Այսօր «Արմատ» մամուլի ակումբի հյուրերը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Եվրամիության աջակցությամբ «Ապագան քոնն է» ՀԿ իրականացրած «Քո ձայնը երկրի ապագան է» ծրագրի մասնակիցներ Վահան Կոստանյանը, Աննա Գասպարյանը, Վիկտորիա Այդինյանը, վստահեցնում էին, որ ծրագրին մասնակցելուց հետո նրանք դարձել են ավելի տեղեկացված և հիմա ավելի լավ գիտեն, թե ինչպես պաշտպանեն իրենց խախտված իրավունքները ընտրությունների ժամանակ:
Քանի որ իրենք առաջին անգամ են մասնակցում ընտրությունների, իրենց համար շատ կարևոր էր ստանալ այս գիտելիքները: Մասնակիցների կարծիքով՝ երիտասարդների շրջանում քաղաքացիական մտածելակերպ չկա:
Ինչպես առաջներում, այնպես էլ այսօր երիտասարդները խմում են սիմվոլիկ կենացներ իրենց հայրենիքի, հողի, ազատության համար՝ իրականում չհասկանալով դրանց արժեքը: Նրանց խոսքերով՝ այսօր մենք ունենք պետականության գիտակցության խնդիր, և տեղեկացվածության շնորհիվ երիտասարդները կարող են լուծել այս խնդիրը, և իրենք էլ փորձում են իրենց երթով ակտիվություն մտցնել երիտասարդների շրջանում: Այսօր իրենք պատրաստվում են բաց նամակ ուղղել Տիգրան Մուկուչյանին՝ հույս հայտնելով , որ ընտրությունները կանցնեն ՀՀ. Սահմանադրությանը համաձայն, առանց խախտումների: «Մեր յուրաքանչյուր քվեն արժեք ունի»,- համոզված են ծրագրի մասնակիցները: Այն հարցին, թե արդյո՞ք նրանք հասցրել են հետևել քարոզարշավներին և կարո՞ղ են իրենց գնահատականները տալ այն կարծիքի վերաբերյալ, որ պետք է գնալ ընտրությունների, չքվեարկել և փչացնել իրենց քվեաթերթիկները, մասնակիցները պատասխանեցին, որ ծրագիրը քաղաքական ուղղվածություն չունի, և այդ պատճառով ծրագրի շրջանակներում նրանք չեն հետևել քարոզարշավներին, սակայն իրենց սուբյեկտիվ կարծիքով ընտրությանը մասնակցելը մեր յուրաքանչյուրի պարտքն է: Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավներին, մասնակիցները համոզված են, որ եթե վերցնենք «կլասիկ ընտրությունների» օրինակը և համեմատենք մեր երկրի հետ, ապա նրանք կարծում են, որ քարոզարշավները նորմալ են ընթանում, պահպանվում են մինիմալ նորմերը:
Կարդացեք նաև
Լրագրողների այն հարցին, թե իրենք ի՞նչ պետք է անեն, երբ գնան ընտրությունների և տեսնեն, որ իրենց անունները չկան ցուցակներում, մասնակիցները պատասխանեցին, որ իրենք արդեն նախօրոք ստուգել են elections.am կայքում իրենց անունները, սակայն, եթե որևէ մեկը իր անունը չի գտնում ցուցակում, պիտի դիմի դատարան և վերականգնի իր ընտրելու իրավունքը:
Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ