Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործով տուժող է ճանաչվել «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲ ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանը:
Սենիկ Ջուլհակյանը փորձում է դատական նիստերին ներկա լրատվամիջոցներին, մասնավորապես մեզ, մեղադրել, թե մենք «քաղաքականացնում» ենք դատավարությունը, երբ գրում ենք , թե քրեական գործ է հարուցված ՀՀ քաղաքագետների միության նախագահի նկատմամբ, իսկ իրականում նման միություն գոյություն չունի:
Որպես ապացույց իր ասածի, նա մեզ տրամադրեց ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետի տեղեկանքը: Ըստ փետրվարի 11-ի տեղեկանքի.«Համաձայն միասնական գրանցամատյանում 11.02.2013թ. դրությամբ առկա տեղեկությունների,
Կարդացեք նաև
«Հայաստանի քաղաքագետների միություն» անվանումով կազմակերպություն գրանցված չէ»:
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից խնդրեցինք մեզ տրամադրել պետական ռեգիստրում իրենց միության գրանցման մասին վկայող փաստաթուղթը:
Ըստ 2002թ.հունվարի 30-ի տեղեկանքի, 1991թ. օգոստոսի 26-ին գրանցված Հայաստանի քաղաքագետների միությունը վերագրանցվել է «Հայաստանի քաղաքագետների ասոցիացիա» անվամբ: Ի դեպ, կանոնադրությունը հաստատվել է ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ, ներկայումս ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի կողմից:
Հայաստանում «ասոցիացիա» բառը չընկալվեց եւ մինչ օրս, քչերը գիտեն, որ նախկին միությունը վերագրանցված է որպես ասոցիացիա:
Նշենք, որ 2002թ-ին տրված. իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի համաձայն, գործուեության ժամկետի դիմաց գրված է «անժամկետ»:
Հմայակ Հովհաննիսյանը պատահական չի համարում ամեն կերպ իր կազմակերպության անգամ անվան շուրջ ինչ-որ ինտրիգներ հրահրելը: Միայն վերջերս լրատվամիջոցներում տպագրվեց հայտարարություն, որտեղ ակնարկվեց ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ ուժայինների ազդեցությունների մասին:
Մասնավորապես, պաշտպանության նախարարության շենքում կազմակերպվել էր «ընտրություն»՝ «Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի» հիմնադիր համաժողովից հետո:«Հերիք չէ, որ ոչ կառավարական կազմակերպության համաժողովը տեղի է ունեցել պաշտպանության նախարարությունում, համաժողովի մասնակիցները բացահայտորեն ոտնահարելով ՀՀ սահմանադրության 8.2 եւ 28, ինչպես նաեւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածը, կազմակերպության նախագահ են ընտրել գործող գեներալ-մայորին՝ Հայկ Քոթանջյանին»:
Հայտարարությունը ստորագրվել էր դարձյալ Հայաստանի քաղաքագետների միության կողմից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ