Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիվանդ էրեխուս նստացնելու եմ Սերժի շարասյան դեմը. խիղճ ունի, թող նայի աչքերի մեջ»

Փետրվար 13,2013 14:11

Տարիներով վաստակած աշխատավարձը ստանալու համար նախկին ոստիկանն ու նրա կինը պատրաստ են ծայրահեղ քայլերի գնալ:

Նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն արդեն մի քանի ամիս է՝ չի կարողանում պետական պահպանության վարչությունում իր արդար քրտինքով վաստակած տարիների աշխատավարձը ստանալ: Այսօր նախկին ոստիկանի ընտանիքն ապրում է սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում. նրա 5 անչափահաս երեխաները թեեւ ծնողների առջեւ ոչ մի պահանջ չեն դնում, սակայն, ինչպես Մխիթար Ալումյանն է ասում՝ ամաչում է երեխաների աչքերի մեջ նայել, քանի որ 11-ամյա դստեր՝ Կարինեի հիվանդության բուժման համար միջոց չունի, ու չնայած դստերն արդեն մի քանի անգամ վիրահատել են, հիմա միակ հույսը Աստված է: Ալումյանն ուզում է երեխային Երուսաղեմ ուխտի տանի, բայց դրա համար նա դեռ պիտի իր 10 հազար դրամ արտաժամյա աշխատանքի համար 6,5 միլիոն դրամ աշխատավարձը ստանա, ինչը, սակայն, պարբերաբար ձգձգում են, չեն տալիս՝ տարբեր պատճառաբանություններով: Սկզբում պետական պահպանության վարչությունից պնդում էին, որ գրանցամատյանները, որտեղ Ալումյանի աշխատանքային ժամերն են գրանցված եղել, կորել է, հետո հորդորել են դիմել դատարան, իսկ Ալումյանի մի շարք բողոքի ակցիաներից հետո՝ ինքնահրկիզման փորձ, անչափահաս երեխաների հետ նախագահականի եւ ոստիկանության գլխամասային շենքի դիմաց նստացույցեր, նրան խոստացել էին վճարել գումարները, բայց այդ խոստումներն էլ արդեն մի քանի ամիս է՝ «օդում կախված են»:

«Իմ կարծիքով՝ մեզ խաբում են, ցրում են, մի բան են խոստանում՝ մի ուրիշ բան անում: Ամեն անգամ մեզ հույսով են անում, հանգստացնում են մեզ, որ էլի չգնանք նախագահականի մոտ նստացույց անենք, բայց հենց գալիս է օրը, որ պիտի իրենց խոստումը կատարվի, էլի անհետ կորում են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Մխիթար Ալումյանի կինը՝ Շուշանիկ Նասիբովան: Վերջերս էլ ՀՀ նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ Հրազդան քաղաքում քարոզարշավի ընթացքում Ալումյանը մեծ աղմուկ է բարձրացրել, նախագահի թիկնազորն ու Հրազդանի ոստիկանները նրան թույլ չեն տվել մոտենալ նախագահին, սակայն նախկին ոստիկանի բղավոցներից հետո նրան մոտեցել է նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանն ու անձամբ խոստացել, որ խնդիրը կլուծվի, Ալումյանի պարտքն ու պահանջը կկատարեն: «Մխիթար ջան, քո բոլոր հարցերը լուծելու ենք, խոսք եմ տալիս, ամսի 2-ին կգաս նախագահական, ՀՔԾ-ի որոշումն ու մնացած բոլոր փաստաթղթերը կներկայացնեմ նախագահին, ու հարցը կլուծվի, թեման էլ կփակվի»,- նախկին ոստիկանին ասել էր Հովհաննես Հովսեփյանը, բայց երբ Ալումյանը փետրվարի 2-ին զանգահարել է պարոն Հովսեփյանի գրասենյակ, քարտուղարուհին վստահեցրել է, որ Հովհաննես Հովսեփյանը Սերժ Սարգսյանի հետ մեկնել է քարոզարշավի, ու հորդորել է մի քանի օրից զանգահարել: Մինչդեռ Ալումյանն այլեւս ժամանակ չուներ զանգահարելու, նա մեկնել է Հայաստանի սահմանները պաշտպանելու. պայմանագրային զինծառայող է արդեն 3 ամիս:

Ալումյանի տիկնոջ պատմելով՝ ամուսնու աշխատավարձի վճարման պահանջով պետք է դիմեին դատարան, սակայն նույնիսկ դա է անհասկանալի պատճառներով ձգձգվում: Մեզ հետ զրույցում Շուշանիկ Նասիբովան ասաց, որ փաստաբանը տեղեկացրել է պետական պահպանության վարչությանը, որ հայցն ուր որ է՝ դատարան են ներկայացնելու, սակայն վարչության պետ Ռոման Մկրտումյանը զանգահարել է փաստաբանին եւ հորդորել չդիմել դատարան, քանի որ Ալումյանի հետ պայմանավորվել են խնդիրը լուծել առանց դատական քաշքշուկների. «Բայց իմ ամուսնու հետ նման բան չեն պայմանավորվել, սա իրենց հերթական սուտն է: Հետո էլ ասել են՝ սպասեք մինչեւ փետրվարի 7-ը, սպասեցինք, ու էլի ոչ մի արձագանք: Երեկ էլ ես պետք է գնայի Հովհաննես Հովսեփյանի մոտ, զանգել էի նամակների բաժնի պետ տիկին Աիդային, բայց Աիդան էլ ասաց, որ իզուր չգնամ, Հովսեփյանն էլի քարոզարշավի է գնալու Սերժ Սարգսյանի հետ: Էրեխես օր օրի ուռում է, ձեռիցս գնում է, էդ մարդիկ սկի խիղճ չունե՞ն: Գոնե Աստծուց վախենան, մենք հո մուրացկանություն չենք անում, ամուսնուս աշխատավարձն ենք ուզում: Հովսեփյանը խոստացել էր նախագահին անձամբ զեկուցել մեր խնդիրը, բա ամեն օր հետն ա, չզեկուցե՞ց: Լավ, չե՞ն մտածում՝ էրեխա ա մեռնում: Եթե իրանք Աստծուն չեն հավատում ու Աստծուց չեն վախենում, մենք հավատում ենք, որ ուխտի տանենք, Աստված էրեխուս կյանքը կփրկի, բայց էդ էլ կախված ա էդ պաշտոնյաներից»:

Ուշագրավն այն է, որ վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ խոստացել է Մխիթար Ալումյանին, որ խնդիրը կլուծվի, ինչպես մեզ հետ զրույցում Ալումյանն էր պատմել՝ «Նախագահն ինձ ասաց, որ իմ աշխատավարձը իմ երեխաները պիտի վայելեն, ու հաստատ չի գնա կորի: Բայց, դե, եթե նախագահն է խոստանում ու չի կատարում իր խոստումը, բա էն մյուս պաշտոնյաներից էլ ի՞նչ պահանջեմ»:

Մխիթար Ալումյանի կինը՝ Շուշանիկ Նասիբովան էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ճիշտ է, ամուսինը ծառայության մեջ է եւ այս օրերին Իջեւանում է, բայց ինքն իր 5 անչափահաս երեխաների հետ պատրաստվում է գալ նախագահի նստավայրի մոտ. «Հիվանդ էրեխուս էլ բերելու եմ Սերժի շարասյան դեմը նստացնեմ, թող մի հատ նայի էրեխուս աչքերի մեջ, եթե կարանա, եթե խիղճ ունի»:

Հանուն արդարության հարկ է նշել, որ նախորդ տարի սեպտեմբերի 1-ին Ալումյանի 2 դպրոցահասակ երեխաները չէին կարողանում դպրոց գնալ հագուստ ու կոշիկ չունենալու պատճառով, սակայն նրանց օգնել է կրթության եւ գիտության նախարարը, իսկ Սերժ Սարգսյանն էլ Ալումյանի դստեր աչքերի վիրահատության համար գումարով օգնել է:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Ձեր հանճար Սերժը Հայնեից էր մեջբերում, թե գիրք վառողը մարդ էլ կվառի: Չգիտի, որ վառվողը գիրք կվառի: Հետաքրքիր է Հայնեի,,Էշերն ընտրողներ,, և ,,Արքա երկարականջ,, գործերին ծանոթ է, թե թեորեան կարևոր չէ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728