Լրահոս
Օրվա լրահոսը

«Դինգո թիմ» ՀԿ.«Մենք ծնում ենք մարդասպանների, սադիստների և մոլագարների»

Փետրվար 13,2013 23:13

Բաց Նամակ ՀՀ ոստիկանության պետ
Վլադիմիր Գասպարյանին

Հարգելի պարոն Վ. Գասպարյան
Ձեզ է դիմում Փրկենք Կենդանիներին ԲՀԿ-ն և Կենդանիների Պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ-ն` բազմաթիվ քաղաքացիների անունից:
Հայտնում ենք մեր մտահոգությունն ու դժգոհությունը Երևանում թափառող կենդանիների դեմ կիրառվող պայքարի միջոցների վերաբերյալ: Մենք բազմիցս ականատես ենք եղել կենդանիների ոչնչացմանը հրազենի կիրառմամբ քաղաքի բակերում: Շատերի համար արդեն սովորական երևույթ է դարձել գիշերը քնից արթնանալ կրակոցների և վիրավոր շան կաղկանձի ձայներից և պատուհաններից ականատեղ լինել այդ արյունալի տեսարաններին սեփական բակում:

Բազմիցս զանգահարելով ոստիկանություն` հերթապահ բաժնին, հայտնել ենք կատարվածի մասին, սակայն մշտականապես մեր հայտարարությունները մերժվել են` ասելով, թե իրենք տեղյակ են, և կա ինչ-որ քաղաքապետարանի կամ թաղապետարանի որոշում: Սակայն երբևիցե և ոչ մի հերթապահ ոստիկան չի կարողացել հայտնել այդ որոշումների համարները, ընդունող անձի անունը և այլ տեղեկություններ: Ավելին, նրանցից ոչ մեկը անձամբ չի տեսել այդ որոշումը, որի վրա և հղում է կատարում: Հերթապահ ոստիկանների հետ ունեցած խոսակցություններից այլ մանրամասներ դուք կարող եք լսել այս նամակին կցված ձայնագրություններում:

Աջափնյակ. Փետրվար 2013 
Նոր Նորք. Դեկտեմբեր 2012 
Շենգավիթ. Մարտ 2012 

Երևանի քաղաքապետարանի կարիքների համար թափառող կենդանիների վնասազերծման ծառայություններ մատուցում է միայն «ՅունիգրաֆԻքս» ՍՊԸ-ն, որը ընտրվում է ամենամյա մրցույթում: Մրցույթի պայմաններով նախատեսված չէ հրազենի կիրառում, ինչը և բնական է, քանզի դա կհակասեր մի շարք օրենքների պահանջներին, մասնավորապես
* Զենքի մասին ՀՀ Օրենքի 24 հոդվածի այն է `մեջբերում. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օրինական հիմքով իրենց մոտ գտնվող զենքը կարող են գործադրել կյանքի, առողջության և սեփականության պաշտպանության համար միայն անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,
* Որս եվ որսորդական տնտեսության վարման մասին ՀՀ օրենքի 21.1 հոդվածի 5 կետի այն է ` մեջբերում. «Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է որս իրականացնել` բնակավայրերին, հանգստի գոտիներին և ավտո մայրուղիներին մոտ տարածքներում` որսորդական ակոսավոր հրազենով, ոչ պակաս, քան 5000 մետր, իսկ ողորկափող հրազենով` 500 մետր հեռավորությունից.» ,
* ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 92 հոդվածի այն է ` մեջբերում.«Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը» :

Այսպիսով` թեև թե Երևանի քաղաքապետարանը, թե քաղաքապետարանի պատվերը կատարող Յունիգրաֆ X ՍՊԸ-ն մշտականապես հերքում են այս փաստը, այնուամենայնիվ նրանք իրենց գործունեությունը իրականացնում են հրազենի կիրառմամբ քաղաքի պայմաններում, անմիջականորեն շներին գնդակահարելով հենց բակերում, ինչին կան բազմաթիվ ականատեսներ և հաստատվում է ՀՀ ոստիկանության կողմից, ինչի հետևանքով վտանգի է ենթարկվել Երևանի բնակիչների կյանքը և առողջությունը:
Փաստացի՝ չունենալով որևիցե իրավական հիմքեր հերթապահ ոստիկանները մերժում են քաղաքացու հայտարարությունը հանցագործության մասին և նպաստում դրա շարունակական բնույթ կրելուն:
Այս ամենում կա 2 անհերքելի փաստ: Առաջինն այն է, որ շներին կրակում են հրազենով, և երկրորդը, որ կողմերից մեկը ակնհայտ ստում է` կամ քաղաքապետարանը, կամ ոստիկանությունը: Իսկ հարցերը շատ ավելին են. Ինչպե՞ս ընդունենք հերթապահ ոստիկանների դիրքորոշումը, որոնք մեկ մարդու պես նույն բանն են ասում: Սա ի՞նչ է՝ միտումնավոր սո՞ւտ, թե՞ մասնագիտական ոչ կոմպետենտություն: Արդյո՞ք ՀՀ ոստիկանությունը նույնիսկ այս չնչին հարցում ունակ չէ ապահովել քաղաքացու անվտանգությունն ու անդորրը:
Գուցե մենք ինքնե՞րս փորձենք դրանք ապահովել մեր ուժերով:
Նույնիսկ եթե անտեսենք կենդանիների կյանքերը, ապա միևնույն է` ունենք սարսափելի և դաժան իրականություն: Դաժանության դրսևորումը չի տարբերակում մարդ կամ կենդանի: Դաժանությունը ծնում է դաժանություն, և դժվար է չհամաձայնվել Աստվածաշնչյան այս տողերի հետ –
Իրենց գործերի՛ց կըճանաչէք նրանց. Միթէ փշերից խաղող եւ տատասկից թուզ կըքաղե՞ն։ Այսպէս, ամէն բարի ծառ բարի պտուղ է տալիս, եւ չար ծառ չար պտուղ է տալիս։ Լաւ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լաւ պտուղ տալ։ Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում։

Ցավոք ունենք նաև այդ դաժանության իրական պտուղները: 2012 թվականի սեպտեմբերի 1-ի աղմկահարույց դեպքը, երբ Սասուն Սաֆարյանը դպրոցի բակում դանակահարել էր իր հղի կնոջը, դրա վառ ապացույցն է: Սասունը հենց նույն ինքը` Յունիգրաֆ իքսի «շուն խփողներից» էր:

Ով գիտի դեռ ինչքան, երբ և ինչ դրսևորումներով ենք մենք քաղելու այս դաժանության սերմանած պտուղմերը: Խոսքերով դատապարտելով դաժանությունը` մենք, այնուամենայնիվ, անում ենք ամեն ինչ, որ մեր երեխաները մեծանան դաժանության, բռնության և անտարբերության մթնոլորտում: Այն երեխան, ում աչքի առաջ անընդհատ կատարվում է կենդանիների սպանդ, սկսում է ընկալել սադիզմը իբրև կենսակերպ: Այստեղից էլ հանցագործությունների և դաժանությունների աճը: Հայտնի է, որ անպատժելիությունը ծնում է հանցագործություն: Հետամուտ չլինելով օրենքների աշխատելու մեխանիզմին` մենք ծնում ենք մարդասպանների, սադիստների և մոլագարների:

Իսկ եթե մի կողմ դնենք նամակում տեղ գտած էմոցիոնալ բաղադրիչը, ապա հայցում ենք Ձեր ուշադրությունը վերը նշված հանգամանքներին և համապատասխան ընթացք տալուն այս նամակին, ապօրինությունները դադարեցնելու ակնկալիքով:

«Դինգո թիմ» հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728