Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի օդանավակայանը, ՀՀ քաղաքական ղեկավարության պատասխանն ու Ադրբեջանի կրակոցները

Փետրվար 13,2013 15:03

Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցին երեկ իրենց հայտարարություններում միաժամանակ անդրադարձան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Աջափնյակ վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Թբիլիսիում կազմակերպված ասուլիսին պատասխանելով Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության հարցին: Ս. Սարգսյանը մասնավորապես նշել է. «Օդանավակայանը շահագործվելու է, և այստեղ որևէ կասկած չի կարող լինել: Իսկ բոլոր այն պատճառաբանությունները, թե այն օգտագործվելու է բացառապես ռազմական նպատակներով հեքիաթներ են: Եթե տեսնեմ, որ վտանգ կա, ապա առաջին ուղևորը անկասկած հենց ես եմ լինելու»:

ԱԳ նախարարն էլ, հղում կատարելով համանախագահների հայտարարությանը, համաձայն որի՝ կոչ է արվում կողմերին չքաղաքականացնել օդանավակայանի բացման հարցը, հայտարարել է. «Բազմիցս Հայաստանում, իմիջիայլոց Լեռնային Ղարաբաղում նույնպես, ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ Ստեփանակերտում օդանավակայանի բացումը հետապնդում է միայն հումանիտար և քաղաքացիական նպատակներ»:

Մինչ հնչում էին վերոնշյալ հայտարարությունները, երեկ Տավուշի մարզի Չինարի գյուղում ողջ ցերեկվա ընթացքում հակառակորդի կողմից պարբերաբար կրակոցներ են հնչել գյուղի տների ուղղությամբ: https://www.aravot.am/2013/02/12/196132/

Aravot.am-ը «Արևելք» ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Ափինյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ կարելի՞ է եզրակացնել, որ Ադրբեջանի ռազմական բորբոքվածության աստիճանը բարձրացել է: Նա պատասխանեց. «Մեզ չի հետաքրքրում նրանց ռազմական բորբոքվածության աստիճանը: Սա էմոցիոնալ հարթության վրա է: Ինչ վերաբերում է մեր ռազմաքաղաքական ղեկավարների տված պատասխաններին, ապա դա լիարժեք և հստակ պատասխան է, որը վկայում է Հայաստանի և ԼՂՀ-ի կողմից Ստեփանակարտի օդանավակայանի խաղաղ նպատակներով շահագործելու փաստի մասին: Ինչ վերաբերում է Ադրբեջանը կգրգռվի, չի գրգռվի, դա նրա գործն է: Ամենակարևոր խնդիրն այն է, որ բոլորովին վերջերս նրանց պաշտոնյաները հայտարարություն արեցին, որով հերքեցին նաև այն մտքերը, որ նրանք չեն հարձակվի քաղաքացիական օդանավերի վրա: Սա լուրջ կերպով հաստատում է այն, որ Ադրբեջանը լուրջ մտավախություն ունի նաև հնարավոր հարձակման դեպքում ՀՀ օդանավերի վրա, որոնց պատասխանը կստանա: Միանշանակ և տողատակերում երևում է, որ հակառակորդը ավելի շատ վախենում է մեր պատասխանից, քան ինքը այդպիսին կա»:

Սահմանամերձ գյուղերում հնչած կրակոցների ու վերոնշյալ հայտարարությունների կապի մասին էլ ռազմական փորձագետը փոխանցեց հետևյալը. «Գնդակոծությունները շարունակական բնույթ են կրում, քանի որ գտնվում ենք մեր հակառակորդի հետ պատերազմական իրավիճակում: Չգիտեմ, դժվար է դա հայտարարությունների հետ կապել, բայց համոզված եմ, որ դրա պատասխանները շուտով կլինեն»:

Ամփոփելով զրույցը հարցրինք՝ ի վերջո կարելի՞ է Ստեփանակերտի օդանավակայանի հարցը փակված համարել, այն բացվելու է և վե՞րջ: Դ. Ափինյանը պատասխանեց. «Այն միանշանակ բացվելու է, մեկ րոպե անգամ չկասկածեք: Բացվելու և շահագործվելու է ի հեճուկս մեր հակառակորդի չհիմնավորված բարբաջանքների: Իսկ եթե քաղաքացիական օդանավերի վրա հարձակում լինի, պատասխանները նրանք միանշանակ կստանան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728