Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավեճը «ստացվեց»

Փետրվար 13,2013 13:39

Արդեն ակնհայտ է, որ այս նախագահական ընտրություններում թեկնածուների միջեւ որեւէ ձեւաչափով հեռուստաբանավեճ չի լինելու: Թեկնածուների մեծ մասի փաստարկն այն է, որ նրանք պատրաստ են բանավիճել միայն Սերժ Սարգսյանի հետ, վերջինս էլ հնարավորություն ունի խուսափելու բանավեճից՝ ասելով, որ չի կարող վեց թեկնածուներից առանձնացնել որեւէ մեկին եւ բանավիճել հենց նրա հետ: Ի դեպ, գործող նախագահն իր պաշտոնավարման ընթացքում ոչ մի «դասական» ասուլիս չի տվել՝ դա նույնպես պահանջարկ վայելող ձեւաչափ է:

Երբ լրատվամիջոցները, հ/կ-ները կամ ակումբները առաջարկում են երկու թեկնածուներին գալ բանավեճի, նրանք, բացի նախագահի հետ բանավիճելու ցանկությունից, ներկայացնում են եւս մի փաստարկ՝ նա ո՞վ դառավ, որ ես նրա հետ բանավիճեմ, նա իմ տրամաչափի մարդ չէ: Մեծամտությունն ընդհանրապես ոչ մեկին չի զարդարում, սակայն նախագահի թեկնածուների պարագայում դառնում է երկսայր զենք. եթե դու դիմացինիդ ասում ես՝ «նա ո՞վ դառավ», ապա շատ բնական է, որ քարոզարշավի ընթացքում նման գնահատականի արժանացած մրցակիցդ նույն ոգով կպատասխանի՝ «բա դո՞ւ ով ես», եւ կստացվի մոտավորապես Պանիկովսկու եւ Բալագանովի երկխոսությունը («Գնացեք Կիեւ եւ հարցրեք»)՝ միայն թե հեռակա տարբերակով: Մենք էլ՝ լրագրողներս, բնականաբար, ամեն ինչ անում ենք, որպեսզի մեկի արհամարհական, վիրավորական խոսքը հասնի մյուսին, եւ որ այդ բառային փոխհրաձգությունը մշտապես թեժ մնա: Իսկ թեկնածուներն այդքան խոհեմություն կամ փորձ չունեն, որպեսզի ի պատասխան մեր փոքրիկ սադրանքների՝ պատասխանեն՝ «սա իմ հարգարժան գործընկերոջ տեսակետն է, իսկ մենք բոլորս պայքարում ենք հանուն ժողովրդավարության, տեսակետների ազատ արտահայտման» եւ այլն:

Բայց քանի որ հիշյալ խոհեմությունն ու փորձը չկան, ստացվում է բանավեճ, թեկուզեւ հեռակա, ոչ թե ծրագրերի եւ գաղափարների շուրջ, այլ անձնական լեզվակռիվ՝ սեփական արժանիքների եւ հայրենիքին մատուցած նախկին ծառայությունների վերաբերյալ՝ «բա դու ո՞ւր էիր, երբ ես…»: Նման վիճաբանությունն ունի երկու բացասական հետեւանք: Նախ՝ վեց թեկնածուները, մոռանալով, որ իրենց գլխավոր թիրախը գործող նախագահն է (եթե դա իսկապես այդպես է), սկսում են հարվածել իրար, եւ արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ նրանք իրոք պայքարում են երկրորդ կամ երրորդ տեղի համար: Բայց կա նաեւ ավելի հեռուն գնացող՝ «մշակութային» հետեւանք: «Նա ո՞վ դառավ» ինքնասիրահարված կարգախոսը հաշվի չի առնում այն պարզ հանգամանքը, որ այս աշխարհում չկա մի մարդ, որը բոլոր առումներով, բոլոր տեսանկյուններից գերազանցում է մեկ այլ մարդու: Մենք բոլորս կարող ենք իրարից ինչ-որ բան սովորել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կներեք, բայց Ձեր այս հոդվածի վերջին նախադասության հետ համամիտ չեմ: Ինչպե՞ս կարող էր,՝
    Օհան Դուրյանը, իսկ այս օրերին,՝ Շառլ Ազնավուրը, Երվանդ Մանարյանը, Արամ Աբրահամյանը,
    Աննա Իսրայելյանը, Հրանուշ Խառատյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Տիգրան
    Խզմալյանը և շատ շատերը, ինչոր բան սովորեին,՝ Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, Հովիկ
    Աբրահամյանից, Արթուր Բաղդասարյանից, Հեղինե Բիշարյանից, Վարդան Այվազյանից, Գալուստ
    Սահակյանից և տասնակի անգամ շատերից: Կամ վերջիններս,՝ նախորդ անձերից ինչոր բան սովորեր: Բացառվում է, քանի որ իմ խորը համոզմունքով այս երկու խմբերը գենետիկորեն տարբեր
    մարդիք են,՝ հակադիր պատկերացումներով կյանքի ցանկացած բնագավառում, և յուրաքանչյուր
    խումբ ունի իրեն բնորոշ ընկալումը,՝ լավի-վատի, ճշտի-սխալի, բարու-չարի, անկեղծի-կեղծի և այլն:

    • Suren says:

      Շատ հետաքրքիր է ինչու հենց վերջին նախադասության հետ համամիտ չեք: Իսկ միգուցե կարդաք նախավերջին նախադասության հետ միասին?

  2. Gibindus says:

    Պուշկինն էլ ինչ որ բան սովորեց Դանթեսից`լավ կրակել: Բայց ափսոս, չհասցրեց կիրառել: Նախագահության թեկնածուների բանավեճը իրարից բան սովորելու տեղ չէ: Նորմալ երկրներում այն նման է մենամարտի, այն էլ “մահացու” վերջաբանով: Հայաստանի պայմաններում կարելի է թեկնածուների գյուլաշ կազմակերպել: Իրարից “պրյոմ” թող սովորեն`սա հնարավոր է:Սրանցից ով էլ դառնա նախագահ`մեկ է, մոտակա տաս տարում ոչ մի լավ բան չի լինի: Չնայած, համոզված եմ, Սերժիկ-էպոսագետ բանավեճը շատ ուրախ խեղկատակություն կլիներ: Մենք հազիվ դրան էլ արժանի ենք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728