Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը՝ իրեն չշնորհավորող թեկնածուներին. «Եթե իրենք ընտրվեն՝ կշնորհավորենք»

Փետրվար 13,2013 16:37

Այսօր Մարտունիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց: Միասնականության կոչ անելով ողջ հայ ազգին, Սերժ Սարգսյանը նկատեց, որ ոչ տնտեսական, ոչ էլ Արցախի հարցերում կայծակնային լուծումներ չեն կարող լինել: Բայց դա, ըստ նրա, չի նշանակում դանդաղկոտություն, քանի որ «կաթիլը քար է ծակում»:

Նախագահի թեկնածուն մարտունեցիներին կոչ արեց անտարբեր չլինել  եւ չհանձնվել այսօր առավելապես հնչող այն տեսակետին, որ քաղաքացին, ընտրողը ոչինչ չեն որոշում, որ նրանց ձայնը ոչինչ չի նշանակում: Ըստ Ս. Սարգսյանի, եթե հանրությունը կուլ գնա այդ գաղափարին, ապա կհաղթեն նրանք, ովքեր սովոր են ամեն ինչ գնել՝ եթե մի բան ուզում են, խլել այն, ինչը չեն կարողանում գնել, ովքեր պատրաստ են ամեն ինչ անել, որ Հայաստանը ճահիճում մնա՝ հանուն իրենց նեղ անձնական, խմբակային շահերի: Նախագահն ասաց, որ միայն հասարակության ակտիվությունը եւ առողջ մոտեցումը, ապագայի նկատմամբ հավատը  կարող են ուղղել ամեն բան:

Հետաքրքիր էր, որ մարտունեցիները թեեւ Սերժ Սարգսյանի հորդորներին, նրան հարցեր չէին ուղղում: Սերժ Սարգսյանն էլ հումոր արեց: «Եթե հարցեր չունեք, գնանք Վարդենիսից մարդ բերենք», ասաց Սերժ Սարգսյանը, հիշելով, որ Վարդենիսում մի տարեց մարդ մնացածներին հերթ չէր տալիս  եւ միայն մի կես ժամ ինքն էր խոսում:

Նախագահի դիտողություն-հումորից հետո այստեղ էլ մի տարեց մարդ վեր կացավ եւ սկսեց գովել Սերժ Սարգսյանին, միջազգային ատյաններում նրա ունեցած ելույթները, ասաց, որ Հայաստանը պատմության ընթացքում Սերժ Սարգսյանի նման լայնախոհ եւ հանդուրժող  նախագահ չի ունեցել: Ապա քննադատեց նախագահի մյուս թեկնածուներին , ովքեր հայտարարում են, որ եթե իշխանական թեկնածուն ընտրվի, նրան չեն շնորհավորելու:

Այստեղ Սերժ Սարգսյանը նույնպես իր վերաբերմունքն արտահայտեց. «Եթե ասում են՝ չենք շնորհավորելու, դա առաջին հերթին խոսում է շնորհավորողի կուլտուրայի մասին: Դրանով մեզ լավություն չեն անում: Եթե իրենց ուսադիրներից ցածր է, մենք չենք վարանի, եթե իրենք ընտրվեն՝ կշնորհավորենք»:

Սերժ Սարգսյանը բերեց նաեւ ԱՄՆ-ի օրինակը, երբ նախագահի թեկնածու Ռոնին շնորհավորելով Օբամային հաղթանակի առիթով, ասել էր, թե ինքը ցանկանում էր Ամերիկան այլ ուղով տանել, մինչդեռ հանրությունը չցանկացավ, ուստի ինքը աղոթում է իր նախագահի համար: «Մենք պետք է հասնենք այդ  քաղաքական մշակույթին»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Այնպիսի սուտ ասա, որ ասենք`ճիշտ է;

  2. Maxim says:

    Չեն ընտրվի: Բա իզուր ես ասել ինչքան ուզենք,՝ կխփենք: Անցած անգամ 10-ն էին, և մոտ 200
    վիրավոր: Հետաքրքիր է, այս տարի ինչքան ես պլանավորել:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728