Մրցույթն ամփոփում է դպրոցական փուլի արդյունքները
«Ուրբաթ» ակումբում այսօր ամփոփվեցին ԿԳՆ-ի, մշակույթի նախարարության, «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ կազմակերպված եւ Dasaran.am-ի, «Գրանիշ» գրական ակումբի, Խնկոր- Ապոր անվան գրադարանի, ՀԳՄ աջակցությամբ իրականացված «Ընթերցման օլիմպիադայի» դպրոցական փուլի արդյունքները:
«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ մրցույթի նպատակն է` դպրոցականների շրջանում հետաքրքրություն առաջացնել ընթերցանության եւ գրքի հանդեպ. «Օլիմպիադայի նախատիպը եղել է ետպատերազմյան Գերմանիայում, որտեղ ընթերցանության խթանման շնորհիվ զարգացում է ապրել բնակչության կենսամակարդակը: Մեզանում մրցույթն աննախադեպ արդյունքներ գրանցեց. ընդհանուր առմամբ` մասնակցել է շուրջ 560 դպրոցի 4918 աշակերտ, իսկ դպրոցական փուլի հաղթողները 387-ն են, որոնք կմասնակցեն մարզային փուլին: Դպրոցական փուլի հաղթողները կստանան ապահովագրում դժբախտ պատահարներից, հանրապետական փուլի հաղթողները` համակարգչային դասարաններ: Մարզային փուլը մեկնարկում է այսօր»:
Նիկողոսյանի խոսքով. «Ընթերցանության հանդեպ հետաքրքրությունն արդեն իսկ ապահովված է, բայց մտադիր չենք սրանով սահմանափակվել: Facebook-ում գործում է «Գրքեր, որ պետք է կարդալ» էջը, որն առաջարկում է ընթերցել Հայաստանում լույս տեսնող լավագույն գրքերը»: Dasaran.am-ի տնօրեն Արթուր Բաբայանը փաստեց, որ պլատֆորմը տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով մրցույթին մասնակցելու հնարավորությունը հասանելի է դարձրել հանրապետության բոլոր դպրոցների համար»:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Ընթերցման օլիմպիադային» զուգահեռ անցկացվում են առարկայական օլիմպիադաներ. «Երեխաները խրախուսվում են եւ մասնակցում միջազգային օլիմպիադաների: Արդեն իսկ նվաճել ենք 14 մեդալ»: Տիկին Հովհաննիսյանի խոսքով. «Անհանգստացնում է այն հանգամանքը, որ երեխաները քիչ են կարդում, բայց «Ընթերցման օլիմպիադան» կօգնի լուծել այդ խնդիրը: Այսօր շատ գրադարաններ ունեն դեռեւս ԽՍՀՄ տարիներին ստացված գրքեր, բայց ավագ դպրոցներն արդեն իսկ ստացել են հարուստ գրադարաններ: Ընդհանրապես, գրադարանի ակտիվությունը դպրոցից է կախված. կան դպրոցական գրադարաններ, որոնք մշտապես ակտիվ աշխատում են, իսկ մի մասը ետ է մնում: Գոյություն ունի գրադարանավարի մեկ հաստիք, հետեւաբար` գրադարանավարուհու անմիջական գործառույթն է` ակտիվացնել գրադարանային կյանքը»:
Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը նշեց, որ նախարարությունը պատրաստ է աջակցել ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը խթանող ծրագրերին. «Մենք անցկացնում ենք ընթերցանության բաց դասեր եւ ընթերցանության ժամեր, գիրք նվիրելու օր, «Մուտքը` գրքով» ծրագիրը` նպատակ ունենալով գիրքը դարձնել պահի եւ օրվա հերոս»: Տիկին Գեղամյանի փոխանցմամբ` այս տարվանից մշակույթի նախարարությունը սկսում է «Դպրոցական գրադարան» մատենաշարի հրատարակությունը, որն ընդհատվել էր տեւական ժամանակ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Օգտավետ ու հետաքրքիր կայք է…