Լրահոս
Օրվա լրահոսը

2.3 միլիոն դոլարով նորոգված, սարքավորումներով հագեցած բուժկենտրոնի տնօրենը Երեւանում է վիրահատվել

Փետրվար 13,2013 17:05

Ինչո՞ւ են մարզերում հսկայական փողեր ծախսվում

Փետրվարի 10-ին Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնից դուրս է գրվել Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Հրաչյա Ներսիսյանը: Այդ մասին « Առավոտի» թղթակիցը տեղեկացավ «Նաիրի» բժշկական կենտրոնից: Հրաչյա Ներսիսյանը լեղապարկի հեռացման վիրահատության է ենթարկվել; Մեր տեղեկություններով՝ լապորասկոպիկ եղանակով վիրահատությունը կատարել է ճանաչված վիրաբույժ Անդրանիկ Ադամյանը:

Նշենք, որ Տավուշի մարզի 2005-2008 թվականների զարգացման ծրագրով Իջեւանի հիվանդանոցը ձեռք է բերել լապորասկոպիկ վիրահատության սարք: Սակայն այն սկսել են կիրառել միայն Իջեւանի բժշկական կենտրոնի նորոգումից հետո:

Ինչպես տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը, ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ, «Նաիրի» բժշկական կենտրոնի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այդ հիվանդանոցի լապորասկոպիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ադամյանը 2011 թվականից Իջեւանի բժշկական կենտրոնում լապորասկոպիկ վիրահատություններ է կատարում: Սակայն Հրաչյա Ներսիսյանը գերադասել է վիրահատվել Երեւանում:

Նշենք, որ Իջեւանի բժշկական կենտրոնը հիմնանորոգելու, արդիական սարքավորումներով հագեցնելու համար Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներից ծախսվել է 2.3 միլիոն դոլար: 2010թ. ապրիլի 9-ին Իջեւանի բժշկական կենտրոնի հանդիսավոր բացմանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կենտրոնի բացման արարողության ժամանակ ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն ասել է, որ Իջեւանի բժշկական կենտրոնի անձնակազմը վերապատրաստված է, բացի դրանից՝ Երեւանից լավագույն մասնագետները խորհրդատվության համար կգնան այնտեղ, որ բոլոր մարզերն էլ կարիք ունեն նման բարձրակարգ հիվանդանոցների:

2012թ. Տավուշի մարզ այցելած առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հայտարարել է, որ 2012թ. իջեւանցի 50 հղի կին գերադասել է ծննդաբերել ոչ թե հիմնանորոգված եւ սարքավորումներով հագեցած Իջեւանի բժշկական կենտրոնում, այլ շենքային ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող Դիլիջանի բժշկական կենտրոնում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728