Լրահոս
Օրվա լրահոսը

«Թագավորը» Սերժ Սարգսյանին բացատրում է, թե արկածախնդրությունը որն է (տեսանյութ)

Փետրվար 13,2013 21:30

Րաֆֆի Հովհաննիսյանի համար աններելի է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը

 

«Թագավոոո՜ր»,- այսօր Մուսալեռում այսպես դիմավորեցին Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս ուղղեց. «Թագավորը ես չեմ, այս երեխեքն են»:

Նախագահի թեկնածուն մուսալեռցիներին վստահեցրեց, որ շատերը զգում են՝ փետրվարի 18-ին մի նոր տեսակի հայկական զարթոնք է լինելու՝ Մուսալեռան ոգով: Հայկական ընտրական հեղափոխություն է լինելու:

Նա Մուսալեռում էլ կրկնեց՝ «Սա պայքար չէ Րաֆֆիի ու Սերժի միջեւ: Պարոն Սարգսյանը չնեղանա իմ խոսքերից: Իմ խոսքերը բարի են, ժպիտով են, բայց շատ խիստ են, որովհետեւ այլեւս պիտի թույլ չտանք, որ հայ մարդը իր գյուղում եւ իր հայրենիքում ապրի ողորմությամբ, խեղճուկրակ, անգործ, անարդարության մեջ եւ արտագաղթով: Ինքը բարի մարդ է, բայց ամեն մեկիս մեջ կա չարը, էդ վախը, փոքրությունը: Նաեւ իմ մեջ էլ կա: Բայց ես հաղթահարում եմ դա: Բայց ինքը պետք է դա հաղթահարի ժողովրդին վախեցնելու, ժողովրդին վերեւից նայելու, ժողովրդի քվեն տանելու այդ ահավոր սովորությունը: Ասում են, որ ժողովրդին մենք բաժան-բաժան անում ենք, երբ այդ տղաներն ու աղջիկները ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ կանգնեցին Մարտի 1-ին՝ փրկելով թե՛ քաղաքացու, թե՛ ոստիկանի կյանքը: Մե՞նք ենք, որ բաժան-բաժան ենք անում: Ո՛չ, երբե՛ք: Մենք ժողովրդին միացնում ենք: Միացնում ենք, ոչ թե անձի շուրջ, հարստության շուրջ, ոչ թե կուսակցական կեղծ դրոշի շուրջ, այլ մեր պետական դրոշի, ժողովրդի հեռանկարի շուրջ: Որքան շուտ հասկանան բոլորը՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, անկուսակցական, որ ժողովուրդը գնում է հաղթանակի, այդքան ավելի լավ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ առ մեկ անդրադարձավ գործող նախագահի քննադատություններին, որոնք առնչվում էին իր խոսքերին. «Պարոն հարգելի նախագահն իրեն թույլ տվեց ասել, կամ իր համար գրեցին՝ ես վստահ չեմ, որ արկածախնդրություն է, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ն: Ես նրա հետ համաձայն չեմ: Ես գտնում եմ, որ արկածախնդրություն է նրա քաղաքականությունը, որ մեզ բերել է Թուրքիա-Հայաստան աններելի հակասահմանադրական, բոլշեւիկաթուրքական պրոտոկոլների՝ արձանագրությունների ստորագրման: Աններելի է այդ քաղաքականությունը, որ խորացնում է իր նախորդներից ժառանգած մադրիդյան սկզբունքը, որ ուզում է հայրենիք վերադարձնել, հանձնել, գաղթականների իրավունք չճանաչել: Արկածախնդրություն է նրա կողմից եւ Եվրոպայի կողմից, Ռուսաստանի կողմից, որ Կոսովո ու Աբխազիա են ճանաչում, բայց մի րոպե ստալինյան ժառանգությունը ով առաջին անգամ  հարցականի տակ դրավ, ասաց, որ ես կորցրել եմ Արեւմտյան Հայաստան, բայց  պաշտպանում եմ իմ հայրենիքը, ասում եմ՝ ոչ Ստալինին: Հայ ժողովուրդը, հենց Մուսալեռը զոհ տվեց, ամբողջ հայությունը զոհ տվեց, որ պաշտպանենք հայրենիքը: Ինքը՝ պարոն Սարգսյանը, նույնպես մեծ ավանդ ունեցավ: Եվ ինչպե՞ս է իրեն թույլ տալիս ասել, որ սա արկածախնդրություն է: Արկածախնդրությունը մադրիդյան սկզբունքն է, արկածախնդրությունն է Կոսովոն ճանաչելը, Աբխազիան, բայց ոչ ԼՂՀ-ն: Նոր նախագահությունը, ունենալով ժողովրդի վստահության քվեն, պիտի չվախենա: Պիտի ունենա շատ նորմալ հորիզոնական հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի հետ, Պարսկաստանի հետ: Ոչ թե Հայաստանը պետք է ինչ-որ գերտերությունների միջեւ ճամբարախաղ խաղա»:

Րաֆֆի Հովհաննիսյանը մուսալեռցիներին վստահեցրեց, որ եթե նախագահն ընտրվի ժողովրդի քվեով, Թուրքիան պիտի ճանաչի Ցեղասպանությունը, կամ էլ Հայաստանի նախապայմանը լսի. «Աշխարհը պիտի հասկանա, որ Հայաստանը, չնայած փոքր երկիր է, բայց եւս ունի ազգային շահ ավելի շատ, քան Կոսովոն»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728