«Ես կուսակցական պատկանելություն ունեմ, դրա համար դհոլ-զուռնա եմ բերել, որ լավ լինի»,- այսպես արձագանքեց Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին դհոլ-զուռնայով դիմավորում:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կապ ունի կուսակցական պատկանելությունը եւ արդյոք մյուս թեկնածուների՞ն էլ այդպես են դիմավորում: Բագրատ Հարությունյանն ասաց. «Ես եմ ուզել կուլտուրական կոչումով լինի, մյուս թեկնածուներին էլ լավ ենք վերաբերում, թշնամի հո չե՞նք: Իրար դեմ բան չունենք: Մեր մոտ ամեն մարդ իրա թեկնածուին պիտի ընտրի՝ հաշվի առնելով ճիշտ իրականությունը»:
Հանդիպումից հետո նախագահի հետ հանդիպմանը ներկա մարտունեցիներից փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ հարցեր չէին տալիս Սերժ Սարգսյանին եւ արդյոք դա քաղաքապետի հրահանգն էր: «Վայ չէ, ինչ ա կըսես, քուր ջան: Էդենց բան չկա, մենք էլ մեր քաղաքապետին շատ ենք սիրում, հարգում»: Հետաքրքրվեցինք՝ եթե տեղում խնդիրներ չկան, ինչո՞ւ են տարվա մեծ մասը տեղի տղամարդիկ անցկացնում Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնելով: Մեր զրուցակիցներից մեկը հումոր արեց. «Քուր ջան, մենք Ռուսաստան փողի խմար չենք էթա, այլ սիրուն աղջիկների: Թե չէ մեր մոտ ամեն ինչ շատ լավ ա, գեղացի ժողովուրդ ենք, նորմալ ապրում ենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բնական անեկդոտ: