Մեկնարկեց «Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագիծը
Այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահի բեմում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: «Քանի որ այս համերգն ազդարարում է նախագծի մեկնարկը, հետեւաբար այսօր համերգ-դաս չի լինի, եւ ներկաները միայն դասական երաժշտություն կունկնդրեն»,- նշեց Սերգեյ Սմբատյանը:
Երիտասարդների մոտ դասական երաժշտության հանդեպ առավել հետաքրքրություն առաջացնելու համար «Ուսանողական Ֆիլհարմոնիա» նախագիծը որդեգրել է մի սկզբունք. նախագծի ընթացքում բոլոր համերգների մուտքը ազատ է լինելու: Այս նախագիծը ոչ միայն նպատակ ունի երիտասարդներին բերել դեպի դասական երաժշտություն, այլև նրանց կրթել ու դասավանդել դասական երաժշտության ոգով: Երաժշտությունից բացի ուսանողները հնարավորություն կունենան լսելու փոքրիկ դասախոսություն տվյալ երգահանի ու ստեղծագործության մասին:
Կարդացեք նաև
«Համերգների ընթացքում հնչելու են ամենատարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգային ծրագրերով հանդես են գալու ՀՀ տարբեր երգչախմբեր»,-նշեց նախագծի մտահղացման հեղինակ եւ կազմակերպիչ Լուսինե Կարապետյանը:
Նախագծի բացման համերգի ընթացքում հնչեցին Էդվարդ Միրզոյանի, Կոմիտասի երգերը Սերգեյ Ասլամազյանի մշակմամբ եւ այլ ստեղծագործություններ:
Սեւակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ