Փոխարենը կգործի «Ուսանողական ֆիլհարմոնիա» ծրագիրը
Այսօր` ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգով տեղի կունենա Մշակույթի նախարարության եւ «Հայպետֆիլհարմոնիայի» նախաձեռնած «Ուսանողական ֆիլհարմոնիա» ծրագրի մեկնարկը: Այս մասին այսօր` Մշակույթի նախարարությունում տեղի ունեցած հանդիպմանն ասաց փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նա նշեց, որ նախագիծը մասն է կազմում կառավարության ընդունած` մանուկների եւ պատանիների գեղագիտական դաստիարակությանն ուղղված ծրագրերի: «Ուսանողական ֆիլհարմոնիան» նպատակ ունի մեր պատանիներին ծանոթացնել հայ երաժշտարվեստի հետ եւ պրոպագանդել այն: Այսօր խնդիր է դրված պատանիներին իրազեկել հայկական մշակույթի մասին, իսկ նախաձեռնության խնդիրն է` համերգ-դասի միջոցով` մատչելի ձեւաչափով հայ երաժշտությունը ներկայացնել նրանց: Տարվա ընթացքում կանցկացվի բազմաբնույթ համերգաշար, ինչը բավական լուրջ աշխատանք է»,-հավելեց փոխնախարարը:
«Հայպետֆիլհարմոնիայի» տնօրեն Գագիկ Մանասյանն ասաց, որ «Ուսանողական ֆիլհարմոնիայի» «նախատիպը»` «Դպրոցական ֆիլհարմոնիան», Հայաստանում գործում էր դեռեւս 1960-ական թթ, սակայն դադարեցվեց ֆինանսական խնդիրների պատճառով. «Այնուհետեւ «Դպրոցական ֆիլհարմոնիան» վերսկսվեց Մշակույթի նախարարության ջանքերով: Հատկանշական է, որ «Դպրոցական» ֆիլհարմոնիան վերսկսելու մասին որոշումը եղել է լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ստորագրած վերջին փաստաթուղթը: Վերաբացումը նոր հնարավորություն կտա` գեղագիտական դաստիարակության գործն արդյունավետ կազմակերպելու համար»:
Մանասյանը նաեւ ասաց, որ «Դպրոցական ֆիլհարմոնիան» մասնաճյուղեր ունի Ղարաբաղում, Գյումրիում, Ղափանում եւ Եղեգնաձորում: «Այսօր լավ հանդիսատես ունենալու պահանջարկ կա: Պետք չէ պայքարել ռաբիսի եւ ամեն օր հեռուստատեսությամբ երեւացող աստղերի դեմ: Պետք է ստեղծել եւ առաջարկել լավ երաժշտություն: Այդպես երեխաները բնազդաբար կընտրեն լավը»,-հավելեց պարոն Մանասյանը:
Կարդացեք նաև
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով. «Եթե «Դպրոցական ֆիլհարմոնիան» կրթում է երեխաներին, ապա «Ուսանողական ֆիլհարմոնիան»` ստեղծում է երիտասարդ ունկնդիր ունենալու հիմք: Սակայն դասական երաժշտությունը չպետք է շատ մատուցել, այլապես այն կարժեզրկվի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ