Լրահոս
Օրվա լրահոսը

Մատուցողուհին մոռացել էր, որ սեղանին դրված դանակն արյունոտ էր

Փետրվար 13,2013 22:07

Համատեղ  ճաշկերույթն ավարտվել էր  սպանությամբ

 

Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է  Իջեւան քաղաքի բնակիչ,1981 թ. ծնված  Հունան Թամամյանի   դատավարությունը:

Նա մեղադրվում է  այն բանի համար, որ  2012թ . հունիսի 28-ին, Իջեւան քաղաքի «Մարմար» ռեստորանում լինելով ալկոհոլային հարբածության վիճակում, վիճաբանել է Իջեւանի բնակիչ, 30-ամյա  Խորեն Հովհաննիսյանի հետ, դանակով հարվածել վերջինիս կրծքավանդակի ձախ մասին, որի հետեւանքով Խ. Հովհաննիսյանը Իջեւանի բժշկական կենտրոն տանելու ճանապարհին մահացել է:

Հ. Թամամյանին մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանություն») եւ 268 հոդվածի 1-ին մասով («Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի»): Ամբաստանյալի նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դատավարության հերթական՝ փետրվարի 12-ի նիստը կայացավ լեփլեցուն դահլիճում, դատական կարգադրիչները դատական  նիստերի այլ դահլիճներից 2 նստարան բերեցին: Այդ նիստում վկայություն տվեցին գործով երկու վկաներ: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն ասաց, որ նրանք դատարան են եկել բերման երկու որոշումներից հետո: Որպես վկա հանդես եկած, «Մարմար» ռեստորանի 39-ամյա  մատուցողուհի Աննա Չիբուխչյանը պատմեց, որ այդ օրը երեկոյան Խորենն իր երկու  ընկերների հետ ռեստորան  էր եկել, հետո  նրանց են միացել այլ անձինք, նաեւ՝ Հունան Թամամյանը: Մատուցողուհու խոսքերով՝ մինչեւ Հունանի գալը սեղանակիցները 3 շիշ օղի են էին խմել, մեկ շիշ էլ պատվիրել են  Հունանի  գալուց հետո:

Վկայի խոսքերով՝ վիճաբանություն է եղել Հունանի եւ Խորենի հյուրերից մեկի հետ: Խորենը  Հունանից պահանջել է հարգալից վերաբերել իր հյուրի հետ: Մատուցողուհին  պատմեց, որ ճաշկերույթի վերջնամասում լսել է վիճաբանության բարձր ձայներ, որից հետո իրենք որոշել են ռեստորանը փակել:  Հետո ինքը տեսել է կոտրված մի քանի բաժակ եւ ափսե, սեղանին դրված, ուտելիքը  կտրտելու համար նախատեսված  դանակը՝ ծռված վիճակում, Խորենին էլ  տաղավարից դուրս, մթության մեջ, կողքի ընկած վիճակում:

Մատուցողուհին դատարանում ասաց, որ ինքը չի տեսել, թե  դանակն արյունոտ էր: Քանի որ վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների մեջ կային էական հակասություններ, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը որոշեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը:  Այնտեղ  Աննան նշել էր, թե ինքը  դանակը ծռված ու արյունոտ է տեսել: Դատական այդ նիստում տուժողի իրավահաջորդը իր շահերի նոր ներկայացուցիչ ուներ, վերջինս՝ փաստաբան  Հակոբ Սարգսյանը  դատարանին 10 օր  ժամանակ  խնդրեց քրեական գործի նյութերին լիարժեք  ծանոթանալու համար: Այս գործով դատական հաջորդ նիստը նշանակված է  փետրվարի 26-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728