Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Մանասերյանն իրեն դատի տվողին. Մեծ մարդ է՝ խելքը գցել է

Փետրվար 13,2013 16:47

81-ամյա կլարնետահար, դուդուկահար, երգերի հեղինակ Սեդրակ Հովհաննիսյանը դատի է տվել երգահան Հասմիկ Մանասերյանին: Հովհաննիսյանը պնդում է, որ Մանասերյանը յուրացրել է իր երգերը («Ծաղիկներ, ծաղիկներ», «Մթնշաղ է իջել», «Այն գիշեր դու խոստացար», «Էլ քեզ չեմ սիրում», «Ծաղիկներս ում նվիրեմ» եւ այլն), որոնք արդեն 40 տարի գրանցված են Հեղինակային իրավունքների պաշտպանության գործակալությունում իբրեւ Մանասերյանի սեփականություն:

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, մերժել է հեղինակային իրավունքի ճանաչման պահանջի մասին՝ Սեդրակ Հովհաննիսյանի հայցն ընդդեմ Հասմիկ Մանասերյանի: «Պարտված» կողմը դիմել է Վերաքննիչ դատարան:

Aravot.am-ի հետ զրույցում հայցվորի ներկայացուցիչ Վիկտոր Բաղդագուլյանն ասաց. «Տեսնելով, որ Սեդրակը ձայն չի հանում, Հասմիկ Մանասերյանը 69 թվականին այդ երգերը Հեղինակային իրավունքների պաշտպանության գործակալությունում ձեւակերպել է իր անունով: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հասմիկ Մանասերյանը գրագող է»:

Տիկին Մանասերյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Նա (Սեդրակ Հովհաննիսյանը) դատը չի շահել, եւ դա շահելու դատ չէ ընդհանրապես: Ամոթ է, որ այդպիսի բան է անում: Ինձ թվում է՝ մեծ մարդ է, խելքը գցել է, արժի՞ նրա խելքին ընկնել…»:

Մանրամասները՝ տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Ես չգիտեմ, թե ով է այս վեճում իրավացի, բայց որ տիկինը իրեն թույլ է տալիս նման կերպ արտահայտվել տարեց երաժշտագետի հասցեին, պարզ է նրա բարոյական նկարագիրը: Հուսամ նա ութսունին հասնելու ժամանակ (ըստ տիկնոջ`խելքը գցելու տարիք) իր փաստարկներին նույն ոճով պատասխան կտստանա ավելի երիտասարդներից: Ցավալի է տեսնել նման մակարդակ արվեստագետների շրջանում…

  2. Լևոն Մութաֆյան says:

    Ես իմ պատանության տարիներից լսել եմ Հասմիկ Մանասերյանի երգերը, դրանք եղել են ժամանակի ,,շլյագերները,, , հաղորդվել են ռադիոյով և հեռուստատեսությամբ, հնչել բեմերից… 1970-80-ական թվականներին լույս տեսած երգարաններում դրանք ներկայացվել են որպես Հասմիկ Մանասերյանի ստեղծագործություններ: Ինչու՞ մինչև հիմա Սեդրակ Հովհաննիսյանը հանդես չի եկել ընդդեմ ,,գրագողը,, , ինչու՞ մոտ 50 տարի լռել է… Համաձայն եմ Հասմիկ Մանասերյանի հետ, որ տարիքի հետ առաջացել են ինչ-որ խնդիրներ այդ մարդու մոտ, կամենում է անմահանալ: Պարզապես ամոթ է հիմա, երբ Հասմիկ Մանասերյանի երգերը դարձել են մեր տետրո արժեքները, հայտարարել, թե դրանց հեղինակը Մանասերյանը չէ: Ոչ մի արդարացում չունի այդ մարդը լոկ այն պատճառով, որ տասնամյակներ շարունակ չի բարձրաձայնել այդ մասին, հրապարակային բողոք չի ներկայացրել: Ուրեմն, նա է կամենում տեր կանգնել ուրիշների ստեղծագործություններին… Իսկ Փիրուզ անունով գրություն թողնողին էլ խնդրում եմ հարգանքով արտահայտվել Հասմիկ Մանասերյանի մասին, որ թե տիկինը, այլ՝ նշանավոր երգաստեղծը: Այսքանը: Սեդրակ Հովհաննիսյանին էլ մաղթում եմ առողջություն, գուցե նրան օգնող բժիշկներ հայտնվեն…

  3. Փիրուզ says:

    Պարոն Լևոն Մութաֆյան, խնդրում եմ Ձեր կարծիքը բացարձակ արժեք չհամարել: Գուցե Ձեզ համար տիկին Մանասերյանը “նշանավոր երաժշտագետ” է,ես տվյալ հոդվածում տեսա անտակտ կնոջ պատասխան: Պատասխանը, անկախ նրանից, թե ում է տրված (կաթողիկոսին, նախագահին, բակի պահակին, խանութի վաճառողին), նախ և առաջ արտահայտում է, համարժեք է պատասխան տվողի մակարդակին: Այսքանը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728