Մովսեսում ստեղծվում են արագ օգնության խմբեր
Փետրվարի 13-ին Տավուշի մարզի Մովսես գյուղում կայացել է ավագանու հերթական նիստ: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ ինքն այդ նիստում առաջարկություն է ներկայացրել առաջին օգնության 2 խմբեր ստեղծելու մասին: Ամեն խումբ պետք է բաղկացած լինի 5-6 հոգուց, դրանք պետք է օգնություն ցուցաբերեն արտակարգ դեպքերի՝ հրդեհների, բնակիչների տարհանման եւ այլ պատահարների ժամանակ: Նա ասաց, որ իրենք գյուղապետարանի շենքում մի սենյակ են հատկացրել այդ խմբերի հերթապահության համար, ներկայումս մշակվում է դրանց գործունեության նախագիծը:
Ա. Ավալյանն ասաց, որ շնորհիվ ռուսաստանաբնակ համագյուղացի Վազգեն Վանեսյանի նվիրատվության՝ գյուղն ունի հրշեջ մեքենա:
Գյուղապետը հայտնեց, որ փետրվարի լույս 13-ի գիշերը համեմատաբար խաղաղ է եղել, սակայն մինչ այդ արձակված ադրբեջանական կրակոցներից վնասվել է գյուղի 15 տան տանիք, պատուհաններ են վնասվել: Ադրբեջանական գնդակը մտել է բնակիչներից մեկի տուն, վնասել տան սառնարանը:
Կարդացեք նաև
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնեց, որ փետրվարի լույս 13-ի գիշերը, մինչեւ 12-ն անց 30 րոպե ադրբեջանցիները անընդհատ կրակել են գյուղի վրա: «Ողջ գյուղն անհանգիստ է, գիշերը չի քնում»,-ասաց գյուղապետը, հավելելով, որ գնդակոծությունից վնասվել են տների տանիքներ:
Նրա խոսքերով՝ Ներքին Կարմիրաղբյուրում մանկապարտեզ եւ դպրոց է գործում, դպրոցը սահմանից մոտ 300-400մ հեռավորության վրա է, ադրբեջանական զինուժը նոր, ավելի դիպուկ զենքեր է օգտագործում:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ասաց, որ փետրվարի լույս 13-ի գիշերը գյուղն ուժգին գնդակոծվում էր: «Կրակում էին մոտ 15 տեղերից, այդ գնդակներից, ոնց որ սալյուտներից, գյուղի երկինքը լուսավորվում էր, կարծես Ամանորի գիշեր լիներ; Հետո անձրեւ տեղաց եւ կրակոցները դադարեցին»,-ասաց Ա. Այդինյանը:
Նրա խոսքերով՝ գնդակոծությունն այնքան ինտենսիվ էր, որ իրենք չէին կարողանում գլուխ բարձրացնել՝ տեսնելու համար, թե որտեղից են կրակում:
Փետրվարի լույս 13-ի գիշերը կրակոցների պատճառով այգեպարցի Անդրանիկ Հովակիմյանի պատուհանը տեղից դուրս է ընկել, այդ ընտանիքը ստիպված է եղել գիշերել ուրիշի տանը:
Ա. Այդինյանն ասաց, որ Այգեպարի դպրոցն ու մանկապարտեզը գտնվում են սահմանից ընդամենը 300 մ հեռավորության վրա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ