Գյումրեցիները Պարույր Հայրիկյանին դիմավորեցին թատրոնի` գրեթե դատարկ դահլիճում
Մինչ նախագահի այս թեկնածուի ժամանումը` ԱԻՄ-ի մեքենան շրջում էր Գյումրու թաղերով` մարդկանց տեղեկացնելով, որ Պարույր Հայրիկյանն է գալիս: Չնայած իրազեկելուն, թատրոնի դահլիճը գրեթե դատարկ էր, եկել էին մի քանի հոգի նրա համախոհներից, մի քանի ջահելներ էլ այլ կուսակցություններից` նրան ունկնդրելու ու որոշակի ճշգրտումներ կատարելու նպատակով: Նախագահի թեկնածուն, տեսնելով, որ իրոք անհամար վիճակ է, ունկնդիրներ գրեթե չկան, սկսեց փրկել դրությունը` ասելով, որ ինքը հստակ չէր որոշել գալ Գյումրի, դրա համար էլ նախապես տեղյակ չի պահել բնակչությանը:
Ըստ Հայրիկյանի՝ Գյումրու պես քաղաքում պետք է մի շաբաթ առաջ տեղեկացնես քաղաքացիներին, մինչդեռ ինքը ճանապարհ ընկնելուց առաջ չգիտեր իր առողջական վիճակը կբավարարի ՞ Գյումրի գալ, թե՞ ոչ: Պարույր Հայրիկյանի ասելով՝ նույնիսկ առավոտյան բժիշկները համոզել են գնալ ու պառկել հիվանդանոց: Այդուհանդերձ, թեկնածուն նշեց, որ անչափ ուրախ է իր առաջին իրական քարոզարշավը Գյումրիում անցկացնելու համար: «Դուք գիտեք, որ վերջին երկու նախագահական ընտրություններին ես ընդհանրապես չեմ մասնակցել, իսկ նախորդ ընտրություններից` խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ տեսանք, թե ինչքան մեծ դեր ունի ընտրակաշառքը, խորհրդարանական ընտրություններին չմոտեցանք, որովհետև ընտրություն նշանակում է ընտրություն»:
Սակայն, ըստ թեկնածուի, երբ ակնհայտ դարձավ, որ գոնե խոսքի ազատություն կա, ինքը ոորշեց առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Նա տեղեկացրեց, որ թեև անձնական նախաձեռնությամբ է հանդես եկել, սակայն հին ԱԻՄ-ականները պատրաստակամություն են հայտնել իրեն սատարել, իսկ ԱԻՄ-ական նշանակում է հսկա բանակ:
Կարդացեք նաև
Այնուհետ ԱԻՄ առաջնորդը հիշեց իր կուսակցության կատարած համազգային գործերը, ներկայացրեց Հայաստանը զարգացնելու իր ծրագրերը, խոսեց իր դեմ կատարված մահափորձից: «Չարակամներն ասում են՝ ախր ի՞նչ միտք ունի, որ դուք մասնակցում եք քաղաքական ընտրություններին, ես ուզում եմ հասկանալ, եթե չարակամ են` պատասխանելն ավելորդ է, իսկ եթե մոլորության մեջ են ընկել, ուղղակի ասում ես` դուք այլ բնույթի հարց կարող եք տալ: Մեկ հարց` ինչո՞ւ դուք չես մասնակցել նախորդ ընտրություններին, դու հարցնում ես Հայրիկյանի՞ն, այն մարդուն, որն իր գործով օգտակար է եղել, որ դու դառնաս երկրագունդ մոլորակի վրա Հայաստան հատվածի արժանավոր քաղաքացի՞, դու ինչ-որ բան խառնում ես իրար»:
Պարույր Հայրիկյանը Գյումրիում մեկ անգամ ևս պնդեց, որ իր դեմ կատարված մահափորձը ոչ թե իր դեմ էր, այլ ամբողջ ժողովրդի: «Ես այս 12 օրերի ընթացքում զգացի, առաջին օրերին չէի խորանում , պարզապես գիտեմ , որ իմ վրա կրակողները իմ վրա չեն կրակել, այլ կրակել են բոլոր հայերի վրա: Բայց չէի վերլուծում, թե հատկապես ինչո՞ւ: Ի վերջո, ամփոփելով տեսա, ես տանում էի այն գիծը, որ հայ ազգին պետք է օգնեի դառնալ իր ճակատագրի իսկական տերը: Այսինքն իմ վրա արձակված կրակոցը իմ վրա չէր արձակված, դա ասում էին բոլորը, պետական այրերն ասում էին` դա պետության վրա է, հայ մարդիկ ասում էին՝ դա ամբողջ հայերիս վրա է», -ասաց Պարույր Հայրիկյանը:
Ըստ նրա՝ եթե ինքը չլիներ գնդակահարվողը, այլ լիներ կողմնակի թեկնածու, իր առաջին հակազդեցությունը կլիներ սա. «Ահաբեկիչներ, դուք ցանկացաք սպանել այն մարդուն , ով ամենավտանգավորն էր ձեզ համար: Մեր ժողովրդի թշնամիներ, ուրեմն իմ պարտքն է սատարել այդ մարդուն: Բայց մեր քաղաքական գործիչները վաղը նույնիսկ կասեն` գիտեք, Հայրիկյանը չարաշահեց իր վրա կրակելը, այլ ոչ թե մեր ազգի վրա կրակելը» :
Նա հարկ համարեց հիշեցնել, որ իր վրա կրակում են 40 տարուց ավելի և դա ոչ թե Պարույր Հայրիկյանի անձի դեմ է, այլ իր գաղափարների: Նա նեղվեց այն կասկածներից, թե իր վրա կատարվածը գուցե մահափորձ չէր: «Մարդու մարմնով 29 սանտիմետր գնդակը անցնում է, բժիշկները դրա մասին հայտարարում են, բայց քաղաքական գործիչ-թեկնածուն ասում է` դեռ պետք է պարզենք, որ մահափորձ է: Եթե ընդունի, որ դա մահափորձ է, եթե Հայրիկյանը սպանված լիներ, շատ լավ է, կասեին` ազգային հերոս է , կամ ինչպես ասում են` անկախության խորհրդանիշը սպանվեց: Բայց որ չի սպանվել , ես վերաբերմունք պետք է դրսևորեմ, չէ՞: Ես իր մրցակիցն եմ , փաստորեն ես ու տեռորիստը միասին Հայրիկյանի դեմ ենք պայքարում : Ես` Սերժ Սարգսյանս, և Հայրիկյանի վրա կրակողս, երկուսս էլ ուզում ենք, որ Հայրիկյանը նախագահ չդառնա: Եվ ինչի՞ պիտի հանգեցներ, սպասի` ես կարող եմ դառնալ, ես տեռորիստի հետ չեմ: Հայրիկյանը էն մարդն է, ում շնորհիվ ես դարձել եմ Հայաստանի Հանրապետության նախագահ: Հայրիկյանը չկերտեր անկախ Հայաստանը, ես ինչի՞ նախագահը պիտի դառնայի: Հիմա ես սա ինչի՞ եմ ասում, մեր շատ քաղաքական գործիչները փորձեցին իրենց խաղերն անել, եկան ցավակցեցին, հայտնեցին իրենց զորակցությունը: Ես էդ ամենը սիրով ընդունեցին և որևէ մեկին կշտամբել չէի պատրաստվում, բայց մտավորականների ինձ գրած նամակը հանկարծ ինձ հուշեց` դու ի՞նչ ես անում, մենք կոչ ենք անում բոլոր թեկնածուները հանեն իրենց թեկնածությունը, որովհետև էս պահին մենք կիզակետում էինք հայտնվել, ասում էին գրողները-մտավորականները: Բայց Հայրիկյան, դու ինչո՞ւ ընթացք չես տալիս դրան, չէ՞ որ դու անում ես մի բան, որը քեզ չի վերաբերում, եթե մենք մի խումբ գրողներով հավաքվել դիմում ենք թեկնածուներին, ասում ենք` դուք էս պահին պիտի հասկանաք, որ Հայրիկյանը, լինելով մեր թշնամիների գլխավոր թշնամին, ուրեմն Հայրիկյանը, մեր իրական բարեկամն է: Դու վերցնում ես քո վրա , մի արա էդ բանը, դու խոսիր դրա մասին, և և ես 3 տարի սկսեցի խոսել դրա մասին»,- ասաց թեկնածուն:
Այս խոսքի վրա Հայրիկյանը բոլորին երեսով տվեց` հարցնելով՝ եթե ինքը չստեղծեր անկախություն, դուք ում նախագահ պիտի դառնայիք: Նա խոսեց նաև Սերժ Սարգսյանից, նշելով, որ նա կաշկանդված է, ընդդիմադիրներն անվանեց զուգահեռ իշխանություն: «Գիտեք քաղաքական գործիչները, ի վերջո, մեր գործընկերներն են, նրանք են քաղաքական դաշտի մարդիկ: Եվ ես մի քանի անգամ փորձեցի բացատրել, որ Սերժ Սարգսյանը իր գործը անում է, ես չլինեմ դատավորի դերում , բայց չի արդարացնում իրեն , իրեն քննադատել եմ արտաքին քաղաքականության հարցով, և դեմոկրատիայի հարցով, նաև բանակի հարցով, որով հիացած են բոլորը, որովհետև ես նախագիծ էի ներկայացրել աղջիկներին կամավորապես բանակ տանելու վերաբերյալ`10 ամսվա: Հանգամանալից քննարկել էին, ինչ-որ տեղ ընթացք տվել, հետո դա կանգ առավ, այսինքն նույնիսկ այն ոլորտում, որտեղ ակնհայտ է որոշակի քայլեր կատարելու անհրաժեշտությունը, ինքը նույնպես ուներ զգուշավորություն: Բայց ինձ համար շատ կարևոր է ազգային –արժեքային համակարգի նկատմամբ իր վերաբերմունքը: Մանրամասների մեջ չխորանանք`միասնական ուղղագրությունից սկսած վերջացրած մինչև մեր ազգային տոները մինչև նաև որոշ ձևակերպումներ, որոնք խորհրդանիշ են մեր ազգի համար և ազգային կրթական նշանակություն ունեն: Օրինակ` մեր հիմներգի մասին առաջարկածս կառավարությունը քննել, ընդունել է միաձայն բոլոր մտավորականները, հատուկ հնաձնաժողովը քննարկել է, և դրել մի կողմ: Ես հասկացա, որ Սերժ Սարգսյանը կաշկանդված է շատ բաներով: Աստված իր հետ, կաշկանդված ես քո չափերով աշխատի, բայց իմ երկրի նախագահը պիտի անկաշկանդ, ու իսկապես ժողովրդին հենվող անձ լինի»:
Թեկնածուն նեղվեց, որ հիվանդանոցից զանգահարել է Րաֆֆի Հովհաննիսյանին ու Հրանտ Բագրատյանին՝ համախմբվելու կոչով, սակայն վերջիններս պատճառաբանել են , որ շատ զբաղված են, ժամանակ չունեն իրեն այցելելու:
Նա նաև հայտարարեց, որ թե նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը , թե վարչապետ Հրանտ Բագրատյանը և թե նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնից դուրս ոչինչ չեն արել հայ ազգի համար:
«Ես ընդդիմության դաշտը փորձեցի համախմբել, միավորել, որովհետև մենք ուսումնասիրություններ ենք կատարում, գիտեք ես քաղաքականության մեջ որքան ռոմանտիկ եմ, նույնքան էլ գիտական: Եվ այդ մոտեցումը ինձ թելադրում էր ուսումնասիրել հասարակական կարծիքը: Գիտե ՞ք ինչ պարզվեց. Րաֆֆի Հովհաննիսյան-Պարույր Հայրիկյան-Հրանտ Բագրատյան առանձին-առանձին նրանց ստացած տոկոսները գումարում էինք իրար, ստացվում էր 40 տոկոս: Սերժ Սարգսյանինն էլ` 50-ից ավելի: Եվ ես տեսնում էի մարդկանց, ում որ հարցրել էինք` ո՞ւմ կտաք ձեր ձայնը և ստացվել էր մոտավորապես այդ 40 տոկոսը` մի քիչ ավելի կամ պակաս տարբեր տեղերում, երբ ասում էինք իսկ ինչպե՞ս կվարվեք դուք, եթե այս թեկնածուները միանան իրար և միասնական ճակատով հանդես գան , անսպասելի թիվ էր ստացվում 70 տոկոսը կտան այս թիմին: Դա տեսնելով` ես հրապարակավ, նախ փորձեցի անհատական. դե ես հիվանդանոցում պառկած, պատկերացրեք, հիվանդանոցում պառկած խոսում եմ Րաֆֆի հետ, խոսում եմ Հրանտի հետ Բագրատյան, իրենք ասում են` էս երկու օրը զբաղված ենք , վաղը կգանք, ես ասում եմ` լսեք կարևոր բան կա ասելու:Մենք միասին արդեն մի հայտարարություն ընդունել ենք ` ցուցակների վերաբերյալ , հիմա կարևոր բան կա ասելու: Իրենք ` լավ կգանք, մի երկու օր էլ սպասի, բայց ընտրություններն անցնում են , ժամանակն անցնում է, մինչդեռ պիտի էդ գործը իրականացնել: Ես որոշեցի հրապարակավ ուղերձ հղել, այդ ուղերձը հարյուր հազարից ավելի մարդ կարդացին իմ ֆեյսբուքյան էջում: Բոլորը խանդավառված, քանի որ բոլորը` նաև այդ թեկնածուների ընտրողները, դիմում են թեկնածուներին` ասում են` ինչո՞ւ Հայրիկյանի առաջարկածը չեք ընդունում. չէ՞ որ Հայրիկյանի առաջարկածը շատ հասարակ բան է, կամ միասին հաղթում ենք, կամ առանձին-առանձին պարտվում ենք: Առանձին-առանձին ամենաբարձր տոկոսով պարտվելու դեպքում էլ դրանից օգուտ չկա, բայց երբ միասին հաթում ենք,դու կարող ես լինել երրորդը այդ թիմում, բայց հաղթող թիմում ես, որովհետև եթե նախագահ է դառնում Հայրիկյանը , և իր հետ անցնում են Բագրատյանն ու Րաֆֆիի Հովհաննիսյանը, էդ դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է զբաղվել և արտաքին գործոց, արտաքին հարաբերություններով և ազգային անվտանգության հարցերով: Նույն Բագրատյանը կարող է բացի իր ծրագրերը կյանքի կոչելու հնարավորությունից, զբաղվել ոստիկանության հարցերով, նախագահի ենթակայության իրավասության տակ գտնվող նաև այլ հարցերով, պաշտպանության նախարարության հարցերը կան: Այսինքն, դու կարող ես թիմով լինել երրորդը, բայց ավելի լավ վիճակում, քան միայնակ լինել երկրորդը` 49 տոկոսով ու ոչինչ չստանալ: Արձագանքները ցույց տվեցին, որ մեր սիրելի քաղաքական գործիչները ինչ-որ նկատառումներ ունեն և շատ մեծ հավակնություններ: Հետո ես կռահեցի ինչո՞ւ ես ընկել էս մարդկանց հետևից, ինչի՞ ես ուզում, որ նրանք քեզ պես մտածեն , էդ մարդիկ ներկայացել են, իրենց կենսագրություններն անգամ նայեք , ո՞վ է Րաֆֆի Հովհաննիսյանը, շատ մոտ եմ Րաֆֆու հետ, Հայաստանի նախկին արտգործնախարար, ո՞վ է Սերժ Սարգսյանը` ՀՀ նախագահ, կամ նույնպես ինչ-որ ուրիշ պաշտոններ, Հրանտ Բագրատյան` Հայաստանի վարչապետ: Շատ լավ է, ուրախալի է, բայց պաշտոնից դուրս, առանց պաշտոնի ո՞վ է, ի՞նչ է արել ազգի համար, ոչինչ կա: Սա չեմ ասում ոչ թե նսեմացնելու համար, ուղղակի ես ուզում եմ ասել` ինչ չափորոշիչներով ես եմ վերաբերում խնդիրին: Իրենք էդ չափորոշիչներով չեն կարող վերաբերել, և դա մեղադրանք չէ, դա մեր իրավիճակի գնահատականն է»,- ասաց թեկնածուն:
Թեկնածուն ներկայացրեց իր ծրագիրը: Ըստ նրա՝ այսօր պետականությունը թեև վերականգնել ենք, սակայն ժողովրդին պակասում է արդարությունն ու արդարության զգացումը: «Իսկ ի՞նչ է արդարությունը, արդարություն նշանակում է ինչ-որ բան , որը պետք լիներ այդ տեղում, այդ տեղում չէ: Արդարության դեպքում ամեն բան, ամեն մարդ պետք է լինի իր տեղում , ամեն ոք զբաղվի իր գործով, և ոչ ոք չպիտի խանգարի ուրիշին իրականացնել իր իրավունքները»:
Նա նաև ասաց, որ վերջին տասնամյակներում ինքը մշակել է կատարյալ ժողովրդավարական պետության մոդելը, նախագահ դառնալուն պես վեց ամսվա ընթացքում նախաձեռնելու է սահմանադրական բարեփոխումների գործը: Ըստ այդ բարեփոխումների՝ վերացնելու է նախագահի պաշտոնը` իր ամբողջ ապարատով, և պետությունն ունենալու է ժողովրդի կողմից ընտրված վարչապետ և փոխվարչապետ: Իսկ պատգամավորները պառլամենտում քվեարկելու են իրենց ստացած ձայների քանակով: Ենթադրենք ստացել է չորս հազար ձայն, քվեարկելու է չորս հազար ձայնով:
Պարույր Հայրիկյանը խոսեց նաև դատական համակարգի մասին, նշելով, որ անհեթեթություն է թեկնածուներից մեկի այն միտքը, թե առաջին ատյանի դատավորները պետք է ընտրվեն: «Դու դատավորի որակը ինչպե՞ս ես ճանաչում, ընտրված դատավորի որոշումը պետք է բեկանի նշանակված դատավո՞րը: Մեր առաջարկը առաջին ատյանի դատավորները նշանակվում են այս կամ այնկերպ, իրենց գործունեության ընթացքում քննություն են հանձնում ժողովրդին, ժողովուրդը տեսում է՝ ինչպե՞ս է իրեն պահում և վերադաս ատյանի դատավորները ընտրվում են այդ դատավորներից »:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ