Բանակցություններին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում էր գլխավոր բանակցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Եվրոպական պատվիրակության ղեկավարն էր եվրոպական կողմի գլխավոր բանակցող Եվրոպական Հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյը:
Չորրորդ փուլի ընթացքում շարունակվել են բանակցությունները Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) բանակցային ուղղությունների տեքստերի նախագծերի շուրջ: Զգալի առաջընթաց է գրանցվել բոլոր ուղղություններով ընթացող բանակցություններում, իսկ պետական գնումներին, կայուն զարգացմանը, մաքսային հարցերին, առևտրի տեխնիկական խոչընդոտներին և կանոնակարգման թափանցիկությանն առնչվող մի քանի բանակցային տեքստեր համաձայնեցվել են եվրոպական կողմի հետ:
Էական զարգացումներ են գրանցվել նաև մաքսատուրքերի դրույքաչափերի վերացման փոխադարձ առաջարկների, ինչպես նաև ծառայությունների առևտրի ազատականացման առաջարկների բանակցություններում:
Կարդացեք նաև
Բանակցային փուլի վերջում ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ, որտեղ ամրագրվել են բանակցությունների հաջորդ փուլին նախապատրաստվելու վերաբերյալ կողմերի պարտավորություններն ու պայմանավորվածությունները:
ԽՀԱԱԳ բանակցությունների հինգերորդ փուլը կկայանա սույն թվականի ապրիլին` Երևանում: Բանակցային այս փուլի ընթացքում կշարունակվեն բանակցությունները դեռևս չհամաձայնեցված բանակցային տեքստերի նախագծերի, ինչպես նաև մաքսատուրքերի դրույքաչափերի վերացման և ծառայությունների առևտրի ազատականացման վերանայված փոխադարձ առաջարկների շուրջ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն