Լրահոս
Օրվա լրահոսը

Սիմոն Աղազարյանը ներկայացվեց, սակայն չկարողացավ մասնակցել դատական նիստին

Փետրվար 13,2013 15:55

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր որոշեց նշանակել դատաբժշկական փորձաքննություն անշարժ գույք ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեջ մեղադրվող Սիմոն Աղազարյանի նկատմամբ: Դատարանը բավարարեց գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ, մեղադրող Հարություն Հարությունյանի միջնորդությունը և մերժեց ամբաստանյալի պաշտպան Հովիկ Արսենյանի լրացուցիչ միջնորդությունը:

Մեղադրողը միջնորդել էր նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ հանձնարարելով դրա իրականացումը ՀՀ առողջապահության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովին: Մեղադրողը միջնորդեց փորձաքննությամբ պարզել, ի՞նչ հիվանդություններով է տառապում ամբաստանյալը և արդյոք դրանց թվում առկա՞ է նրա մասնակցությունը դատական նիստին բացառող ծանր հիվանդություն: Մեղադրողը նշեց, որ դատավարության ողջամիտ ժամկետում անցկացումը բխում է գործով երկու ամբաստանյալների ու առնվազն 254 տուժողների շահերից՝ ամբաստանյալներից մեկի մասնակցությունը բացառող հիվանդության առկայության դեպքում նրա մասով գործի վարույթը կարող է կասեցվել, իսկ մյուս մասով՝ շարունակվել: Հ.Հարությունյանն ընդգծեց, որ դատական նիստերը շուրջ մեկ ամիս չեն կայանում և այս պայմաններում դատական նիստերի կայացումը մշտական վտանգի տակ է:

Ամբաստանյալի պաշտպան Հովիկ Արսենյանը լրացրեց մրցակից կողմի միջնորդությունը՝ միջնորդելով պարզել, թե որոշակի հիվանդությունների առկայության պայմաններում թույլատրելի՞ է նրան պահել քրեակատարողական հիմնարկում և վտանգավոր չէ՞ նրան մեկուսացնելը: Նա դատարան ներկայացրեց բժշկական փաստաթղթեր 29 թերթից, այդ թվում առ այն, որ իր պաշտպանյալը երկրորդ կարգի հաշմանդամ է:

Մեղադրողն առարկեց «լրացման» դեմ՝ նշելով, որ մեկուսացման հարցը վերաբերելի չէ այս քրեական գործին՝ ամբաստանյալը նմանատիպ մեկ այլ գործով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման և իր պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում, վերջինս էլ կարող է այդ հարցով դիմել դատարան:

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալը ներկայացվել էր, սակայն մինչև դատական նիստը և ամբաստանյալի վատ ինքնազգացողության պատճառով նիստի ընդմիջվելուց հետո շտապ բուժօգնության երկու բրիգադների եզրակացությունը նույնն էր՝ Ս. Աղազարյանը չի կարող մասնակցել դատական նիստին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 27-ին:

Ըստ մեղադրանքի` անհատ ձեռնարկատեր, «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» ՍՊ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանը խաբեությամբ ու վստահությունը չարաշահելով բնակարաններ վաճառելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք՝ 10.202.947.840 դրամ արժողությամբ, որից 1.253.891.550 դրամը հափշտակել է գործընկերոջ՝ Սիմոն Աղազարյանի հետ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ. Պապոյանին և Ս. Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն:

«Փաստինֆո»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728