Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե էս քարոզարշավը մի երկու շաբաթ էլ երկարեր, շատերի մոտ նեւրոզ կառաջանար». Հոգեթերապեւտ (Տեսանյութ)

Փետրվար 13,2013 16:44

Հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանի համոզմամբ` նեւրոզը մահվան չի կարող հանգեցնել, բայց կարող է փոխել հիվանդի կյանքի որակը:

Սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանի խոսքով` սթրեսներից եւ հոգեկան բարդ իրավիճակներից հետո է, որ մարդու մոտ կարող է ի հայտ գալ նեւրոզ հիվանդությունը:

«Նեւրոզը նյարդային ֆունկցիայի խանգարումների հիվանդությունն է, կարող է առաջանալ կարճատեւ կամ երկարատեւ սթրեսներից հետո: Հիվանդի մոտ կարող է առաջանալ գլխապտույտ, ընդհանուր թուլություն, նյարդային գրգռվածություն»,-այսօր «Ելակետ» ակումբում, նեւրոզի մասին խոսելիս, ասաց հոգեթերապեւտը:

Ըստ Մ. Զաքարյանի` նեւրոզը չի կարող հոգեկան հիվանդության պատճառ դառնալ եւ չի կարող հանգեցնել մահվան:

Բժիշկը առանձնացրեց հիվանդության երեք տեսակներ` նեւրաստենիա, հիստերիա եւ կպչուն մտքերի նեւրոզ:

«Վերջին 10-15 տարիների ընթացքում նեւրոզը ամբողջ աշխարհում լայն տարածում է գտել: Ըստ վիճակագրության` նեւրոզը ամբողջ հիվանդությունների մեկ երրորդն է կազմում: Այն ամբողջովին կարելի է բուժել միայն հոգեթերապեւտիկ մեթոդով»,-նշեց մասնագետը` ընդգծելով, որ նեւրոզը նաեւ հնարավոր է բուժել դեղերով, կլիմայի եւ սննդի փոփոխությամբ, ինչպես նաեւ ինքնամարզման միջոցով:

Aravot.am-ի այն հարցին, թե նեւրոզի չբուժման կամ ոչ լիարժեք բուժման դեպքում ինչ լրացուցիչ հիվանդություններ կարող են առաջանալ մարդու մոտ, հոգեթերապեւտը պատասխանեց.

«Չբուժելու դեպքում կամ թերի բուժելու դեպքում ժամանակ առ ժամանակ կարող են սրացումներ լինել, հատկապես` գարնանն ու աշնանը: Չբուժելու դեպքում` վատանում է մարդու կյանքի որակը, ու սրանում են մարդու մոտ առկա մյուս հիվանդությունները: Շաքարախտով հիվանդի մոտ կարող է բարձրանալ շաքարը, սրտի հիվանդություններն էլ կարող են սրանալ»:

Անդրադառնալով նախագահական ընտրությունների քարոզարշավի զարգացումներին` հոգեթերապեւտը նշեց, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը իր հոգեկան ազդեցությունն է թողել թե հասարակ քաղաքացիների, եւ թե քաղաքական գործիչների վրա:

Մ. Զաքարյանի կարծիքով` նախագահի թեկնածուների ելույթներից կարելի է շատ հեշտ կռահել, թե որ քաղաքական գործիչն է գտնվում հոգեկան անհավասարակշիռ վիճակում, սակայն բժիշկը անուններ չցանկացավ նշել:

Միայն կես կատակ, կես լուրջ ասաց.

«Եթե էս քարոզարշավը մի երկու շաբաթ էլ երկարեր, շատերի մոտ նեւրոզ կառաջանար»:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728