Հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը անորոշություն է տեսնում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարությունների մեջ:
«Եթե մի գործիչ ասում է՝ ինձ ձայն տվողը ձայն է տալիս ուրիշ թեկնածուի, անորոշություն է առաջացնում: Երեւի Պարույր Հայրիկյանի կողմնակիցների շրջանում, մարդիկ որոնք հավատարիմ են, ճանաչում են նրա երկարատեւ պայքարը երկրի ազգային շահերի համար, առաջանում է բարդույթ, որովհետեւ ստացվում է, ով որ քվեարկեց Հայրիկյանին, քվեարկեց կողմ քրեաօլիգարխիկ համակարգին»,- Aravot.am-ին ասաց պարոն Ղուկասյանը:
Պարոն Ղուկասյանը Հայրիկյանի հայտարարություններից ենթադրում է, որ նա լայն հնարավորությունների շրջանակ է տեսնում իր համար այս քաղաքական գործընթացում. «Գնահատականները հանրությունը կտա: Մասնակցելով շինծու ընտրություններին՝ թեկնածուները պայքարում են Սերժ Սարգսյանի վերընտրվելու համար: Ինքս պայքարում եմ շինծու ընտրությունների դեմ, սա է իմ տարբերությունը մյուս 7 թեկնածուներից, որոնց նպատակն է Սերժ Սարգսյանի վերընտրվելը»:
Պարոն Ղուկասյանը նաեւ հավելեց՝ եթե ինքը լիներ պարոն Հայրիկյանի կողմնակիցը, նման հայտարարություններից հետո, նրան հետեւելու խնդիրներ կտեսներ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. Այս հարցազրույցն արվել է հունվարի 31-ին, բայց չի հրապարակվել՝ հաշվի առնելով այդ օրը ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: