Անցյալ շաբաթ «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցով ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստեց, որ հանձն է առնում ՀԱԿ-ը քաղաքական ուժերի ու անկուսակցականների դաշինքից մեկ միասնական կուսակցության վերածելու գործին, ջանք չի խնայելու այն կայացնելու երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը դարձնելու գործում, եւ եթե իրեն վստահեն՝ «թեկուզ խորհրդանշական կարգավիճակով առաջնորդել նորաստեղծ կուսակցությունը», ապա՝ կկատարի այդ պարտականությունը։
Նախագահական ընտրապայքարի ամենաթեժ պահին՝ Տեր-Պետրոսյանն այսպիսով բացեց խաղաքարտերը: ՀԱԿ-ին անդամակցող կուսակցություններն ինչպես դեկտեմբերին մամուլից տեղեկացան, որ Տեր-Պետրոսյանը չի առաջադրելու թեկնածությունը նախագահական ընտրություններում՝ մամուլի միջոցով էլ տեղեկացան, որ նա նոր կուսակցություն է ստեղծում եւ պատրաստվում է առաջնորդել այն՝ չնայած 68 տարեկան է:
Ղարաբաղյան Շարժման 25-ամյակի նախօրեին փաստացի ՀՀՇ-ն նորանկախ Հայաստանի քաղաքական ասպարեզից Տեր-Պետրոսյանի ձեռքով էլ կնետվի պատմության հիշողությունների գիրկը՝ անկախ նրանից կլուծարվի՞ ՀՀՇ-ն, թե՞ նոր ՀԱԿ-ի դաշնակիցը կդառնա: Եվ սա այն դեպքում, երբ դեկտեմբերի 22-ին շնորհավորելով ՀՀՇ 17-րդ համագումարի մասնակիցներին՝ Տեր-Պետրոսյանը նշեց․ «․․․չեմ կասկածում, որ այս կուսակցությունը, որը կարելի է ասել դե ֆակտո 24 տարի, դե յուրե 22 տարի գոյություն ունի, եւ գոյություն է ունենալու այնքան ժամանակ, ինչքան ժամանակ գոյություն է ունենալու Հայաստան պետությունը»:
Վերջին հարցազրույցում թեեւ նա անլրջություն համարեց իր կողմից ընտրարշավի գնահատումը, սակայն փաստ է, որ իր գնահատականներով Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի ուղղությամբ հստակ մեսիջներ հնչեցրեց, ինչի արդյունքում Ս․Սարգսյանն իր քարոզարշավում բավական թափանցիկ ակնարկ-պատասխաններով հանդես եկավ:
Կարդացեք նաև
Դառնանք սակայն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի այս հատվածին․ «Եթե Սերժ Սարգսյանի նախագահական առաջին ժամկետում մեր երկրից արտագաղթել է տարեկան 50 հազար մարդ, ապա երկրորդ ժամկետում արտագաղթելու է արդեն տարեկան 100 հազար։ Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը կանգնելու է դեմոգրաֆիական աղետի եւ պետականության կորստյան վտանգի առջեւ»: Մի կողմ թողնենք հարցը, թե որքանով է պաշտոնական վիճակագրությունը իրական պատկեր ներկայացնում, բայց ըստ հրապարակված տվյալների՝ 2012-ին՝ 49.6 հազար, 2011-ին՝ 49.1 հազար մարդ է հեռացել երկրից: Այո՛, իշխանությունն է պատասխանատու երկրի քաղաքացիների բարեկեցության համար, եւ համարենք, որ, այս հարյուր հազարի համար պատասխանատուն Սերժ Սարգսյանն է (թեեւ 2012-ի մասով՝ ԲՀԿ-ին մերձենալու ՀԱԿ-ի փորձերի արդյունքում ընդդիմությունից հիասթափվածների թիվը՝ գոնե դատելով անցյալ տարվա հանրահավաքներին մարդկանց մասնակցությունից՝ նույնպես նկատելի էր): Սակայն նույն պաշտոնական թվերով՝ 2008-ին ՀՀ-ից արտագաղթել է՝ 23.1 հազար, 2009-ին՝ 25 հազար, 2010-ին՝ 57․2 հազար մարդ, այսինքն՝ եւս հարյուր հազար մարդ․․․ Արդյոք 2007-ից սկիզբ առած հզոր շարժման նպատակների չիրագործումը չէր նաեւ մարդկանց հիասթափության պատճառը․․․
Իհարկե, Տեր-Պետրոսյանին մշտապես հատուկ է եղել «պետականության կորստյան վտանգի մասին» պնդումներ անելը սկսած 1997-ից՝ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածից, որտեղ նա հիմնավորում էր, որ ստատուս քվոն երկար ժամանակ պահպանել հնարավոր չէ, որովհետեւ դա թույլ չեն տա ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ Հայաստանի տնտեսական կարողությունները, եւ որ փոխզիջման մերժումը եւ մաքսիմալիզմը Ղարաբաղի իսպառ կործանման եւ Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է:
Ինչեւէ, անհերքելի է, որ 2011-ին կայացած ՀԱԿ-իշխանություն երկխոսության դադարից հետո Տեր-Պետրոսյանն իր գնահատականներում ավելի ու ավելի սրեց Ս․Սարգսյանի ուղղությամբ քննադատությունը եւ միամիտ պետք էր լինել կարծելու, թե դեկտեմբերյան հարցազրույցի տրամաբանությամբ պատրաստվում էր հեռանալ մեծ քաղաքականությունից: Տեր-Պետրոսյանն իսկապես, դեռ բավական անելիք ունի: Միայն անցյալ տարվա մարտի 30-ի հանրահավաքում նրա հնչեցված այս մեկ նախադասությունն արդեն իսկ բավական է պատկերացնելու, թե Տեր-Պետրոսյան-Սարգսյան առճակատումը ինչ սահմանագծի է հասել․ «Այսպիսի ավազակաբարո իշխանություն եւ դաժան լուծ Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում չի տեսել»:
Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ ոչ այնքան նախկին անդամ-կուսակցությունների, որքան այլ քաղաքական ուժերի համախմբման անհրաժեշտությունն է զգալու նոր ՀԱԿ կուսակցությունը եւ վստահաբար Տեր-Պետրոսյանն այդ ուղղությամբ էլ կաշխատի:
Երեկ «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում Լեւոն Զուրաբյանի եւ հաղորդման հեղինակի միջեւ բավական ուշագրավ բանավեճ ծավալվեց․ «Այսօր Հայաստանում ամենահիմնական պրոբլեմը դա Սերժ Սարգսյանի բռնապետության, այս Հանրապետական կուսակցության միջոցով հաստատված բռնապետության վիճակն է, որը խեղդում է Հայաստանին։ Եվ ես ուզում եմ մի հարց տալ․ եկել են նախագահական ընտրություններ․․․ Դուք տեսե՞լ եք ավելի ձախողված նախագահ, եթե նրան կարելի է նախագահ համարել, քան Սերժ Սարգսյանը։ Այսինքն՝ մի մարդ, որը ընդհանրապես ոչինչ ժողովրդին չի կարող ներկայացնել իր ընտրարշավի ժամանակ․․․», ասաց Լ․Զուրաբյանը։ Իսկ դուք տեսե՞լ եք ավելի հաջողված նախագահ, հարցրեց Հ․Թամրազյանը: «Քան Սերժ Սարգսյա՞նը», ճշտեց՝ Լ․ Զուրաբյանը: «Հենց թեկուզ Սերժ Սարգսյանը», նկատեց Հ․Թամրազյանը: «Մնացած բոլորը երեւի իրենից ավելի հաջողված են», հայտարարեց է Լ․ Զուրաբյանը: Հ․Թամրազյանը կոնկրետացրեց հարցը․ «Նույնիսկ երկրո՞րդ նախագահը»: «Բնականաբար», պատասխանեց Լ․Զուրաբյանը:
Այսպիսի դեպքերում սովորաբար ընդունված է ասել՝ no comment, սակայն նկատենք, որ ՀԱԿ-ի մոտ նման երեւույթները նոր չեն: Անցյալ տարի հոկտեմբերին, դարձյալ «Ազատություն» ռ/կ-ի հետ հարցազրույցում ՀԱԿ-ի համակարգողը նշել էր, որ 2013-ին վերընտրվելու դեպքում Ս․Սարգսյանն ամեն ինչ անելու է խոշոր տնտեսական եւ ֆինանսական հնարավորություններ ունեցող Գագիկ Ծառուկյանին եւ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից հեռացնելու համար․․․
Դժվար է միանշանակ պնդել, որ առաջին եւ երկրորդ նախագահները ընդդեմ Սերժ Սարգսյանի միասնական ճակատ կձեւավորեն: Բայց որ վերջին մեկուկես տարվա ազդանշաններն ու քաղաքական զարգացումները այդպիսի հնարավորությունը սկսում են ավելի ու ավելի մեծացնել՝ դա էլ է փաստ: Ամեն ինչ, թերեւս, կախված կլինի առավելապես Ռոբերտ Քոչարյանի ցանկությունից:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ