անում Հայաստանին օգնելու համար: Ո՞ր պահին են նրանք գումար ուղարկում»:

Ներքաղաքական նպատակ
Վերադառնանք Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե «ցեղասպանություն և եղեռն բառերը նույնն են, և անգամ ցեղասպանություն բառը չարտասանելով՝ ԱՄՆ-ի նախագահն ասել է ամեն ինչ»: Ենթադրաբար, նախագահի թեկնածու Սարգսյանը Հայոց ցեղասպանության խնդրին անդրադարձել է ներքաղաքական և ներհայկական նպատակներով՝ փորձելով ընտրողներին համոզել, որ հենց իր նախագահության տարիներին է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ առաջընթաց արձանագրվել՝ Օբաման օգտագործել է «Մեծ եղեռն» եզրույթը: Շատերը Հայաստանում և հատկապես Սփյուռքում շարունակում են քննադատել Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը»՝ նկատելով, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին լրջագույն հարված է հասցվել: Իր վերջին հայտարարությամբ Հայաստանի նախագահը, ըստ էության, վտանգի տակ է դնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ապագայում ևս: Ավելին՝ վտանգի տակ է դնում տարիներ ի վեր այդ ուղղությամբ կատարված աշխատանքը և խուսանավելու առիթ ու հնարավորություն տալիս Հայոց ցեղասպանության խնդրին իրավական որակում տալ խուսափող այլ առաջնորդների և երկրների:

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728