Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանին նոր չենք ճանաչում»

Փետրվար 13,2013 13:58

ՀՀԿ-ական պատգամավորը հավանական չի համարում, որ Հայրիկյանը պայմանավորվածությունների է գնացել

«Ես չեմ ցանկանում որեւէ մեկին թերագնահատել: Օրինակ՝ Հրանտ Բագրատյանը բավականին լավ տնտեսագետ է, ի վերջո՝ երկրի վարչապետ է եղել, հարգում ենք, գնահատում ենք, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ արտաքին գործերի նախարար է եղել, որոշակի արժեքների կրող, բայց թեկնածուներ կան, որոնք պարզապես ստվեր են գցում ոչ միայն կոնկրետ այս ընտրությունների, այլեւ ընդհանրապես նախագահական ինստիտուտի, Հայաստանի՝ որպես պետության եւ պետականության, վրա: Կարծում եմ՝ որոշ թեկնածուներ առավել կոռեկտ պետք է լինեին իրենց հայտարարություններում՝ լավ պատկերացնելով իրենց տեղը, դերը եւ կշիռը»,- «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով նախագահական ընտրությունների ընթացքին՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ Աֆղանստանի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը՝ չցանկանալով հստակեցնել, թե ում նկատի ունի: ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի, նրա ուղղությամբ հնչած կրակոցների եւ դրան հաջորդած արդեն Հայրիկյանի քաղաքական վարքագծին վերաբերող մեր հարցին էլ ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Պարույր Հայրիկյանը 80-ականներին մեզ համար մի լուսավոր կերպար էր, ով պայքարում էր Հայաստանի անկախության համար, տոտալիտար ռեժիմի դեմ: Հետո սկսվեց ղարաբաղյան շարժումը, Հայրիկյանն աքսորից վերադարձավ. մենք շատ ոգեւորված էինք՝ առաջին եռագույնը, ազատ-անկախ Հայաստան: Անկեղծ ասած, գնալով էդ ամենը փոխվեց: Չգիտեմ, բայց փոփոխականությունը պատիվ չի բերում նման ճանապարհ անցած, 17 տարի բանտերում եւ աքսորներում անցկացրած մարդուն: Ես չէի ցանկանա, որ ինքը նման իրավիճակների մեջ ընկներ»: Նկատեցինք, որ Հայրիկյանն իր որոշումը վերջին անգամ փոխեց ՀՀԿ թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ իրեն այցելելուց հետո, ինչը խոսակցությունների տեղիք տվեց, որ Սերժ Սարգսյանը պաշտոն է խոստացել Հայրիկյանին. Արմեն Մխիթարյանից հետաքրքրվեցինք՝ ինքը տեղյա՞կ է՝ ի՞նչ պաշտոն են խոստացել Պարույր Հայրիկյանին: «Ես առաջին անգամ եմ լսում ձեր ասածը, եւ դա հավանական էլ չեմ համարում: Հայրիկյանը լուրջ քաղաքական ճանապարհ է անցել, չեմ հավատում նման պայմանավորվածության: Մնացյալը Հայրիկյանի գործն է, իր խղճի գործն է»:

Ի դեպ, դեռ անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ Աֆղանստանի վետերանների միությունը հայտարարեց, որ նախագահական ընտրություններում սատարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Արմեն Մխիթարյանից հետաքրքրվեցինք՝ միայն այլընտրանքի բացակայությո՞ւնն էր նման որոշման պատճառը, քանի որ Սերժ Սարգսյանի իշխանության անցած հինգ տարիներին ՀՀ-ում սոցիալ-տնտեսական իրավիճակն էլ ավելի է վատթարացել, այդ թվում նաեւ պատերազմի մասնակից վետերանների. ի՞նչը պետք է ստիպեր մնալ գործող նախագահի կողքին: «Սերժ Սարգսյանին ճանաչում ենք դեռ 1980-ականների վերջից 90-ականների սկզբից, մեր միության տղաներից շատերը մասնակցել են նաեւ ղարաբաղյան պատերազմին, ապա՝ բանակաշինության գործին: Բազմաթիվ հրամանատարներ ենք ունեցել, հերոսներ: Մեր տղաներից շատերը աշխատել են ոստիկանության, ԱԱԾ համակարգերում: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը մեզ համար նոր ծանոթ չէ: Եվ պատերազմի դաշտում, այնուհետեւ խաղաղ պայմաններում, աշխատանքային գործընթացում լավ ենք ճանաչել նրան ու միշտ սատարել ենք»:

Խորհրդային Միության փլուզումից առաջ Աֆղանստանի պատերազմին մասնակից հայաստանցիներին հողատարածք էր հատկացվել՝ բնակարաններ կառուցելու համար, սակայն ԽՍՀՄ-ը փլուզվեց, եւ Երեւանի 8-րդ զանգվածի ու Ջրվեժի մեջտեղում գտնվող այդ հողատարածքի վրա այդպես էլ բնակարաններ չկառուցվեցին «աֆղանցիների» համար: Ավելին, տարբեր ժամանակներում կառավարության որոշումներով այդ հողատարածքի մի մասը վաճառվել էր տարբեր անձանց: Այժմ այդ հողատարածքներն անհատույց տրվել են միության մոտ 130 ընտանիքների, ու, Արմեն Մխիթարյանի հավաստմամբ, նման որոշում կայացնելու հարցում մեծ է Սերժ Սարգսյանի աջակցությունը: Պատերազմի մասնակիցների, վետերանների սոցիալական վիճակն այնքան էլ բարվոք չէ, նախկին ԽՍՀՄ երկրների հետ մերոնք չեն համեմատվում, բայց ըմբռնումով են մոտենում այդ ամենին, չեն ընկճվում, հույս ունեն, հավատում են, որ ամեն ինչ լավ է լինելու, քանի որ նախագահի հետ տարբեր քննարկումներում հասկացել են, որ բոլոր խնդիրները լուծում են ստանալու: Բացի այդ, տարբեր մասնավոր խնդիրների մասով մշտապես ստացել են Սերժ Սարգսյանի աջակցությունը: «Պետությունը կանի ամեն ինչ, որ պատերազմի մասնակիցը հպարտ քայլի Հայաստանում»,- վստահ է Արմեն Մխիթարյանը՝ առավել վստահ, որ պատերազմի վետերաններն այսօր բավականին մեծ գործ ունեն երիտասարդ սերնդին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու հարցում:

Մեր հարցին՝ ՀՀԿ-ական պատգամավորին չի՞ մտահոգում արտագաղթի ծավալները, քանի որ այն երիտասարդները, որոնց վետերանները պատրաստվում են դաստիարակել, գերադասում են օր առաջ հեռանալ Հայաստանից: «Դա հարց է, որը բոլորին է մտահոգում. պետությունը հարուստ է իր ժողովրդով, առավել եւս՝ Հայաստանը, որը մշտապես, այսօր էլ տարածաշրջանային զարգացումների կենտրոնում է եղել: Մեր քաղաքական ուժերը, գործիչները, ժողովուրդը պետք է հասկանան, որ սա էլ մի ուրիշ պատերազմ է, եւ մենք ներսից չպետք է քայքայենք մեր երկիրը: Մարդիկ կան՝ ուրախանում են արտագաղթով՝ տեսե՜ք-տեսե՜ք, էս ինչքան են արտագաղթում: Յուրաքանչյուրս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք արտագաղթի դեմն առնել»: Հարցին՝ դրա առաջին պատասխանատուն ՀՀԿ-ն է, որի իշխանության հինգ տարիներին արտագաղթը մեծացավ. ո՞ւմ վրա եք մեղքը բարդում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Մեղքը չեմ բարդում: Արտագաղթը միշտ էլ եղել է. եթե 1960-80-ականներին էլ սահմանները բացվեին՝ արտագաղթ կլիներ: Այն ժամանակ էլ մարդիկ տարբեր քայլերի էին դիմում՝ արտասահման մեկնելու, արտասահմանում բնակվելու համար: ՌԴ-ն էլ արտագաղթի համար պարարտ հող է ստեղծում, եւ մեր արտաքին քաղաքական ոլորտում այդ հարցերը պետք է խիստ դրվեն: 2008-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն էլ նպաստեց, դատաիրավական համակարգի թերի լինելը, բայց շատ բաներ արվում են, հիմքը դրվել է, ու պետք է հնարավորություն տալ՝ շարունակելու: Մենք շատ բարդություններ ենք հաղթահարել, բայց հոգեպես ուժեղ ենք եղել, ու բոլորս պետք է մտահոգվենք այս առիթով: Պետք չէ գցել միայն իշխող կուսակցության վրա: Լավ է, որ ընդդիմությունը ցավոտ հարցերը բարձրաձայնում է, բայց շահարկումներն առավել քաղաքական եւ պոպուլիստական են: Տարիներ առաջ ընդդիմությունը բոյկոտում էր խորհրդարանի աշխատանքները եւ չէր գալիս ԱԺ: Ինձ համար ցավալի էր դա, որովհետեւ որ նախարարությունն ինչ գերատեսչական շահ ուներ՝ օրենք էր գրում եւ անցկացնում: Ու արդյունքները շատ վատ դուրս եկան: Ընդդիմությունը պետք է, բայց լավ կլիներ, որ ցավոտ հարցերին իրենք անդրադառնային քաղաքական, մասնագիտական առումներով, ոչ թե պոպուլիստական ոճով»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, փետրվարի 15-ին լրանում է Աֆղանստանից խորհրդային բանակի դուրսբերման 24-ամյակը: Ամեն տարի այդ օրը նշվում է նախկին ԽՍՀՄ տարածքի պետություններում: ՀՀ Աֆղանստանի վետերանների միության անդամներն այս տարի եւս կայցելեն «Հաղթանակ» զբոսայգու հուշարձան, ծաղիկներ կդնեն, հետո նաեւ ճաշկերույթ կլինի:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728