Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Աշոտ Գիզիրյանի պաշտոնյաներին դուր չի եկել Սամվել Բալասանյանի ներկայացրած բյուջեն

Փետրվար 13,2013 16:59

Ինչո՞ւ Աշոտ Գիզիրյանի պաշտոնյաներին դուր չի եկել Սամվել Բալասանյանի ներկայացրած բյուջեն

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեցին Շիրակի մարզպետարանի տարածքային վարչությունից, Գյումրու նորընտիր իշխանության ներկայացրած 2013 թվականի քաղաքային բյուջեի նախագիծը թեև Շիրակի մարզպետարանում մերժում չի ստացել, այն հաստատվել է, այդուհանդերձ այնտեղ եղել են որոշակի թերացումներ` կապված աշխատավարձերը փոքր ինչ բարձր սահմանելու հետ:

Տարածքային վարչությունից մեզ պարզաբանեցին, որ Գյումրու քաղաքապետարանի ֆինանսիստները բյուջեն կազմելիս, չեն պահպանել ՏԻՄ օրենքի պահանջները: ՏԻՄ օրենքի հոդված 27-ում, որը կոչվում է Համայնքի ղեկավարի վարձատրությունը, ընթերցում ենք. «Համայնքի ղեկավարի աշխատավարձը սահմանվում է Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձի նկատմամբ հետևյալ տոկոսաչափերով´
1) մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար´ մինչև 50 տոկոսը.
2) 1001-ից մինչև 5000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար´ մինչև 60 տոկոսը.
3) 5001-ից մինչև 20000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար´ մինչև 70 տոկոսը.
4) 20001-ից մինչև 75000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար´ մինչև 80 տոկոսը.
5) 75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար´ մինչև 90 տոկոսը»: Փաստորեն Գյումրու համար գործում է վերջին պայմանը, որը սակայն հաշվի չեն առել բյուջեն նախագծողները:

Տարածքային վարչությունից հայտնեցին, որ 302 հազարի փոխարեն Գյումրու քաղաքապետի աշխատավարձը պետք է սահմանվեր 298 հազար դրամ: Իսկ քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձը, չպիտի գերազանցի քաղաքապետի աշխատավարձի 80 տոկոսը: Այսինքն ստացվում է, քանի որ քաղաքապետի աշխատավարձը ճիշտ չի հաշվարկվել, սխալներ են եղել նաև մյուսների համար սահմանված աշխատավարձի չափի մեջ:

Ավագանին երեկ որոշակի փոփոխություններ մտցրեց իր` 2012 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Թվաքանակի և դրույքաչափի մասին» որոշման մեջ: Փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին զեկուցեց Սամվել Բալասանյանի խորհրդական, մասնագիտությամբ ֆինանսիստ Արարատ Բալաբեկյանը: Սակայն վերջինս քաղաքապետի աշխատավարձի փոփոխության անհրաժեշտությունը բացատրեց ոչ թե ՏԻՄ օրենքի խախտմամբ, այլ «Եկամտային հարկի մասին» օրենքի ուժի մեջ մտնելով: Նա ասաց, որ հստակ հաշվարկների արդյունքում, քաղաքապետի սահմանված 300 հազար 200 դրամ աշխատավարձը փոփոխվելու է ու դառնալու է 300 հազար 135 դրամ: Նշենք, որ քաղաքապետարանից հեռացված մասնագետների պնդմամբ, քաղաքային բյուջեն անձամբ է կազմել Սամվել Բալասանյանի խորհրդական Արարատ Բալաբեկյանը: Իսկ նրան, քաղաքապետը բավականին մեծ , կարելի է ասել Գյումրու համար առասպելական գումար է վճարում այս քաղաքում աշխատելու համար: Այս պաշտոնյան, լինելով գյումրեցի, աշխատել է մայրաքաղաքում: Նրա աշխատավարձը, ըստ շրջանառվող լուրերի, ամսական հասնում է մինչև 1 միլիոն դրամի: Իհարկե, խոսքը պաշտոնապես ֆիքսված ու օրենքով հասանելի աշխատավարձի մասին չէ:

Գյումրու բյուջեում առկա ֆինանսական թերացումների մասին մենք կլսենք նաև Շիրակի մարզպետարանի գլխավոր ֆինանսիստի մեկնաբանությունները: Սակայն նշենք, որ անկախ աշխատավարձի չափից` Գյումրու նորընտիր քաղաքապետը արդեն որերորդ անգամն է` հայտարարում է , որ հրաժարվում է իր աշխատավարձից` այն փոխանցելով հիմնադրամին:

Երեկ Սամվել Բալասանյանը ավագանու հերթական նիստի ժամանակ մեկ անգամ ևս կրկնեց, որ իրեն աշխատավարձ պետք չէ, իր լիազորությունները ստանձնելու պահից այն փոխանցել է հիմնադրամին:Իսկ այն նպատակաուղղված է սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդկանց օգնելուն:Քաղաքապետը մյուս բաժնի պետերին ևս կոչ արեց ցանկության դեպքում հրաժարվել աշխատավարձից` հանուն սոցիալական խնդիրների լուծման:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Par says:

    Հերթական բալասանյանական ստերն են:Եթե չի ստանալու , ինչու է բարձրացրել իր աշխատավարձը:Է
    Այդ խոսքերն էլ է նիր նախորդից սովորել, նա չէր ստանում աշխատավարձը ու տալիս էր ուսուցիչներին, խեղճ ու կրակ մարդկանց: բալասանյանը ում ասես բերել է քաղաքապետարան, ինչքան անորակ մասնագետներ կան քաղաքում ու գարեջրի գործարանում բերել է աշխատանքի, իսկ էն առաջին հարկի Օհաննան, մի վայրենի է, տեսնեք մարդկանց հետ ինչպես է խոսում:Դրա բերածները տարրական բաներից չեն հասկանում:էսպես դեպի ուր է գնալու Գյումրին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728