ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարեց, որ նախագահական ընտրությունները պետք է ճանաչել անօրինական և ոչ իրավաչափ և որ նա չի մասնակցելու ընտրությանը. « Փետրվարի 18-ին ես չեմ մասնակցելու քվեարկությանը: Ես հրաժարվում եմ ընտրությանը մասնակցելու իմ իրավունքից, բայց սա չի նշանակում, որ ես կոչ եմ անում մարդկանց չմասնակցելու ընտրությանը»:
Ըստ Մելիքյանի, եթե թեկնածուների մեջ կան մարդիկ, ովքեր հորդորում են մասնակցել և ինչու չէ նաև անվավեր դարձնել ընտրաթերթիկը, ապա նա կարծում է, որ այդ վարքաձևն անպտուղ է և կնպաստի ընտրակեղծիքի գործընթացին: «Ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն, որպեսզի իրենց ընտրաթերթիկն անվավեր ճանաչվի, ապա իրենք կարող են հանգիստ խղճով իմ անվան դիմաց նշում կատարեն, ձայնը տալով ոչ թե Արման Մելիքյան թեկնածուին, այլ իմ այն հռչակմանը, որ այս ընտրությունները կեղծ են»:
Լրագրողների այն հարցին, որ եթե հասարակության 81 տոկոսը այդ գաղափարով առաջնորդվի և իր ձայնը տա, որի արդյունքում Դուք կընտրվեք ՀՀ նախագահ, այդժամ նույնպես կընդունե՞ք, որ ընտրությունները կեղծ էին, պրն. Մելիքյանը պատասխանեց. «Այդ ընտրողները չեն քվեարկելու իմ օգտին, որպեսզի ես դառնամ ՀՀ նախագահ, այլ նրանք իրենց ընտրությամբ կմերժեն այս ընտրությունները»: Արման Մելիքյանը նշում է, որ ընտրողների ընդհանուր թիվը ՀՀ-ում կազմում է մոտ 1 մլն 250-300 հազար, բայց քվեարկությանը մասնակցում է 1 մլն 600 հազար մարդ, ինչպես եղավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: «Ընտրատեղամասերում այս կարգի ընտրակեղծարարություն բռնելը գրեթե անհնար է: Եթե դա լիներ 10 հազար քվեի տարբերություն, անգամ՝ 50 հազար քվեի տարբերություն, անգամ այդ պարագայում կարելի էր աչք փակել, բայց 100 հազարավոր քվեներ հավելագրվում են, և դրա վրա աչք փակելը ինքնախաբեություն կլինի»:
Նա այսօր պատրաստվում է այցելել հացադուլի մեջ գտնվող նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին և իր հայտարարության մասին անձամբ փոխանցել նրան, իսկ մյուս թեկնածուները կարող են տեղեկանալ ԶԼՄ-ներից:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ