Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին

Փետրվար 13,2013 13:51

Հայ հասարակությունը հերթական անգամ նախապատրաստվում է նախագահական ընտրություններին: Նախընտրական գործընթացներն ընթանում են իրենց բնականոն հունով, բացակայում է միայն մի կարևոր կոմպոնենտ՝ քաղաքացիական ակտիվությունը:Քաղաքացու իրավագիտակցության ցածր մակարդակը թույլ չի տալիս նրան լիարժեք իրականացնել իր ընտրական սահմանադրական իրավունքը: Մյուս կողմից՝ քաղաքացիական հասարակության ակտիվ օղակները, գտնվելով սաղմնային փուլում, ի վիճակի չեն ակտիվություն հաղորդել քաղաքացուն և լրացնել պակասը: Արդյունքում հանրության մեջ առաջանում է իրավական անպաշտպանվածության զգացողություն՝ դրանից բխող բացասական հետևանքներով: Ծնվում են կասկածներ ընտրությունների անցկացման օրինականության և ընտրված առաջնորդի լեգիտիմության վերաբերյալ, որոնք էլ իրենց հերթին թույլ չեն տալիս առաջնորդին լիարժեք իրականացնել իր պոտենցիալ հնարավորությունները: Ո՞րն է խնդրի պատճառը. ժողովրդավարական պետության հիմքը մարդու իրավունքների լիարժեք ապահովումն ու օրենքի գերակայությունն է։Մեր երկրում մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը ապահովված չէ: Չունենք արդար և արդյունավետ դատաիրավական համակարգ: Առկա է տնտեսական մենաշնորհը, որի հետևանքով բիզնեսը սերտաճել է իշխանության հետ, հասարակության բևեռացումը մեծ չափերի է հասել, դրական արժեքները փոշիանում են, փոխարենը մեծ տարածում են գտել կաստային էլեմենտները: Մարդ-մարդ հարաբերությունները փոխկապակցված են միայն փողով և կաստային էլեմենտներով, կրթական համակարգը սոսկալի վիճակում է հայտնվել: Սրանք են այն հիմնախնդիրները, որոնք պատճառ են դառնում քաղաքացու պասիվության, հավատի բացակայության և անվստահության: ՀՀ կառավարության իրականացրած կիսատ-պռատ ծրագրերը մեզ հայտնում են բյուջեի աղքատիկ հնարավորությունների մասին: Սակայն երկրի օլիգարխիկ վերնախավի նիստուկացից ու թագավորական պալատներից ակնհայտորեն երևում է, որ գործ ունենք ոչ այնքան աղքատ պետության բյուջեի հետ: Հարց է առաջանում, ինչո՞ւ է այդպես և ուր են մեր ազգային հարստությունները փոշիանում: Ինչո՞ւ ղեկավարները, առաջին հերթին նախագահը այս հարցերը չեն բարձրացնում: Երիցս ճիշտ էր Աբրահամ Լինկոլնը, երբ ասում էր, որ եթե ճշմարտությունն ասենք ժողովրդին, երկիրը կփրկենք:

Ներքի խնդիրներով հանդերձ՝ Հայաստանը խոցելի է նաև արտաքին աշխարհում: Այդ իսկ պատճառով մեր արտաքին քաղաքականությունն էլ չունի նախաձեռնող բնույթ, իսկ արտաքին քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումից այլ առաջնահերթություններ չկան: Ավելին, ԼՂՀ-ն այսօր նույնիսկ բանակցություններին լիարժեք մասնակից չէ, այս պահին նույնիսկ ԼՂՀ-ն չունի արտգործնախարար:

Սիրելի հայրենակիցներ. մենք այսօր կանգնած ենք մեր պապերից ժառանգած հայրենիքը հզորացնելու և ժողովրդավարական ուղիով այն զարգացնելու կարևոր խնդրի առջև և պարտավոր ենք այն իրականացնել արժանապատվորեն: Հիշեք, լավատես մարդը միայն կարող է հավատալ իր ուժերին ու առաջ գնալ: Վատատեսը ունակ չի դժվարությունները հաղթահարել: Պետք է համարձակություն ունենանք և խոստովանենք ինքներս մեզ մեր թերությունները, չփախչենք պրոբլեմից և լուծենք այն ազգովի, լավ հասկանալով, որ ոչ ոք մեր փոխարեն դրանք չի լուծելու:

Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիան կոչ է անում լինել լավատես, ակտիվ և զգոն, ոչ մի դեպքում ընտրական իրավունքը չզոհաբերել հանուն ինչ որ սին գաղափարների:

Հիշե′ք, ընտրական գործընթացը սոսկ որևէ թեկնածուի օգտին քվեարկելու գործողություն չի միայն, այլ նաև այդ անձի և քաղաքական գործչի նկատմամբ հավատի և վստահության ձևավորման գործընթաց։ Աստված մեզ պահապան:

Խաչատուր ՄԱՐՈԶՅԱՆ

Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728