Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը անդրադառնալով քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած խախտումներին, ասաց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրած խախտումները շատ են, սակայն նոր բան է ավելացել, հավաքագրում են այն մարդկանց տվյալները, որոնք չեն գնալու ընտրության, ու դա անում են կրթական համակարգի ներկայացուցիչները, ուսուցիչները:
Խոսելով խախտումներից, Խուրշուդյանը նշեց` «Մեր պաստառները անընդհատ պոկվում են եւ մեր շտաբը ստիպված օրական երկու անգամ տանում նորն է փակցնում, այս ահազանգը հնչեցրել ենք, բայց ոչ մի ստուգում չի իրականացվել, ոչ մեկ չի պատժվել»,-հավելեց Խուրշուդյանը՝ տեղեկացնելով, որ հարձակում է եղել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի կայքի վրա:
Խուրշուդյանն անդրադառնալով ոստիկանության աշխատանքներին, ասաց, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ ոստիկանությունը համեմատաբար ավելի օպերատիվ է աշխատում. «Ոստիկանությունը սպասում է, որ մենք ահազանգենք, որ գնան, բայց այդպես չպետք է լինի»:
Անդրադառնալով նախագահի երեք թեկնածուների հայտարարությանը, այն որ առաջարկվել էր իրենց տրամադրել քաղաքից բացակայողների ցուցակները, Խուրշուդյանն ասաց. «Բնականաբար ոստիկանությունն ինքնուրույն չի կարող դա անել, քանի դեռ չկա համապատասխան որոշում, իհարկե այդ որոշումը այդպես էլ չեղավ, բայց դրանք անհրաժեշտ էին զուտ այն բանի համար, որպեսզի հետո համեմատելի լիներ ընտրություններից հետո ընտրողներին, եւ քաղաքից բացակայողներն»:
Կարդացեք նաև
Խուրշուդյանի տեղեկություններով, ընտրակաշառքների դեպքեր եւս եղել են ՀՀԿ-ականների կողմից, որոնք այցելել են բնակարաններ ու առաջարկել քսան հազարական դրամ՝ անձնագրային տվյալների դիմաց, իսկ ընդհանուր առմամբ, այս շաբաթվա ընթացքում արձանագրել են երեսունից ավելի խախտումներ:
«Սովորաբար ընտրակաշառքները բաժանվում են վերջին օրը, որովհետեւ մինչ այդ ցուցակագրվում են, դրա համար էլ հարկավոր է զգոն լինել»,- ավելացրեց Խուրշուդյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ