Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Հայաստանը պարզապես հիմնարկ չէ»

Փետրվար 13,2013 14:38

«Եթե համարում եք, որ լավ չեմ աշխատել, փորձեք ուրիշին ընտրեք, միգուցե ձեր գործերն ավելի լավ կգնան»,- այսօր Վարդենիս քաղաքում  ընտրողների հետ իր հանդիպումն այսպես սկսեց ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Ապա անդրադառնալով քարոզարշավի ընթացքին, Սերժ Սարգսյանն ասաց, որ այս ընթացքում ինքը մեկ անգամ եւս համոզվել է, որ դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհը պետք է անցնենք աշխատանքի միջոցով. «Պետք է արժանապատիվ ապրուստ: Իսկ դա բարեգործությամբ չի լինում: Բարեգործությունը նորմալ է, բայց  ամեն մարդ պիտի հնարավորություն ունենա իր քրտինքով ու ազնիվ աշխատանքով վաստակել իր ընտանիքի ապրուստը»:

Նախագահն ասաց, որ պետք է բարձր աշխատավարձով աշխատատեղեր ստեղծվեն: Անդրադառնալով անցյալ տարի Հայաստանի տնտեսության գրանցած 7% տնտեսական աճին, նախագահն ասաց, որ տնտեսական աճն ու տնտեսական ակտիվությունը պետք է գեղեցիկ թվերից  վերածվեն բյուջետային միջոցների ու այդ նպատակով իր իշխանությունը Հայաստանի տնտեսության կերպարանափոխման  գործընթաց է սկսել, որի ընթացքում պետք է վերականգնվեն նախկին տնտեսական հզորությունները եւ զուգահեռաբար ստեղծվեն նորերը:

Այդտեղ նախագահն առավելապես կենտրոնացավ տնտեսության եւ գործարար միջավայրի խնդիրներին, ասաց, որ թեեւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների տվյալներով անցյալ տարի Հայաստանը բարձր հորիզոնականներ է զբաղեցրել, բայց դա մեզ չի բավարարում:

«Հեշտ չէ, անլուծելի էլ չէ: Հեշտ լիներ՝ վաղուց արված կլիներ: Բայց դե հեշտ գործերը ծույլերի համար են, որ մի քիչ անեն ու…»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նա նաեւ հավելեց, որ ինքն այն կարծիքին չէ, որ մեր դժվարությունների եւ խնդիրների մեղավորը միայն իշխանությունն է կամ ընդդիմությունը, կամ հարուստները, կամ չինովնիկները: «Այս երկիրը մերն է իր բոլոր զավակներով՝ ուժեղով, թույլով, իմաստունով, անհամբերով, ծերով, ջահելով… Մեր ապագայի համար պատասխանատվությունը բոլորինս է՝ ընդդիմությանը, իշխանությանը, ժողովրդինը: Հաղթանակն էլ բոլորինս է: Մեկի կորուստը բոլորինս է, մեկի երեխան բոլորիս հույսն է: Հայաստանը պարզապես հիմնարկ չէ, որից ակնկալիք ու պահանջ են ունենում, Հայաստանը մենք ենք, մեր ջերմությունը, մեր զավակները, այն, ինչը մենք կարող ենք թողնել մեր զավակներին»,- ասաց Սերժ Սարգսյանը, հավատով, որ ամեն նոր տարի ստեղծելու ենք ավելի լավ Հայաստան:

Նա վարդենիսցիներին կոչ արեց, որ յուրաքանչյուրն իր տեղում ավելացնի ջանքերը Հայաստանի հզորացման գործին, իսկ գործազուրկներին հորդորեց, որ հույսը չկորցնեն, այլ ավելի ամրապնդեն այն ուժը, որ անպայման աշխատանք են ունենալու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Բացարձակ,՝ կոմերտական առաջնորդի ելույթ է, միայն մի քանի ֆրազներ կրճատած,՝ մեր Լենինը,
    մեր կուսակցությունը, մեր Բրեժնևը: Խայ-տա-ռա-կութ-յուն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728