Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկատվության համաձայն` Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 6-32 հասցեի բնակիչներ Հարություն Փարսադանի Հարությունյանի և Գարիկ Փարսադանի Հարությունյանի մայրը հայտարարել է, որ որդիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն և վաղուց Հայաստանում չեն բնակվում, սակայն տվյալներն ընդգրկված են 38/03 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:
Տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Նշված անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի համաձայն` նրանց քաղաքացիությունը չի դադարեցվել:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Ընդ որում` Հարություն Փարսադանի Հարությունյանն օտարերկրյա պետություն բնակության մեկնելու կապակցությամբ 19.11.2002 թ. հանվել է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից և նրա անհատական տվյալներն առկա չեն ընտրողների ռեգիստրում, իսկ Գարիկ Փարսադանի Հարությունյանը մինչ այժմ հաշվառված է վերը նշված հասցեում և նրա անհատական տվյալներն իրավաչափորեն ընդգրկված են ընտրողների ցուցակում:
ՀՀ ոստիկանություն