«Այս ֆիլմերից շատերն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում, եւ դրանք ներկայացնում են մարդկային սրտառուչ պատմություններ: Եկեք ոգեշնչվենք այն մարդկանց օրինակով, ովքեր ունեցան այլ մարդկանց մասին հոգ տանելու քաջություն` սովորական մարդիկ, ովքեր արտասովոր քայլեր արեցին` պաշտպանելու մարդկային արժանապատվությունը»,-այսօր «Հակամարտությունը եւ հաշտեցումը Կենտրոնական-Արեւելյան Եվրոպայի կինոմշակույթում» միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ նշեց ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Հենրիետ Արենսը:
Նրա համոզմամբ՝ արվեստը հզոր գործիք է, իսկ նրանց օրինակը կարող է օգնել մեզ այսօր կառուցելու ավելի լավ աշխարհ: Փետրվարի 13-ից մինչեւ ապրիլի 10-ը Եվրոպայի եւ ԱՄՆ հայտնի ֆիլմարտադրողների 9 մրցանակակիր ֆիլմերը, որոնք անդրադառնում են հակամարտության, հաշտեցման, մարդկային խիզախության, կարեկցանքի զգայուն թեմաներին, կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում: Կինոփառատոնի նպատակն է կինոարվեստի միջոցով հայաստանյան հասարակությանը եւ մասնավորապես երիտասարդներին ներկայացնել Կենտրոնական-Արեւելյան Եվրոպայում հակամարտություններից եւ հաշտեցումից քաղված դասերը: Փառատոնը մեկնարկում է «Գալիցիայի երեք պատմությունները» ֆիլմի ցուցադրությամբ:
ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության ներկայացուցիչ Մարիա Իոցենկոն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ֆիլմը շատ հուզիչ եւ արտասովոր պատմության հիման վրա է: Այն տարբեր ազգային պատկանելություն ունեցող խմբերի մասին է, ովքեր ապրել Լեհաստանում, Ուկրաինայում եւ Չեխիայում. «Ֆիլմը 3 պատմությունների հիման վրա է: Առաջինը հրեական ընտանիքի մասին է, որի անդամները, իրենց կյանքը վտանգելով, օգնում են թշնամիներին, 2-րդը ուկրաինացի կնոջ մասին է, նա զոհաբերում է ինքն իրեն ու իր երեխաներին` հանուն հայրենիքի փրկության, իսկ 3-րդը լեհ քահանայի, ով ցանկանում է վերջ դնել ազգային խտրականությանը»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ